կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 13:38
Քաղաքական

Սևրը և քրդերը

Սևրը և քրդերը

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով Օսմանյան կայսրությունն ընդունեց իր պարտությունն Առաջին աշխարհամարտում և անձնատուր եղավ: 1919 թ. հունվարին Փարիզում իր աշխատանքները սկսեց Խաղաղության վեհաժողովը, որը պետք է նոր աշխարհակարգ սահմաներ աշխարհում: Ակնհայտ էր, որ պարտված երկրները կորցնելու էին գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ իրենց տարածքների մի մասը: Դա վերաբերում էր նաև Օսմանյան կայսրությանը, առավել ևս, որ նրա արաբական գաղութներն արդեն գրավված էին Անտանտի զորքերի կողմից: Մյուս կողմից, իրենց պատմական հողերն էին պահանջում նրանց դաշնակիցներ Հունաստանը և նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը: Դաշնակից երկրները հակված էին բավարարելու նրանց պահանջները, ինչը նշանակում էր, որ Արևմտյան Հայաստանը պետք է մտներ Հայաստանի կազմի մեջ: Այս վերջին հանգամանքը լուրջ անհանգստություն առաջ բերեց քրդական շրջանակներում, որոնք սկսեցին պայքարել այդ ծրագրերի դեմ: Խնդիրը հայկական կողմի համար բարդանում էր նրանով, որ Հայաստանին անցնելիք տարածքներում հայերը կազմում էին շատ չնչին տոկոս, իսկ բնակչության գերակշիռ մեծամասնությունը կազմում էին քրդերը, որոնք զինված էին և ունեին մեծաքանակ մարտունակ ուժեր:
Ինչ վերաբերում է քրդերին, ապա պետք է նշել, որ երիտթուրքերի` իշխանության գալուց և պանթյուրքիզմը որպես պետական գաղափարախոսություն որդեգրելուց հետո լուրջ տարաձայնություններ են ծագում վերջինների և քրդական վերնախավի միջև: Քրդերի մեջ բարձրանում է ազգային ինքնագիտակցությունը, սկսում է լույս տեսնել քրդալեզու մամուլ, բացվում են քրդական քաղաքական և հասարակական կազմակերպություններ: Պատերազմից հետո այդ գործընթացն ավելի է արագանում:

Քրդերը, ըստ իրենց քաղաքական հայացքների, բաժանված էին հինգ հոսանքների:

Առաջին հոսանքը կողմ էր Քրդստանի լիակատար անկախության ձեռքբերմանը: Հետագայում այս շարժման ղեկավարները և համախոհները ստեղծեցին «Քրդստանի անկախության կոմիտե» կազմակերպությունը:

Երկրորդ հոսանքը ցանկանում էր Քրդստանի ներքին ինքնավարություն թուրքական պետականության շրջանակներում: Այն գլխավորում էր սենատոր սեիդ Աբդուլ Քադիրը: Այս հոսանքի կողմնակիցները ցանկանում էին նաև վերադարձնել մինչերիտթուրքական հեղափոխությունը՝ սուլթանական ժամանակաշրջանում իրենց ունեցած դիրքը: Նրանք չէին ուզում խզել իրենց ավանդական հարաբերությունները Ստամբուլի վերնախավի հետ, բայց նաև չէին ուզում մնալ ենթակա ազգի կարգավիճակում: Հիսուն տարի անց, խոսելով այս հոսանքի վարքագծի մասին, Քամուրան Բադրխանը մասնավորապես ընդգծել է. «Մեծամասնությունը մեկ ոտքով քրդական ճամբարում էր, իսկ մյուս ոտքով` դեռ օսմանյան-իսլամական վերնախավում։ ….նրանք բոլորն էլ ուզում էին նախարարներ դառնալ»: Այս հոսանքի անդամները կազմում էին «Քուրդիստանի վերածննդի ընկերություն» կազմակերպության մի մասը:

