կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 14:10
Առանց Կատեգորիա

ԿԳՄՍՆ-ի նախագծերն անընդունելի են և վիճահարույց. ՀՊՄՀ համաշխարհային պատմության եվ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայտարարությունը

ԿԳՄՍՆ-ի նախագծերն անընդունելի են և վիճահարույց. ՀՊՄՀ համաշխարհային պատմության եվ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայտարարությունը

ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում, որին մասնակցել են համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, պ.գ.դ., դոցենտ Ե. Գրեկյանը, պ.գ.թ., դոցենտներ Ն. Մինասյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Հ. Գրիգորյանը և պ.գ.թ. Գ. Մարգարյանը, քննարկել են ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթական «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի և «Համաշխարհային պատմություն»  առարկայի չափորոշիչների և ծրագրերի նախագծերը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են բուհի ամբիոնից: 

Քննարկման մասնակիցները փաստել են. 

1. Ներկայացված նախագծերն ընդունելի չեն հայեցակարգային առումով, քանի որ խախտված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Նման մոտեցումը խնդիրներ կառաջացնի ուսումնառության ընթացքում՝ խոչընդոտելով աշակերտների մոտ աշխարհայացքի ձևավորմանը:

2. Հասկանալի չէ ժամանակագրական սահմանաբաժանման սկզբունքը, երբ հստակ նշված չեն պատմական ժամանակաշրջանների սահմանները: Այս ամենն էլ կդժվարացնի աշակերտների կողմից նյութի ընկալումը: 

3. Հանրակրթական ծրագրերի նախագծերում հեղինակները բաց են թողել այնպիսի կարևոր գաղափարախոսություն, ինչպիսին է պահպանողականությունը, սակայն նշվում է գենդերի մասին, որպես քաղաքական գաղափարախոսության, որի ընդգրկումը հանրակրթական ծրագրերի նախագծերում խիստ վիճահարույց է:

4. Ներկայացված ծրագրերի նախագծերում առկա են նաև որոշ սխալներ և անճշտություններ, մասնավորապես, Պորտասարը ոչ թե գյուղատնտեսական, այլ մինչերկրագործական դարաշրջանի հուշարձան է կամ իրանա-հայկական քաղաքակրթություն գոյություն չունի: Միաժամանակ առաջադրված են հարցադրումներ, որոնց պատասխանը ժամանակակից գիտությունը չունի: 

5. Մի շարք կարևոր թեմաներ և խնդիրներ ուղղակի ընդգրկված չեն թե՛ հիմնական դպրոցի, թե՛ ավագ դպրոցի ծրագրերի նախագծերում, որոնց բացակայությունն ակնհայտորեն խանգարելու է համաշխարհային պատմության վերաբերյալ համակողմանի պատկերացում կազմելուն: Օրինակ, տեղ չի հատկացվել իսլամին, միջնադարյան Օսմանյան կայսրության պատմությանը, էթնոքաղաքական հակամարտություններին և այլն:

6. Ըստ էության գերագնահատված են աշակերտների կարողություններն ու ունակությունները, քանզի ծրագրերի նախագծերում ներկայացված մի շարք «վերջնարդյունքներ» մեթոդաբանական առումով դժվար ըմբռնելի են աշակերտների համար: Օրինակ, 12-րդ դասարանում սովորողի համար ներկայացված վերջնարդյունքներից է. «Գիտակցի աշխարհաքաղաքական իրադրությունը, համեմատի համաշխարհային պատմական գործընթացների բնույթը և հետևանքները, համապատասխան փաստահենք եզրահանգումներ անի և այլընտրանքներ առաջարկի համաշխարհային պատմական զարգացումների, երևույթների և հետևանքների վերաբերյալ», ինչը ԲՈՒՀ-ի բարձր կուրսերի ուսանողներն անգամ կդժվարանան կատարել:

7. Ներկայացված ծրագրերի նախագծերի հեղինակները հաշվի չեն առել գործող դպրոցների պայմանները և տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև ուսուցիչների պատրաստվածության աստիճանը:

Նիստի մասնակիցները համակարծիք են, որ ներկայացված չափորոշիչների և ծրագրերի նախագծերը խոցելի են մեթոդաբանական առումով և ունեն վերանայման ու վերաշարադրման կարիք: Ամբիոնը պատրաստ է մասնագիտական քննարկման շրջանակներում նախագծի հեղինակներին և շահագրգիռ կողմերին առավել մանրամասն ներկայացնելու և մատնանշելու նախագծի թերացումների և բացթողումների վերաբերյալ դիտարկումները: