կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 17:16
Առանց Կատեգորիա

Ամբողջ Հայաստանի ասելիքը...

Ամբողջ Հայաստանի ասելիքը...

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ընտրությունները կեղծվել են, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է ընկալվել ՀՀ նախագահ: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ գնում ենք, ախպե'ր, սա մնալու երկիր չէ, իսկ ընդդիմությունը շարունակում է հաշվել հանրահավաքներին եկողներին: 

 

Ամբողջ Հայաստանը սահուն քայլերով գնում է, իսկ ընտրողների թիվը դրանից միայն ավելանում է:

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ չինովնիկները կաշառակերներ են, նույնն ասում են նաեւ չինովնիկները: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ՀՀԿ-ն չարիք է, իսկ ՀՀԿ-ն ուզած ժամանակ մտնում է յուրաքանչյուրիս բնակարան՝ փող ու պատրանքներ առաջարկելու: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ոստիկանությունը ՀՀԿ-ին առընթեր դագանակ է, իսկ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետին ասում է՝ զորավա'ր, ողջույն:

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ իշխանություններն այս երկրում սպիտակ ջարդ են իրականացնում, իսկ ժողովուրդը շարունակում է իշխանությանը պահանջներ ներկայացնել:  

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխություն անող չէ, որովհետեւ իշխանություն չի ուզում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ ինձ այսուհետ կասեք Հայաստան: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ընտրություններով երբեք իշխանություն փոխել հնարավոր չէ, իսկ առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերը քննարկում են հերթական ընտրություններին միասնական կամ անհատական մասնակցելու ձեւաչափերը: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ հայկական բանակը մեծ դեր ունի մարտի 1-ի դաժանություններում, իսկ զինված ուժերից արձագանքում են՝ բանակը հասարակության հայելին է: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ժողովրդին հանրահավաքներից տուն մի ուղարկեք, իսկ ընդդիմության առաջնորդն ասում է՝ հաջորդ հանրահավաքին կբարեւենք Արտաշատին:: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ պահանջում ենք արժանապատիվ նպաստ, աշխատավարձ եւ թոշակ, իսկ Տիգրան Սարգսյանն ասում է՝ հայկական աշխարհում դրամ էլ չի լինելու: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ՍԴ-ն ու Եվրադատարանը փողոցային հանրապետականի նման ընտրակեղծարար են, իսկ ընդդիմությունը դիմում է ՍԴ-ին, որպեսզի մերժումից հետո դիմի Եվրադատարան: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ ո՞ւր է ապահով Հայաստանը եւ ամեն երեկո այն տեսնում է բոլոր հեռուստաընկերություններով: 

 

Ամբողջ Հայաստանը վերջին ընտրությունները համարում է ժողովրդի վերածնունդ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հացադուլ է հայտարարում «ոչ մի զադնի քայլ» կարգախոսի ներքո: 

 

Ամբողջ Հայաստանը հարցնում է՝ մենք ե՞րբ ենք լավ ապրելու, իսկ իշխանությունը պատասխանում է՝ մենք արդեն լավ ենք ապրում: 

 

Ամբողջ Հայաստանը գիտի, որ իշխանությունը չի կարող հաղթել ոչ մի համապետական ընտրություններում, իսկ իշխանությունը չի էլ պատրաստվում հաղթել ընտրություններով: 

 

Ամբողջ Հայաստանը գիտի, որ ավելի վատ չի լինելու, իսկ իշխանությունը հաջողությամբ ապացուցում է հակառակը՝ լինելու է: 

 

Ամբողջ Հայաստանն ասում է՝ սրանց ձեռքին չի կարելի երկրորդ մարտի 1-ի հնարավորություն տալ, իսկ իշխանությունն ասում է՝ չենք էլ պատրաստվում ինքնասպանությունների շքերթը կանխել սպանություններով:


Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: