|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր` հունիսի 29-ին, Արցախում նշվում է Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրը: Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը հաշվառել է 773 անհայտ կորածներ, ընդ որում` 250-ը ազատամարտիկներ, 523-ը՝ խաղաղ բնակիչներ:
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը: Ըստ նրա 1999 թվականին Ազգային ժողովի նիստում հունիսի 29-ը Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր է ընդունվել, նկատի ունենալով 1992 թվականի հունիսի 29-ի Մարտակերտի շրջանում ծավալված ռազմական գործողությունները: Այդ օրը Հասան Ղայա գյուղի շրջակայքում շրջափակման մեջ է հայտնվել ու անհայտ կորել «Արաբո» ջոկատի 80 ազատամարտիկ:
Մեր զրուցակցի խոսքով, այս ընթացքում ԱԿԱՀՄ-ին մեծ դժվարությամբ, տարբեր ձևաչափերով ու խողովակներով հաջողվել է որոշ տեղեկություններ ստանալ անհայտ կորած ազատամարտիկների վերաբերյալ, սակայն հակառակորդը քաղաքական շահարկումների առարկա է դարձրել նաև այս ցավոտ խնդիրը` արհեստական խոչընդոտներ հարուցելով անգամ տեղեկատվության փոխանակման հարցում: Իր գործունեությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ը հնարավորին փորձում է սփոփել հարազատների սպասման ցավը` մշտական ուշադրության կենտրոնում պահելով նրանց և հուզող սոցիալական խնդիրները: «Այսօր էլ, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները` որդիների վերադարձի հույսով և հավատով, միաժամանակ ջանք ու եռանդ չեն խնայում` շարունակելու քաջորդիների գործը` հանուն ազատ և անկախ հայրենիքի բարգավաճման», -ասել է Վ. Գրիգորյանը:
Վան Նովիկով
Լուսանկարը՝ Ալբերտ Ոսկանյանի