Երրորդ հոսանքը կողմնակից էր Քրդստանի անկախությանը Իրանի հովանավորության տակ: Այս հոսանքի ջատագովները գտնում էին, որ ընտրում են «ոսկե միջինը», այն է` քրդերը չեն լինի ո՛չ թուրքական, ո՛չ էլ անգլիական տիրապետության տակ, այլ արյունակից և կրոնակից թույլ Իրանի կազմում: Մասնավորապես հետագայում այդ տեսակետն էր պաշտպանում Շերիֆ փաշան:

Չորրորդ հոսանքը, որի կողմնակիցները մեծ թիվ էին կազմում հատկապես Հարավային Քրդստանում, կողմնակից էր քրդական պետության ստեղծմանը Մեծ Բրիտանիայի հովանավորության ներքո:

Հինգերորդ հոսանքը, որն իրեն ակտիվորեն դրսևորեց քեմալական հեղափոխության ժամանակ, հանդես էր գալիս քրդերի` թուրքերին լիակատար ենթարկվելու օգտին: Այս հոսանքում հիմնականում ընդգրկված էին այն քրդերը, որոնք քաղաքացիական, զինվորական և դիվանագիտական ծառայության մեջ էին, ինչպես նաև պատգամավորներ, թրքացած քաղաքական գործիչներ, որոնք կարևոր դեր էին խաղում Օսմանյան կայսրության, իսկ հետագայում` քեմալական Թուրքիայի քաղաքական կյանքում: Նրանք գտնում էին, որ քրդերը, չունենալով դարերով մշակված պետական ավանդույթ, ի զորու չէին լինելու ինքնուրույն պետություն ստեղծելու, և որպեսզի չնվաճվեին Անգլիայի ու Հայաստանի կողմից, պետք է մնային Թուրքիայի կազմում:

Քրդական հարցը Փարիզում պաշտպանելու նպատակով այս հոսանքները հիմնում են քաղաքական կուսակցություններ: Պետք է նշել, որ քրդական քաղաքական կազմակերպությունների մեծ մասը գտնվում էր Ստամբուլում, Կահիրեում և Եվրոպայում: 1918 թ. սեիդ Աբդուլքադիրը՝ հանրահայտ շեյխ Ուբեյդուլլահի որդին, Ստամբուլում հիմնում է «Քրդական վերածննդի ընկերությունը», հայտնի Բադրխանների տոհմից Սուրեհիա Բադրխանը Կահիրեում սկսում է հրատարակել «Քուրդիստան» թերթը: Եվրոպայում քրդական շահերը պաշտպանելու պատրաստակամություն է հայտնում Մուհամեդ Շերիֆ փաշան:

1919 թ. փետրվարի 26-ին Տասի խորհրդի նիստում ելույթ է ունենում հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը, իսկ մարտի 22-ին`քրդական պատվիրակության ղեկավար Շերիֆ փաշան: Երկու կողմերի ելույթներում ներկայացված պահանջներն աչքի էին ընկնում ծայրահեղություններով` առանց հաշվի առնելու տվյալ պահի իրականությունը և սեփական հնարավորությունները: Ա. Ահարոնյանը պահանջում էր ստեղծել «Մեծ Հայաստան», որի մեջ պետք է մտնեին Կիլիկիան, ներառյալ Մարաշը, Էրզրում, Բիթլիս, Վան, Խարբերդ, Սվաս վիլայեթներն ամբողջությամբ, Դիարբեքիր վիլայեթի հյուսիսային մասը և Տրապիզոնի վիլայեթի արևելյան մասը` դեպի Սև ծով ելքով: Իր հերթին Շերիֆ փաշան իր ելույթում կտրականապես մերժեց հայկական կողմի պահանջները` դրանք անվանելով «Հայաստանի իմպերիալիստական հավակնություններ»: Նա պահանջում էր քրդական անկախ պետության ստեղծում` Վիլսոնի 14 դրույթների համաձայն, դեմ էր քրդերի կողմից զավթված հայկական հողերն իրենց օրինական տերերին վերադարձնելուն և կոչ էր անում ստեղծելու միջազգային հանձնաժողով, որը պետք է քրդական պետության մեջ միավորեր այն հողերը, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում էին քրդերը: Ապագա Քրդստանի մեջ պետք է մտներ նաև իրանական Քրդստանը:

