կարևոր
4039 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 14:29
Քաղաքական

Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան

Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով նախօրեին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

«Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը։ Տրամաբանությունը հետեւյալն է. Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, եւ իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։ Ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա, վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով»,–ասաց Արթուր Մոսիյանը։

Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։

«Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ լինել չի կարող»,– նշեց Արթուր Մոսիյանը։

Պատգամավորի խոսքով՝ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3–ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Կարին խաչմերուկում փակել էին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ պատճառաբանելով բնապահպանական ինչ–որ խնդիրներ, սակայն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը՝ Վոլկովն ասել է, որ Ադրբեջանը բողոքել է, թե այդ ճանապարհով բեռնատարներով զենք–զինամթերք է տեղափոխվում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել էր, որ Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։

Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարել էր, թե տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։

«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են եւ չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից»,– ասվում էր ԱԽ հայտարարության մեջ։