կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 14:14
Սփյուռք

Լոս Անջելեսում Տեղի Ունեցաւ Ադրբեջանի Գործողութիւնները Դատապարտող Բազմամարդ Հանրահաւաք

Լոս Անջելեսում Տեղի Ունեցաւ Ադրբեջանի Գործողութիւնները Դատապարտող Բազմամարդ Հանրահաւաք

Արեւմտեան Ամերիկայի հայ համայնքը հուժկու հանրահաւաք անցկացրեց Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսութեան առջեւ՝ բողոքի ձայն բարձրացնելով Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմանագծում` Տաւուշում հայկական ռազմական եւ քաղաքացիական թիրախների վրայ Յուլիսի 12ին սկսուած ու շարունակուող Ադրբեջանի յարձակումների դէմ:

Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպած բողոքի ցոյցի շուրջ երեք հազար մասնակիցները մէկ ձայն դարձած դատապարտեցին ադրբեջանական յարձակումներն ու անվերապահ աջակցութիւնը յայտնեցին հայոց բանակին ու հայ զինուորին:

Հանրահաւաքին ներկայացել էր նաեւ ադրբեջանցիների երեսունից քառասուն հոգանոց մի խումբ, ովքեր փորձեցին սադրիչ գործողութիւններով շեղել հաւաքի խաղաղ ընթացքը, սակայն ոստիկաններին յաջողուեց կարգուկանոն հաստատել եւ ցոյցը շարունակուեց Ուիլշիր պողոտայի երկու կողմերում: Դիմացի փողոցից պարբերաբար հնչող ադրբեջանցիների կոչերին՝ հայ երիտասարդները պատասխանում էին հայրենասիրական երգով ու աւանդական ռազմապարերով:

Հանրահաւաքի պաշտօնական հատուածում հանդէս եկաւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանը՝ նշելով, որ «երբ չի մնում ելք ու ճար՝ խենթերն են գտնում հնար»՝ ինչպէս տեղի ունեցաւ 1918թ.ին Սարդարապատի հերոսամարտում, երեսուն տարի առաջ Արցախում: «Մեր գլխաւոր ուղերձն այն է, որ մենք միասնական ենք, եւ պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար միասին: Հայաստանում եւ Արցախում ունենք մեր առաջին բանակը, որ անառիկ է պահում մեր հայրենիքի սահմանները, եւ մենք ունենք նաեւ երկրորդ բանակ, որը դուք էք, ու մենք չենք ընկրկելու»:

Այնուհետեւ բոցաշունչ ելոյթներ ունեցան ՀԵԴ անդամներ Միրան Քասամանեանն ու Ալիք Չերչեանը՝ հայերէնով ու անգլերէնով ներկայացնելով հայ երիտասարդների ուղերձը ադրբեջանա-թուրքական յարձակող ուժերին: «Այսօր իբրեւ Լոս 333Անջելեսի հայ համայնք համախմբուած ենք այստեղ՝ Ադրբեջանի հիւպատոսութեան դիմաց, մեր ըմբոստ ձայները բարձրացնելու ազերի ոսոխի անմարդկային արարքների դէմ, որ սկսուեցին 2020թ.ի Յուլիսին 12ին, երբ ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը համավարակի համաճարակի կռուադաշտի մէջ էր: Տաւուշի սահմանից Հայաստանի վրայ ադրբեջանական յարձակման գործում ակնյայտ էր Թուրքիայի պետութեան միջամտութիւնը, Թուրքիայի, որ տարիներ ի վեր ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնն ու շարունակում է ցեղսապան գործողութիւններն ընդդէմ Հայաստանի, Արցախի ու համայն հայ ժողովրդի: Այս անգամ եւս թշնամու թիրախն էր հայկական հողի վրայ արարող խաղաղասէր հայ ժողովուրդը՝ ազերի ոճրագործ գնդակի թիրախն էր հայ ժողովրդի անօգնական խաւը՝ մանուկ, կին եւ ծեր: Այս անօրինական յարձակումներից Հայաստանն ունեցաւ մարդկային, բարոյական եւ նիւթական կորուստներ, սակայն պայքարեց ամուր, անկոտրելի ու վեհ կամքով: Յաղթանակած հայկական հզօր բանակը ոչ միայն դիմագրաւեց ոսոխին, այլեւ դարձաւ աւելի հայրենապաշտ, աւելի դիւցազնական ու աւելի ամրակուռ ու յաղթանակի վսեմ դափնիներով նուաճեց նորանոր բարձունքներ: Աշխարհասփիւռ հայութիւնն ու այդ հայութեան մի մասնիկը՝ մենք ԱՄՆ արեւմտեան համայնքը, մէկ բռունցք դարձած, եւս մէկ անգամ զօրավիգ ենք կանգնում մեր անպարտ հայոց բանակում ծառայող ու սահմանապահ խրոխտ զինուորներին: Այսօր, հայրենիքից ֆիզիկապէս հեռու, սակայն հայրենիքի սրտի տրոփիւնով շնչող սփիւռքահայութիւնը՝ մենք հաւաքուել ենք մեր զօրակցական խօսքով, կոչով, երգով ու պարով հայոց սահմանապահ զինուորներին զօրավիգ կանգնելու համար: Փառաբանում ենք նրանց՝ հայոց բանակի բոլոր զինուորներին, ովքեր թշնամու գնդակից պաշտպանում են հայրենի հողը, եկեղեցին, դպրոցը եւ ազգային բոլոր արժէքները», իր խօսքում նշեց Քասամանեանը: Նրա խօսքին հետեւեցին ազգային հայրենասիրական երգն ու շուրջպարը:


Հայ համայնքին իրենց աջակցութիւնն էին եկել յայտնելու Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօն, ազգային թէ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հանրահաւաքին ներկայ էին նաեւ հոգեւոր սպասաւորներ. Ամերիկայի Արեւմտեան թեմից Երեմիա քահանայ Խաչատրեանը նշեց, որ հայ հոգեւորականի պարտքն է լինել ժողովրդի կողքին. «Սփիւռքի մէջ նման պայքարը հոգեւոր գօտեպնդում է եւ օգնութիւն մեր ժողովրդին, սահմանին կանգնած մեր զինուորի համար սա օրհնութիւն է հեռուից»:



Խաղաղ հաւաքի ողջ ընթացքում, ադրբեջանցիների խումբը, դիմացի փողոցից, փորձում էր սադրել հայ համայնքի ներկայացուցիչներին: Հեռանալու ժամանակ էլ, նրանք քարեր ու ջրով շշեր սկսեցին նետել հայկական կողմի ուղղութեամբ, եւ չբաւարարուելով այդքանով, ադրբեջանցիներից մէկը հարուածեց մի երիտասարդ հայուհու: Նրանց այս քայլը բորբոքեց լարուածութիւնը, եւ հայ ու ադրբեջանցի ցուցարարների միջեւ տեղի ունեցան թեթեւ բախումներ: Ոստիկանական ուժերի միջամտութեան արդիւնքում, ադրբեջանցիների խմբին յաջողուեց փախնել, հայերն էլ որպէս աւար վերցնելով նրանց երկրի դրօշը՝ այն այրեցին Ադրբեջանի հիւպատոսարանի առջեւ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

asbarez.com