Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն, կուսակցութեան 130-ամեակի առթիւ, համաներում է յայտարարել, շարքերից հեռացւած կամ հրաժարւած նախկին բոլոր դաշնակցականների նկատմամբ, որը համայնքի լայն շրջանակների մօտ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել և այլևայլ մեկնաբանութիւնների տեղիք տւել:
Աշխարհի բոլոր կրօնները, պետութիւները, զանազան հաստատութիւներն ու կազմակերպութիւններն, իրենց անկարգ հետևողների, քաղաքացիների և անդամների նկատմամբ մշակել են մի շարք կարգապահական և պատժական օրէնքներ, որոնք կիրառւում են ոչ թէ վրէժի կամ անցանկալիների հետ հաշւէյարդար տեսնելու՝ այլ շեղ ճանապարհ գնացողներին սաստելու ու կարգի հրաւիրել համար և միևնոյն ժամանակ կարգի եկողների նկատմամբ էլ կիրառւել են ներման սկզբունքներ ու օրէնքներ:
Կազմակերպութիւնները, կրօնական, պետական, քաղաքական, տնտեսական և այլն, իրենց գոյութիւնը պահում և յաջողութիւնների են հասնում եթէ իրենց վարչական կառոյցում տիրում է կատարեալ կարգապահութիւն, որը ոչ այլ ինչ է եթէ ոչ, ենթարկւելու և ենթարկելու գիտակցութիւն ու կարողականութիւն:
Դաշնակցութիւնն էլ որպէս մի կուռ կազմակերպութիւն, իր 130-ամեայ գոյութիւնը պահել ու պահպանել է իր կանոնագրով նախատեսւած ամուր կարգապահութեան շնորհիւ որին անվերապահօրէն և գիտակցօրէն ենթարկւել են կուսակցութեան բոլոր անդամները: Դաշնակցութեան կանոնագիրը որին հաւատարիմ մնալու ուխտ են կատարել բոլոր դաշնակցականները, իր կարգապահական գլխում նկատի է առել տասը հակակարգապահան արարքներ որոնց համար նաև նախատեսւած են համապատասխան պատիժներ, որոնք տնօրինւում են ենթականերին պաշտպանւելու հնարաւորութիւն տալուց յետոյ միայն, ըստ կանոնագրի պատժի նկատմամբ կարելի է բողոքել և վերանայութեան առաջակ ներկայացնել աւելի գերադաս մարմնի, որն ևս իր հերթին, շատ յաճախ տնօրինւած պատիժը բեկանում կամ մեղմացնում է:
Վերոնշեալ կանոնագրային պատժական տնօրինումներից, բեկանումներից ու մեղմացումներից զատ, ՀՅԴ Բիւրոն իրաւասութիւն ունի ժամանակ առ ժամանակ և զանազան առիթներով, համաներման յայտարարութիւն հրատարակել, որի մէջ ոչ մի արտառոց խնդիր չկայ և չգիտեմ թէ ինչու են ոմանք փորձում անախորժ բացատրութիւններ տալ, այս ներողամտութեամբ առ լեցուն համաներմանը:
Դժբախտաբար վերջին մի քանի տարիների ընթացքին, շարքերից հեռացւածներից մի քանիսը, իմ տարիների սրտակից ընկերներն են եղել, որոնց հետ մէջք մէջքի տւած աշխատել ու պայքար ենք մղել հայ դատի աշխատանքների ուղղութեամբ, որոնց շարքերից հեռացման լուրը ինձ խորը վիշտ պատճառեց: Արդ որպես կուսակցական ցէնզով և տարիքով, դաշնակցութեան երէցներից մէկը, ինձ իրաւունք եմ տալիս կոչ անելու բոլոր հեռացւածներին ու հրաժարւածներին, ի մասնաւորի իմ ազիզ սրտակից ընկերներին, առանց այլազան մեկնաբանութիւնների, ընդառաջելով Բիւրոյի համաներման յայտարարութեանը, այն էլ առանց զղջումնագրի, վերադառնան իրենց շատ սիրեցեալ կուսակցութեան գիրկը, ոչ թէ կուսակցութեանը ընկրկումից փրկելու, ինչպէս ոմանք բարբաջում են, այլ իրենց վաստակը մեծացնելու և ի դերև չանելու համար:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր-Ջուղա
11-9-2020թ.