Այդ ելույթում Շերիֆ փաշան ներկայացնում էր ապագա Քրդստանի սահմանները` արևմուտքում` Էրզրում-Էրզինջան-Արաբկիր-Դիվրիգ գիծը, հյուսիսում` մինչև 1914 թ. ռուս-թուրքական սահմանը, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության սահմանն էր, հարավում` Սինջարի լեռներով մինչև Թել-Աֆար, Էրբիլ, Քիրքուք, Սուլեյմանիե, Սեննե, արևելքում` Ռևանդուզ-Բաշքալե գծով մինչև իրանական սահմանը, այնուհետև` իրանական սահմանով մինչև Արարատ լեռը:

1919 թ. երկրորդ կեսին քեմալական շարժումը շարունակում էր օրեցօր թափ հավաքել: Դրան զուգահեռ կարծրանում էր սուլթանական կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խորանում էին հակասությունները դաշնակիցների ճամբարում՝ մի կողմից` Մեծ Բրիտանիայի և մյուս կողմից` Ֆրանսիայի ու Իտալիայի: Հայ-քրդական հակասությունը թույլ չէր տալիս գալ վերջնական որոշման, ինչից էլ օգտվում էր թուրքական կողմը: Այս խնդիրը լուծելու համար բրիտանացիները սկսեցին ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասնական դիրքերից հանդես գալու համար: Փարիզում բրիտանական հանձնաժողովի անդամները հանդիպում են հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի հետ և, բացատրելով ստեղծված իրավիճակը, խորհուրդ տալիս նրան միանալու քրդական պատվիրակությանը: Պողոս Նուբար փաշան անմիջապես համաձայնում է: Իր համաձայնությունն է տալիս նաև Շերիֆ փաշան, և 1919 թ. նոյեմբերի 20-ին նրանք հռչակում են համատեղ կազմված մի հուշագիր, որում ասվում էր, որ երկու պատվիրակությունների ղեկավարները որոշել են միավորել իրենց ջանքերը: Հուշագրում մասնավորապես նշվում էր, որ հայ և քուրդ ժողովուրդները, ցանկանալով ազատագրվել թուրքական ծանր լծից, խնդրում են դաշնակից տերություններին աջակցել Միացյալ և Անկախ Հայաստանի ու Անկախ Քրդստանի ստեղծմանը` ըստ ազգային սկզբունքի, և օժանդակել իրենց ինչպես տեխնիկապես, այնպես էլ տնտեսապես: Ինչ վերաբերում է կարևոր՝ հողային խնդրին, ապա ապագա պետությունների միջև սահմանների որոշումը կողմերը թողնում էին դաշնակից տերություններին:

Համաձայնագիրն առաջ բերեց ինչպես հայկական, այնպես էլ քրդական քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունը: Հայերը մեղադրում էին Պողոս Նուբար փաշային հայկական հողերի մեծ մասը քրդերին զիջելու մեջ, որոնք թուրքերին հավասար մեղավոր էին հայկական կոտորածների համար, իսկ քրդերն էլ մեղադրում էին Շերիֆ փաշային արդեն քրդաբնակ հողերը հայերին վերադարձնելու մեջ:

Ի վերջո, Շերիֆ փաշայի հեղինակությունն այն աստիճանի ընկավ քրդերի շրջանում, որ նա ստիպված էր Սևրի պայմանագրի կնքումից մի քանի օր առաջ հրաժարական տալ քրդական պատվիրակության ղեկավարի պաշտոնից: Սա խիստ թուլացրեց քրդերի դիրքերը (ի տարբերություն հայերի, որոնք կարողացան իրենց մի շարք պահանջներն ընդունել տալ դաշնակիցներին), քանի որ այդքան կարճ ժամանակահատվածում նրանք չէին կարող նոր ղեկավար ընտրել: Որպես արդյունք` քրդերը չկարողացան Սևրում պատվիրակություն ունենալ, և փաստացի նրանց ճակատագիրը որոշվեց առանց իրենց ներկայության:

Սակայն հասկանալի էր, որ քրդերին պետականություն տալու կամ չտալու հարցը կախված չէր Շերիֆ փաշայից: Գլխավոր դերակատարները, իհարկե, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան էին, և նրանց հակամարտությունից էր կախված քրդերի կարգավիճակը: Ֆրանսիան, պարտություն կրելով բրիտանացիներից Մոսուլի հարցում, ամեն ջանք գործադրում էր, որպեսզի բրիտանական հովանավորության տակ գտնվող Մոսուլից հյուսիս ընկած տարածքներում քրդական պետություն չստեղծվի:
Բրիտանական արտաքին գերատեսչության աշխատակից Վանսիթարթին ուղղված հուշագրում Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական և առևտրի բաժնի ղեկավար Բերտելոն գրում էր, որ ապագա Քրդստանը չպետք է Հայաստանի հետ միասին լինի, և նրա սահմանները պետք է ձգվեն Մոսուլի վիլայեթի հյուսիսային սահմանից մինչև Վանա լիճ և Դիարբեքիր: Ֆրանսիան նույնիսկ համաձայն էր, որ Քրդստանի վրա տարածվեր Թուրքիայի գերիշխանությունը:

Բրիտանական կողմը, որպես պատասխան, 1920 թ. փետրվարին կազմում է Քրդստանի վերաբերյալ իր տեսլականը, համաձայն որի` Մոսուլի վիլայեթից (որն արդեն զբաղեցված էր նրանց կողմից) հյուսիս ստեղծվելիք Քրդստանում չպետք է լիներ ոչ մի մանդատ (այդպիսով նրանք չեզոքացնում էին ֆրանսիացիների՝ այդ շրջաններում ամրանալու փորձերը), և այնտեղ բացառվում էր թուրքական գերիշխանությունը: Քրդերն իրենք պետք է որոշեին` պետք է ունենան մեկ միասնական պետությո՞ւն, թե՞ մի քանի ազատ տարածքներ՝ ըստ կրոնական և ցեղային պատկանելության: Նրանց հարցը պետք է լուծվեր հայերի խնդրի հետ և այլն: Այդպիսով նրանք լուծում էին երկու խնդիր՝ ստեղծել քրդական մի քանի փոքր պետություններից բուֆերային գոտի Մոսուլի վիլայեթի ու Թուրքիայի միջև և չեզոքացնել ֆրանսիացիների հավակնություններն այդ շրջանում:

1920թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 12-ը Լոնդոնում դաշնակից տերությունների վեհաժողովում հստակեցվեցին Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի հիմնական կետերը, որոնք վերջնական տեսք ստացան նույն թվականի ապրիլի 19-26-ը կայացած Սան Ռեմոյի վեհաժողովում:

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում հաղթանակած երկրները Օսմանյան կայսրության հետ ստորագրեցին հաշտության պայմանագիրը: Քրդական հարցին վերաբերում էին երեք հոդվածներ՝ 62-րդը, 63-րդը և 64-րդը: 62-րդ հոդվածում նշվում էր, որ Կոստանդնուպոլսում նստող 3 հոգանոց հանձնաժողովը, որի անդամներին նշանակում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունները, դաշնագրի` ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Եփրատից արևելք, Հայաստանից հարավ ու Սիրիայի, Թուրքիայի սահմանից և Միջագետքից հյուսիս ընկած քրդական գերակշիռ բնակչությամբ տարածքների համար ինքնավարության նախագիծ պետք է ներկայացնի: 63-րդ հոդվածում նշվում էր, որ Օսմանյան կայսրության կառավարությունը համաձայն է ընդունել և իրագործել 62-րդ հոդվածում նշված հանձնաժողովի որոշումները, իսկ 64-րդ հոդվածում էլ ասվում էր, որ եթե դաշնագրի` ուժի մեջ մտնելուց 1 տարի անց 62-րդ հոդվածում նշված տարածքներում բնակվող քրդերը դիմեն Ազգերի լիգայի հանձնաժողովին՝ հայտնելով, որ ցանկանում են անկախանալ Թուրքիայից, և եթե հանձնաժողովը որոշի, որ քրդերը կարող են անկախ լինել, Թուրքիան պետք է համաձայնի և հրաժարվի այդ տարածքների նկատմամբ իրավունքներից: Բացի այդ, 64-րդ հոդվածի համաձայն, քրդական անկախ պետության ստեղծման դեպքում դաշնակից ուժերն առարկություն չեն ունենա, եթե Մոսուլի վիլայեթում ներառված քրդաբնակ տարածքները վճռեն միանալ քրդական պետությանը:

Թվում էր, թե Թուրքիայում բնակվող քրդերը վերջապես ստանալու էին իրենց այդքան բաղձալի անկախությունը: Սակայն Քեմալի միլլի շարժման հաղթանակը և դրան հետևած Լոզանի հաշտության պայմանագիրը, որով, փաստորեն, դաշնակից տերություններն ուժը կորցրած ճանաչեցին Սևրի պայմանագիրը, խորտակեցին նրանց հույսերը: Այս ամենով հանդերձ՝ Սևրի պայմանագրի կետերի իրագործումը քրդերի համար դարձավ հիմնական նպատակ, և 20-30-ական թվականներին Թուրքիայում տեղի ունեցած հակաթուրքական ապստամբությունների մեծ մասի հիմնական պահանջներից մեկը դա էր:

Ինչ վերաբերում է այժմյան քրդական իրականությանը, ապա պետք է նշել, որ ինչպես և անցյալում, այնպես էլ հիմա քրդական հասարակությունը բաժանված է իրար դեմ հակամարտող բազմաթիվ ուժերի: Սակայն Սևրի պայմանագրի նկատմամբ քրդական հասարակության մեջ կա սառը վերաբերմունք: Աբդուլլահ Օջալանը գտնում է, որ Սևրի պայմանագիրը կապիտալիստական կայսրությունների՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1916 թվականին կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի շարունակությունն էր, և Սևրի պատճառով Քրդստանի` արդեն չորս մասերի բաժանումը ստացավ իրավական տեսք, որն ամբողջացվեց Լոզանի պայմանագրի ժամանակ: Իրաքում քրդական ինքնավարության ղեկավարությունը ստանձնած Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ գլխավորում է Նեչիրվան Բարզանին, ունի ընդգծված թուրքամետ դիրքորոշում, և թե ինչ վերաբերմունք ունի Սևրի պայմանագրի նկատմամբ, երևի թե կարիք չկա նշելու:

Քրդական ինքնավարության մյուս զորեղ ուժի՝ Թալաբանիների (Քրդստանի հայրենասիրական միություն) դիրքորոշումը գրեթե նույնն է: Ամենայն հավանականությամբ, քրդական քաղաքական ուժերը գտնում են, որ ներկայիս արագ փոփոխվող ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Սևրի պայմանագիրն այլևս կորցրել է իր արդիականությունը, առավել ևս, որ այն ընդունելու դեպքում ստիպված պետք է նաև հաշվի առնվեն հայկական կողմի պահանջները, որոնք ընդունել էր Շերիֆ փաշան:

Արամ Սայիյան

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.