Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսանկարը՝ 1920 թուական, Պոսթըն, Հայ Կարմիր Խաչի պատգամաւորական ժողով
«Ուէսթ Փուլմընէն հայուհիներու Դաշնակցական համակիր խումբ մը մեզի դիմած ու փափաք յայտնած է որ զիրենք իբրեւ Կոմիտէ մը ճանչնանք։ Այս ինքնին շատ ոգեւորիչ եւ ուրախառիթ է։ Մենք բաղձանք կը յայտնենք ու կը թելադրենք որ ուրիշ Կոմիտէներ ալ ջանան դաշնակցական համակիր Հայուհիներու Խումբեր կազմակերպելու գործին աւելի մեծ ուժ եւ մղում տալ։ Ուէսթ Փուլմընի Հայուհիներու Խումբը ինքզինք անուանած է անմահ Սերոբի կնոջ ՍՕՍի-ի անունով»։
Երբ թերթում ենք պատմութեան էջերը, ակնյայտ է դառնում, որ հայ կինը բոլոր ժամանակներում ունեցել է իր վճռական դերը՝ ամրապնդելով ու պահելով մեր պետութեան հիմնասիւները իր գերազանց առաքինութեամբ, ընտանիքին, ազգին ու հայրենիքին անսահման նուիրումով։
Պատմութեան ընթացքում հայ կինը անմասն չի մնացել հասարակական-քաղաքական կեանքից, իսկ պայմանաւորուած ռազմաքաղաքական հանգամանքներով, տղամարդկանց ուժերը համալրելու նպատակով, նրանք ակտիւօրէն մասնակցել են նաև ինքնապաշտպանութեան գործին:
Բոլորիս յայտնի է, որ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը առաջին պետութիւններից էր աշխարհում, որ կարևորելով շեշտադրեց կանանց դերը հասարակական-քաղաքական կեանքում՝ կանանց տալով ընտրելու և ընտրուելու իրաւունք: Առաջին Հանրապետութեան Ազգային Ժողովում պատգամաւորների 8%-ը եղան կանայք: Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը առաջինը եղաւ նաև համաշխարհային դիւանագիտութեան պատմութեան մեջ, որ արձանագրեց աննախադէպ փաստ թէ Արևելքի, և թէ Արևմուտքի համար, հայ կնոջը՝ Տիանա Աբգարին, նշանակելով Ճաբոնիայում Հայաստանի դեսպան։
Կնոջ դերի հաստատումը հասարակական-քաղաքական կեանքում շատերի, այդ թւում և պետութիւնների համար գուցէ անսովոր էր, աննախադէպ, և կամ նոր տրամադրութիւն ու քայլ, բայց այն ոչ անսովոր և ոչ էլ աննախադէպ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, որն իր ծնունդից արդէն կողքին իր հետ հաւասար իրաւունքներով ունէր կանանց խմբեր, ապա և կանանց կոմիտէներ։ Մինչ աշխարհը սկսում էր խօսել կանանց դերի մասին, դաշնակցական կանայք՝ վաղուց արդէն հայ իրականութեան մեջ հաստատել էին իրենց դերը նաև հէնց որպէս հասարակական-քաղաքական գործիչներ։ Դաշնակցութիւնը Հայոց պատմութեան էջերում պատիւով արձանագրեց Սրբուհի Եանըգեաններ, Սօսէ Մայրիկներ, Ռուբինա Օհանջանեաններ, Զարուհի Մեղաւորեան-Սաղեաններ, Սաթօ Յակոբեաններ՝ «Դաշնակցական Սաթօ»-ներ և շատ ու շատ կանանց անուններ Հայաստանից մինչև հեռաւոր Ամերիկա ու Գանատա։
Ահաւասիկ, արխիւի էջերում կարդում ենք Հիւսիսային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի 1903 թուակիր թիւ 20 շրջաբերականը, ուր հաղորդում է, որ․ «Ուէսթ Փուլմընէն հայուհիներու Դաշնակցական համակիր խումբ մը մեզի դիմած ու փափաք յայտնած է որ զիրենք իբրեւ Կոմիտէ մը ճանչնանք։ Այս ինքնին շատ ոգեւորիչ եւ ուրախառիթ է։ Մենք բաղձանք կը յայտնենք ու կը թելադրենք որ ուրիշ Կոմիտէներ ալ ջանան դաշնակցական համակիր Հայուհիներու Խումբեր կազմակերպելու գործին աւելի մեծ ուժ եւ մղում տալ։ Ուէսթ Փուլմընի Հայուհիներու Խումբը ինքզինք անուանած է անմահ Սերոբի կնոջ ՍՕՍի-ի անունով»։
Այս մասին 1904թ-ին Դրօշակը գրում է, յեղափոխական գիտակցութեան տարածում նոր թափի մասին, որ «նոր փուլի մը մէջ կը մտնէ այս անգամ՝ շնորհիւ իգական սեռի գործակցութեան։ Կ’արժէ արձանագրել հոս դաշնակցական տիկիններու նորակազմ կոմիտէները, որոնք իրարու յաջորդեցին Ուէսթ Փուլմընէն մինչեւ Նիւ—Եօրք, Ֆիլատելֆիա ու Ուօթըրթաուն եւ որոնց կը պատրաստուին հետեւելու – ինչպէս կ’իմանանք – ուրիշ քաղաքներու հայուհիներ եւս»։
Ապա 1904 թուականի Ամերիկայի շրջանի 10-րդ պատգամաւորական ժողովին, ուր Գանատայից մէկական ձայնով մասնակցել են ՀՅԴ Համիլթընի եւ Պրէնտֆըրտի կոմիտէները, Կեդրոնական Կոմիտէի տեղեկագրից տեղեկանում ենք, որ կանանց կոմիտէներ են եղել նաև Թրոյի և Պոստոնի մէջ, տեղեկագիրը կանանց կոմիտէների համար գրում է․ «կոմիտէներուն տարած անշխատանքներուն համազօր գործունէութիւն ցուցաբերած են»։
Իրականում այլ կերպ չէր էլ կարող լինել, յատկապէս որևէ դաշնակցականի յայտնի է, որ հայ յեղափոխական կնոջ նշանաբանն է եղել «Ամէն ինչ հայութեան եւ անոր փրկութեան համար»։ Նրանք հայ ժողովրդի ազատութեան, ապագայի հանդէպ լուսաւոր տեսլականի հաւատքով ու համոզումով քայլեցին առաջ՝ յանուն որի տալով գերմարդկային ճիգ ու ջանք, յաճախ նաև իրենց կեանքը։
Ի դէպ, այս պատգամաւորական ժողովին է արծարծւում «Կարմիր Խաչ»-ի (յետագայում մերօրյայ ՀՕՄ-ի) գաղափարը, որը յետոյ իրագործուեց ու դարձաւ հայ իրականութեան մէջ բացառիկ համահայկական բարեսիրական միութիւն։ Հայի ու հայրենիքի հանդէպ իր գորովանքով ու գուրգուրանքով, հիացնող նուիրումով հայ մօր, կնոջ այս միութիւնը արդէն դար աւելի ծառայում է հայ ժողովրդի նիւթական, սոցիալական ու մշակութային կարիքներին, երբեք նաև անմասն չմնալով միջազգային զարգացումներին ի շահ հայ ժողովրդի իր առանձնայատուկ դերակատարութեամբ:
Հայ կինը եղաւ և մնաց մեր երկրի ու ժողովրդի անխորտակելի սիւնը։
ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