կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-07 20:51
Քաղաքական

Նոր դավադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահոր ասելիքը

Նոր դավադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահոր ասելիքը

Օրերս մամուլում հայտնվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճի վերաբերյալ, որտեղ շոշափվել էր նաև պատմագիտությանն առնչվող հարցը: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր հետևյալը. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով, ըստ էության, մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենևին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի»:

Մինչ Լ. Տեր-Պետրոսյանի հերթական «ծածկագրերին» անդրադառնալը՝ փաստենք, որ այսօրվա պատմագիտության դպրոցն անխնա քննադատող նախագահը 1993-1994 թթ., որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պետական մրցանակներ է հանձնել այդ նույն դպրոցի ներկայացուցիչներ Արտակ Մովսիսյանին (ներկայումս՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր)՝ «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա» (Երևան, 1992) աշխատության, ինչպես նաև Աշոտ Մելքոնյանին (ներկայումս՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս)՝ «Էրզրում (Էրզրում նահանգի հայ ազգաբնակչությունը 19–րդ դարի առաջին երեսնամյակին)» (Երևան, 1994) գրքի և արևմտահայ գավառներին նվիրված 30 հոդվածների համար:  

Զավեշտն այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանը սեփական ձեռամբ, որպես լավագույն պատմագիտական աշխատանք, մրցանակ է հանձնել այն գրքի համար (խոսքը Արտակ Մովիսիյանի «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա» գրքի  մասին է), որտեղ գիտականորեն ապացուցվում է դեռևս մ.թ.ա․ 28-27-րդ դարերում Հայաստանում ստեղծված հնագույն պետության փաստը, այսինքն, նախագահն այդ պահին ընդունել է շուրջ 5000-ամյա պետության գոյության գիտական հիմնավորվածությունը, իսկ այժմ այդ թիվը կրճատում է ուղիղ կես չափով:

Իրականում՝ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարության այս հակասական դրվագները կարելի էր համարել հիշողության կորստյան կամ ծերունական մարազմի արդյունք, եթե գործ չունենայինք առավել խոշոր «ծածկագրային դավադրության» հետ. նա ամենևին ոչ պատահականորեն է առանձնացնում և հիշատակում հայ պատմագիտական մտքի այն խոշոր ներկայացուցիչներին, ովքեր, չնչին բացառություններով, եղել են հայության՝ հայկական լեռնաշխարհում եկվոր կամ ոչ տեղաբնիկ լինելու տեսության կողմնակիցները:

Լ. Տեր-Պետրոսյանն իրականում քննադատում է ոչ թե ներկայիս պատմագիտության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունները՝ լավ իմանալով, որ նրանցից շատերը հենց իր նշած պատմաբանների դպրոցում են թրծվել (նույն Արտակ Մովսիսյանի հիշյալ գրքի մասին բարձր կարծիք է հայտնել ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը, Աշոտ Մելքոնյանը եղել է ակադեմիկոս Սուրեն Երեմյանի վերջին ասպիրանտը և այլն), այլ այն հաստատումները, ըստ որի՝ հայ ժողովուրդը տեղաբնիկ է, ունի ոչ թե 2.500 կամ 3.000, այլ 5.000-ամյա պետականություն: Առաջին նախագահին մեծապես անհանգստացնում է ներկայիս պատմագիտության ներկայացուցիչների՝ իր կողմից ատելի ազգային հարցերի արծարծումն և ապազգային տարրերի ու երևույթների դեմ պայքարը, ինչի համար էլ գործածում է իր կողմից «չափազանց վտանգավոր» համարված «հայդատական» եզրույթը: Բնականաբար, այդ եզրույթը վտանգավոր է ոչ թե հայության կամ հայ պատմագիտության, այլ իր հակազգային տեսությունների գոյության համար:

Այդպիսով՝ թուրքերին և ադրբեջանցիներին համարելով պատմակեղծարարության մեջ, ավելին, ներկայիս հայ պատմաբաններին ևս մեղադրելով կեղծարարության մեջ, Լ. Տեր-Պետրոսյանն ինքն է կեղծում պատմությունը՝ հայերի եկվորության չափազանց վտանգավոր ու կեղծ տեսությունը հերթական անգամ հրապարակ հանելով, ինչի համար տասնամյակներով պայքարել ու միլինավոր դոլարներ են ծախսել նույն Թուրքիան ու Ադրբեջանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ոչ միայն  սոսկ հակազգային է, այլև հակապետական, դավադիր: Այն վրա հասավ, որպեսզի փրկի հանրակրթական առարկայական չափորոշիչների միջոցով հայ նոր սերնդի դեմ իրականացվող դավադիր գործողությունները: Ավելին, եթե այդ չափորոշիչները, որոնք արդեն իսկ տապալվել են, հետ կանչվեն, Լ. Տեր-Պետրոսյանն իր կոդավորված և շատերի համար վերացական (աբստրակտ) ոճի մեջ թողարկված հայտարարությամբ հող նախապատրաստեց, որպեսզի իր լծակների օգնությամբ և իր կնքահայրությամբ ասպարեզ նետի նոր, առավել դավադիր ու ավերիչ չափորոշիչներ:                 

Վահե Սարգսյան