կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 13:34
Հասարակություն

Ավագանին կորոշի մարտիմեկյան զոհերի ու հայ ականավոր գործիչների հուշակոթողների հարցը

Ավագանին կորոշի մարտիմեկյան զոհերի ու հայ ականավոր գործիչների հուշակոթողների հարցը

Սեպտեմբերի 8-ին կգումարվի Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի  օրակարգում ընդգրկված է 16 հարց։

Երևանի փոխքաղաքապետի ընտրության հարցը թերևս օրակարգի կարեւոր հարցերից մեկն է. առաջադրված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Սերգեյ Ներսիսյանի թեկնածությունը։

Մի քանի կարեւոր հարցերի թվում Երեւան քաղաքի գործադիր մարմինը կորոշի երկու մշակութային հարց։ Մեկը Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով շրջապատված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու հարցն է, մյուսը՝ «Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հարցը։

Ավագանուն առաջարկվում է համաձայնություն տալ Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցում, որն ավարտվում է Ս. Փարաջանովի թանգարանով, հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրել։ Նման առաջարկով հանդես են եկել , Իսրայելյան հ.37 շենքի բնակիչները՝ շեշտելով, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները:

Հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Հուշակոթողի վրա կլինեն հետևյալ գործիչների անուն-ազգանունները՝
1. Ելենա Արարատովա - ՀՀ ժողովրդական արտիստ
2. Սվետլանա Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
3. Ալեքսանդր Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
4. Վահրամ Եղշատյան - ՀՀ ժողովրդական արտիստ
5. Ազատ-Մարիամ Զուլումյան - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
6. Վաղարշակ Էլիբեկյան - Վրաստանի ժողովրդական նկարիչ
7. Լևոն Թուխիկյան - ՀՀ ժողովրդական արտիստ
8. Վանուշ Խանամիրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
9. Մայիս Կարագյոզյան - ՀՀ վաստակավոր արտիստ
10. Անժիկ Հակոբյան - ՀՀ վաստակավոր ժուռնալիստ
11. Ռուբեն Հովսեփյան - ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
12. Վարդան Հովսեփյան - ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ
13. Նար Հովհաննիսյան- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
14. Մելինե Համամջյան - ՀՀ ժողովրդական արտիստ
15. Էդուարդ Ղազարյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
16. Ֆրունզե Մկրտչյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 
17. Աշոտ Մելքոնյան - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
18. Վերջալույս Միրիջանյան - ՀՀ վաստակավոր արտիստ
19. Ալբերտ Յավուրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
20. Արա Շիրազ - ՀՀ ժողովրդական նկարիչ
21. Սոս Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
22. Գուսան Շահեն Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
23. Ալբերտ Սարգսյան - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
24. Սուրեն Սաֆարյան - ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
25. Վարուժան Վարդանյան - ՀՀ վաստակավոր նկարիչ
26. Ալեքսանդր Պետրոսյան - ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային։ 

Ըստ Երևանի ավագանու անդամների տրամադրությունների՝ ամենայն հավանականությամբ, ավագանին դրական է արձագանքելու հուշակոթողների տեղադրման հարցին։