| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ծիրանօրհնեքի արարողությամբ տրվեց «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը:
Լրագրողների հետ զրույցում փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ծիրանօրհնեքը դարձել է հայկական սովորույթ, և աշխարհը սկսում է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորույթները:
« «Ոսկե ծիրանը» միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, որը մեր ժողովուրդը տալիս է իր հյուրերին: Ես հարյուրավոր փառատոների եմ եղել և վստահորեն կարող եմ ասել, որ այսպիսի ջերմությամբ ոչ մի քաղաքում չեն դիմավորել հյուրերին, ոչ մեկը նման սովորություն չունի, և մեզ պես հյուրասիրություններ չեն անում: Պետք է հյուրերին մեր բարեկամներն ու դեսպանները դարձնենք, քանի որ մենք այդ սիրո կարիքն ունենք: Մեզ ատելությամբ շատ են շրջապատել մեր հարևան երկրները, այդ ատելությունը մենք պետք է սիրով ավարտենք»,-ասաց Խաչատրյանը:
Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրանը» տոն է մեր մայրաքաղաքի համար, քանի որ այս օրերին մեր ժողովուրդն առիթ է ունենում դիտելու բազմաթիվ բարձրարվեստ ֆիլմեր` նվիրված տարբեր երկրների ու ժողովուրդների սովորույթներին, հասարակական կյանքում առկա խնդիրներին:
«Հայ հանդիսատեսին առիթ է ընձեռվում հաղորդակցվելու ժամանակակից կինոարվեստի ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին: Ողջունելի է այն փաստը, որ կինոփառատոնը խրախուսում է հատկապես երիտասարդ կինոգետներին ու ռեժիսորներին: Փառատոնը լուրջ ներդրում է բերում կինոարվեստի զարգացման գործին»,- ասաց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: