կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-16 18:12
Տնտեսական

«Միքայէլեան» մսամթերքի եւ երշիկեղէնի ընկերութիւնը գրանցւել է որպէս Իրանի «Ազգային բրենդ»

«Միքայէլեան» մսամթերքի եւ երշիկեղէնի ընկերութիւնը գրանցւել է որպէս Իրանի «Ազգային բրենդ»

Իրանի արդիւնաբերութեան զանազան ոլորտներում իրանահայ համայնքը եղել է առաջատարներից եւ յաճախ հիմնադիրներից: Այս բնագաւառներից մէկն էլ մսամթերքի եւ երշիկեղէնի արտադրութիւնն է, ուր Իրանում, իր ուրոյն տեղն է զբաղեցնում «Միքայէլեան» երշիկեղէնի եւ մսամթերքի արտադրման ընկերութիւնը: Ընկերութեան մասին, որի գործարանը վերջերս համլրւել է արդիական սարքաւորումներով, զրուցել ենք «Միքայէլեան» ընկերութեան տնօրէն Գէորգ Ղուկասեանի հետ:

Նա անդրադառնալով ընկերութեան պատմութեանը նշեց. «Ընկերութիւնը, որպէս Իրանի սննդամթերքի արդիւնաբերութեան հիմնադիրներից մէկը, իր աշխատանքն սկսել է 1931 թւականին: Միքայէլեան ընտանիքը, ժամանակին Ռուսաստանից Իրան գաղթելով, Թեհրանի «Ղաւամ օլ Սալթանէ» պողոտայում մի խանութ է հիմնել, եւ շարունակել է ընտանեկան բիզնեսը՝ վաճառելով մշակւած մսամթերք, երշիկ եւ նրբերշիկ: Երբ, ժամանակին, ժողովուրդը ծանօթացել է նման սննդամթերքի հետ, «Միքայէլեան»-ի գործունէութիւնն աւելի է ծաւալւել, եւ նոյն խանութի նկուղում նրանք սկսել են արտադրել երշիկեղէն, որով էլ մեկնարկել է Իրանում երշիկեղէն արտադրող առաջին ընկերութեան աշխատանքը: Միքայէլեաններն, ապա, խանութում պատրաստել են երշիկի պատառներ, որոնք խիստ ընդառաջում են գտել ժողովրդի կողմից, ովքեր քաղաքի զանազան շրջաններից եկել են այս խանութը: Ապա, աստիճանաբար, Թեհրանի զանազան շրջաններում բացւել են պատառներ վաճառող խանութներ եւ, միաժամանակ, «Միքայէլեան» խանութը սկսել է մատակարարել զանազան պատառներ:

Աշխատանքն ընդլայնւելով, խանութի նկուղում գտնւող երշիկեղէնի արտադրամասն այլեւս չէր կարողանում բաւարարել պահանջարկը: 1950-ականներին Միքայէլեան ընտանիքը Թեհրանի «Շամսաբադ» քաղաքամասում հսկայ տարածք գնելով հիմքն է դրել մշակւող մսամթերքի եւ երշիկեղէնի արտադրման արդիական եւ մեծ գործարանի:

««Միքայէլեան»-ը ընտանեկան բիզնես էր, իր իւրայատուկ ապրանքատեսակներով, որոնց բաղադրատոմսերը եւս սեփական էին»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրոյցի ընթացքում Գէորգ Ղուկասեանը նշեց. «Ընկերութիւնը բազմիցս է արժանացել պետական գնահատականների, եւ համարւում է Իրանի 100 լաւագոյն բրենդներից մէկը, արժանանալով նորարարութեան եւ որակի բազմաթիւ գնահատագրերի եւ գրանցւել է, որպէս Իրանի «Ազգային բրենդ»»:

Գէորգ Ղուկասեանի հաւաստմամբ՝ սննդամթերք արտադրելու համար, ինչպէս այլ բնագաւառներ, անհրաժեշտ է ե՛ւ մասնագիտութիւն, ե՛ւ յանձնառութիւն:

Նա անդրադառնալով ընկերութեան ներկայ գործունէութեանը նշեց. «Ներկայումս «Միքայէլեան» երշիկեղէնի եւ մսամթերքի ընկերութեան գործարանը գտնւում է «Աբբաս Աբադ»-ի արդիւնաբերական աւանում: Այդ տարածք ենք տեղափոխւել 2008 թւականին: Մեր ներկայ արտադրամասը համարւում է Իրանի ամենաարդիականներից մէկը, որն օժտւած է այս բնագաւառի ամենաարդիական հոսքագծերով, եւ ամէն տարի համալրւում է նոր սարքաւորումներով:

Գործարանում արտադրւում է աւելի քան 40 տեսակ մսամթերք-երշիկեղէն: «Միքայէլեան» ընկերութիւնը համարւում է Իրանում այս բնագաւառի առաջին ընկերութիւնը, որն Առողջապահութեան նախարարութեան կողմից արժանացել է «Կանաչ» սերտիֆիկատի, եւ աւելի քան 9 տասնամեակ աշխատանքից յետոյ, Արդիւնաբերութեան նախարարութեան կողմից գրանցւել է որպէս «Ազգային բրենդ»»:

Նա անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած դժւարութիւններին ընդգծեց. «Հէնց առաջին իսկ օրւանից գործարանում իրականացւել են առողջապահական բոլոր պրոտոկոլները: Աշխատակազմը պարբերաբար ստուգւում է, իսկ արտադրութեան բոլոր փուլերը կատարւում են բարձր ստեռլիզացւած պայմաններում, եւ մթերքը եփւում է բարձր ջերմաստիճանով, որի արդիւնքում բացառւած է որեւէ վիրուսի առկայութիւնը:

Երշիկեղէն արտադրելու համար մսամթերքին աւելանում է տարատեսակ համեմունքներ, ապա մի յատուկ ջերմաստիճանով այն եփւում է: Ներկայումս նման սննդամթերք մեծ չափով սպառւում է արդիւնաբերական երկրներում: Արեւմտեան երկրներում մի ընտանիքի հաշւով երշիկեղէնի սպառումը տարեկան 40-60 կգ է, իսկ Իրանում՝ 3 կգ»:

Զրոյցի աւարտին Գէորգ Ղուկասեանը նշեց. «Ընկերութեան կարգախօսն է՝ որակը չզիջել քանակին»:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Աղբյուրը՝  alikonline.ir