Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը եւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում: «Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել եւ անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու,-ասել է նախագահը: -Ուստի այսօր բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ անձնապես շնորհակալություն ասելու պահ է, շնորհակալություն Իտալիային, Իտալիայի ժողովրդին, իմ լավ բարեկամ, նախագահ Սերջիո Մատարելլային: Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլեւ որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատեւ է»:
Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար: «Կորոնավիրուսի համավարակից քաղած դասերից հիմնական ուղերձն այն է, որ միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը: Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարեւոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը: