կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 15:22
Աշխարհ

Ծիրաններն ու Էրդողանը

Ծիրաններն ու Էրդողանը

Օրերս (ավելի ճիշտ` հուլիսի 18-ին) մոսկովյան «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում սադրանք տեղի ունեցավ. ադրբեջանական ազգության մի խումբ անձինք խոչընդոտեցին Հայաստանի ծիրանով ու սև սալորով բեռնված մեքենաներին` մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք. ըստ yerkir.am-ի` «Экспертиза решений» հասարակական-հրապարակախոսական կայքում գրում է պատմաբան, լրագրող Եվգենի Տրիֆոնովը` հավելելով, որ առևտրի կենտրոն ժամանած` Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել դրա տարածք:

«1988 թվականից շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը եկավ Ռուսաստանի մայրաքաղաք: Հարկ է նշել, որ ղարաբաղյան ճակատում ամենակատաղի մարտերի թեժ պահերին նույնիսկ` 1992-1994 թվականներին, այդ պատերազմը դուրս չէր գալիս  ռուսաստանյան քաղաքների փողոցներ. հակամարտող հանրապետությունների քաղաքացիները չեզոքություն էին պահպանում:

Բարեբախտաբար, Մոսկվայում «ծիրանային պատերազմն» ավարտվեց առանց զոհերի ու ավերումների, սակայն դա նոր իրողություն է. Ադրբեջանի  ներկայացուցիչները գիտակցաբար անդրկովկասյանը հակամարտությունը տեղափոխեցին մոսկովյան փողոցներ: Անշուշտ, դա Ռուսաստանի չեզոքության խախտում է, և մեղավորներն արժանի են ամենախիստ պատժի»,- գրում է Տրիֆոնովը` հարց բարձրացնելով` ո՞վ է կատարվածի մեղավորը:

Ըստ նրա` «Ֆուդ Սիթի»-ի սեփականատեր Գոդ Նիսանովը, ըստ էության, պետք է պատժվի. դա նրա տարածքն է, և նա է պատասխանատու այնտեղի կարգուկանոնի համար: Սակայն, Տրիֆոնովի կարծիքով, դժվար է ենթադրել, որ այդ խայտառակ պատմությունը նրա նախաձեռնությունն էր` լեռնեցի հրեայի և ռուսաստանցի գործարարի: «Անշուշտ, Նիսանովը սերտորեն կապված է Ադրբեջանի հետ և նշանակում է` երկրի ղեկավարության, ու դժվար թե կարող է մերժել «խնդրանքները», այդ թվում ` քաղաքական բնույթի: Սակայն կասկածելի է, որ նա ընդհանրապես տեղյակ էր ադրբեջանցի առևտրականների` հայկական ծիրանները ոտնատակ անելու մտահղացմանը: Այլ բան, որ կատարվածից հետո նա պարտավոր էր Մոսկվայի իրավապահ մարմիններին օգնել մեղավորների հետախուզման ու պատժի գործում: Եթե, իհարկե, այդ մարմինները փորձեցին գտնել ու պատժել…

Անկասկած, «ծիրանային պատերազմը» կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հետ, իսկ այդ թեժացումը` ամենադաժանը 2016-ի քառօրյա պատերազմից հետո, իր հերթին, պատահականություն չէ»,- ընդգծում է Տրիֆոնովը և առաջարկում հիշել իրադարձությունների հերթականությունը:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրեց, որը վերացնում էր Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը` այդպիսով շռնդալից ապտակ հասցնելով  ամբողջ քրիստոնեական աշխարհին: Էրդողանի հրամանագրի ստորագրումից հետո առաջին օրը, ըստ հեղինակի, որևէ արձագանք չեղավ` ո՛չ Եվրամիությունից, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ քրիստոնեական առաջատար հարանվանություններից:  «Բոլորը կուլ տվեցին ապտակը: Ուրեմն հարկավոր է անմիջապես նորը հասցնել»,- նշում է Տրիֆոնովը:

Հուլիսի 12-ին ադրբեջանական բեռնատարը փորձեց հատել Հայաստանի սահմանը, ինչից հետո սկսվեց զինված բախում, որին մասնակցում էին զգալի թվով զինծառայողներ, նաև` զրահատեխնիկա և հրետանի` երկու կողմից էլ:

Հուլիսի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ «Թուրքիան և նրա բանակը պատրաստ են մինչև վերջ աջակցել Ադրբեջանին ադրբեջանական հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը օկուպացրած Հայաստանի ագրեսիայի դեմ պայքարում»:

«Դա սկզբունքային պահ է,- գրում է Տրիֆոնովը:- Թուրքիան ի սկզբանե և բավականին ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ` Հայաստանի դեմ, սակայն երբեք չի հայտարարել Ադրբեջանի կողմից իր բանակի կիրառման մասին: Այդպիսի բան Անկարան իրեն թույլ չէր տալիս ինչպես միջազգային հանգամանքների (Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և մինչև վերջերս ԵՄ-ին անդամակցելու թեկնածու), այնպես էլ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, որը Հայաստանի տարածքային ամբողջականության և  ինքնիշխանության երաշխավորն է»:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ Հայաստանի Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու սպառնալիքով: «Այդպիսի բան էլ երբեք չէր եղել: Հայաստանը, որն իր սպառազինության մեջ «Իսկանդեր» հրթիռներ ունի, ունակ է ոչնչացնել Ադրբեջանի նավթային բնագավառը և փլուզել Մինգեչաուրի ջրամբարը, որի ջրերը կհեղեղեն ադրբեջանական տարածքի մեծ մասը: Այսինքն` վնասը, որն Ադրբեջանը կարող է հասցնել` Հայաստանի ԱԷԿ-ին հարվածելով, զգալիորեն փոքր կլինի, քան այն, որն ի պատասխան կարող է հասցնել Հայաստանը: Բացի դրանից` Հայաստանի օդային տարածքը պաշտպանվում է ռուսաստանյան կործանիչներով ու ՀՕՊ համակարգերով, այնպես որ` ԱԷԿ-ին ուղղված սպառնալիքն ուղղված է Հայաստանում ռուսաստանյան զինվորական խմբավորմանը: Բաքվի կողմից նման սպառնալիքները կարող են բացատրվել միայն այն հույսով, որ թուրքական բանակը կոչնչացնի հայկական «Իսկանդեր»-ները և կչեզոքացնի Հայաստանում ռուսաստանյան ՀՕՊ համակարգերը: Ակներևաբար, Բաքուն Անկարայից նման երաշխավորություն է ստացել»,- նշում է Տրիֆոնովը:

Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարեց Կովկասում արտապլանային զորավարժությունների մասին. հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Եվ անմիջապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զանգահարեց Սերգեյ Շոյգուին: «Ինչի՞ մասին են նրանք խոսել, ի՞նչ են քննարկել, ռազմական գաղտնիք է …»,- գրում է Տրիֆոնովը:

Նա համոզված է` Էրդողանն աշխարհին ցուցադրում է, որ չի պատրաստվում հաշվի նստել ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ: Ըստ հոդվածագրի` Ադրբեջանն այդ իրավիճակում դագանակ է Թուրքիայի ձեռքին, որով Էրդողանը սպառնում է ոչ այնքան Հայաստանին, որքան Ռուսաստանին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, միաժամանակ էլ` ավելի «փոքր» պետությունների, որոնց չի սիրում` Իսրայել, Սիրիա, Եգիպտոս, ԱՄԷ:

«Ամենատհաճ վիճակում Ռուսաստանն է. Սիրիայում մեր զորքերը կախված են Թուրքիայի բարի կամքից, որն ընդունակ է ցանկացած պահի փակել Բոսֆորը և իր օդային տարածքը, ինչը չափազանց կդժվարացնի դրանց մատակարարումը:

Դժվար թե Էրդողանը Հայաստանը ոչնչացնելու  «մեծ» պատերազմ ուզի (թեև լիովին բացառել նման մտադրությունները նույնպես չի կարելի): Ավելի շուտ նրա բոլոր գործողությունները` Սբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելը, Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանային հակամարտության սրմանը հրահրելը, միջուկային աղետը և նույնիսկ փոքր «ծիրանային» կոնֆլիկտը Մոսկվայում, մի շղթայի օղակներ են: Թուրքիայի առաջնորդը ստուգում է բոլոր առաջատար երկրների ամրությունը` ինչպե՞ս նրանք կարձագանքեն իր սադրանքներին: Եթե կուլ տան, հարկավոր է շարունակել գործել, նոր, ավելի կոպիտ ու վտանգավոր սադրանքներ ստեղծել: Այդպես էր գործում նաև Հիտլերը` հաջորդաբար գրավելով Սաարի շրջանը, հետո` Ավստրիան, հետո` Սուդետները, հետո` լիտվական Կլայպեդան: Իսկ հետո եղավ Երկրորդ աշխարհամարտը…

Անշուշտ, Էրդողանը Հիտլեր չէ, անհատակության մասշտաբն այն չէ, իսկ Թուրքիան նացիստական Գերմանիան չէ (մի շարք երկրներ գերազանցում են նրան տնտեսական ու ռազմական պոտենցիալով): Անշուշտ, Էրդողանն իր առջև աշխարհը նվաճելու նպատակ չի դնում, սակայն ձգտում է Թուրքիան վերածել Մերձավոր և Միջին Արևելքի ուժեղագույն տերության և իսլամական աշխարհի առաջնորդի: Բայց այդ նպատակները չափազանց մասշտաբային են Թուրքիայի համար, և  էրդողանական ծավալապաշտության հաջողությունները սահմանափակվում են Հյուսիսային Կիպրոսը պահելով ու Սիրիայի հետ սահմանակից տարածքներում վասալային անկլավներ ստեղծելով»,- գրում է Տրիֆոնովը:

Ըստ նրա` Ադրբեջանը, որն էթնիկ, լեզվական և տնտեսական հարաբերություններով կապված է Թուրքիայի հետ, մինչև վերջերս պահպանում էր որոշակի հեռավարություն` չցանկանալով Հյուսիսային Կիպրոսին նմանվել: Օրինակ` Բաքուն բավական սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որի հետ Անկարան ցուցադրաբար  վիճում է, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հետ:

«Ներքաշվելով Հայաստանի հետ պատերազմի մեջ` Ադրբեջանը հրատապ ու մասշտաբային ռազմական օգնության կարիք կունենա, որը կարող է տրամադրել Թուրքիան, և Անկարայի հետ դաշնակցային հարաբերությունների փոխարեն Բաքվին սպասվում են վասալային հարաբերություններ, ինչպիսին են Հյուսիսային Կիպրոսի կամ Սիրիայում թուրքամետ անկլավների հետ հարաբերությունները: Բաքվում դա հիանալի հասկանում են և  Հայաստանի հետ «մեծ պատերազմի» կգնան միայն, եթե համոզված լինեն Ղարաբաղի  շեշտակի ու ամբողջական գրավման հաջողության մեջ, ինչպես «Փոթորիկ» գործողությունով 1995-ին  խորվաթական բանակը 4 օրում գրավեց Սերբսկայա Կրաինան»,- նշում է Տրիֆոնովը:

Սակայն, նրա խոսքով, 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տալիս, որ ադրբեջանական բանակն ամենևին էլ խորվաթականը չէ, իսկ հայերն ամենևին կրաինյան սերբեր չեն: «Այնպես որ` ամենայն հավանականությամբ, «մեծ պատերազմ» չի լինի: Դեռևս չի լինի: Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը, Թուրքիայից էլ օգնություն ստանալով, մեծացնում է իր տնտեսական հզորությունը և ուժեղացնում բանակը: Իսկ Հայաստանը, կտրված արտաքին  աշխարհից ու բնական պաշարներ չունեցող, կամաց-կամաց հետ է մնում: Այդ պատճառով «Փոթորկի» ադրբեջանական տարբերակը Ղարաբաղի լեռներում կարող է հնարավոր դառնել…

Իսկ Էրդողանը դեռևս ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում և մուսուլմանական աշխարհում սադրանքների միջոցով` Սբ Սոֆիայից մինչև Ղարաբաղ, լիբիական անապատից մինչև մոսկովյան «Ֆուդ Սիթի»:

Ոչ մի երկիր չի համարձակվում նրան կարգի հրավիրել, իսկ դա համոզում է, որ ինքն անպատժելի է, որ ինքը միակ «ուժեղ մարդն է», եթե ոչ` մոլորակի, ապա գոնե Մերձավոր ու Միջին Արևելքի: Հետևաբար, կլինեն նոր սադրանքներ և թափ կհավաքեն այնքան ժամանակ, քանի դեռ իրեն թուրքական սուլթան կամ ուղղադավանների խալիֆ համարող մարդը չի սկսի դիմադրություն ստանալ»,- եզրափակում է Եվգենի Տրիֆոնովը: