Փոխարժեքներ
01 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հիմնական մի խնդիր է դնում, որի հետ հաշվի պետք է նստի ՀՀ ամեն քաղաքացի և ամեն հայ։
Անկախ այն իրողությունից, որ պարոն վարչապետն իր այս ճառով գերազանցում է ինքն իրեն ՀՀ գործադիր իշխանության պետի` իր հանգամանքից դուրս գալու իր յուրահատուկ հռետորաբանությամբ, մի բան շատ հստակ է նրա պատգամի մեջ և մեծապես բարացուցական։ Վարչապետ Փաշինյանը մերժում է ՀՀ քաղաքական դաշտում տեղ տալ այլակարծությանը։ Մերժում է ընդունել կենսունակ ընդդիմության ներկայությունը։ Կենսունակ ժողովրդավարության կենսագործունեությո՛ւնը։ Մերժում է՝ առանց ծամծմելու իր բառերը։ Եվ այդ բառերը գործածում է որպես բնաբան իր իսկ պաշտոնական կայքէջում։ Նա ասում է. «Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են ժողովրդական հեղափոխության արժեքները»: Եվ քանի որ «ժողովրդական հեղափոխությունը» ինքն է և միայն ինքը կարող է այն լինել, հետևաբար դիրքերը մեկընդմիշտ հասնում են աննախընթաց բյուրեղացման։ «Պետությունը ես եմ»` ասում էր Լուի 14-րդը 365 տարի առաջ։ L’etat, c’est moi! Պնդում է ՀՀ վարչապետն այսօր վերոհիշյալ իր անթաքույց բանաձևով։ Պարզվում է, որ նրա պատկերացրած Հայաստանի խորհրդարանում տեղ չկա նույնիսկ այսօրվա վտիտ ընդդիմության համար։ ՓՈԽԱՐԵՆԸ ՏԵՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՅՆՊԻՍԻ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ։ Իսկ ո՞վ է անելու ճակատագրական այս ընտրությունն այդ ուժերի միջև։ Ո՞վ կարող է զանազանել «աներկբայորեն» հարազատը անհարազատից, «լեգիտիմը»` «ոչ լեգիտիմից»...Պարզ է, որ այս տիեզերքում միայն մեկ հոգի կարող է անել այդ ընտրությունը, և այդ մեկը ժողովուրդը չէ՛։
Բայց մենք պետք է վերադառնանք ավելի հիմնական մի հարցի, որը վեր է նույնիսկ վարչապետ Փաշինյանից։ Պետք չէ մոռանալ, որ պարոն վարչապետն ու նրա մեծամասնական իշխանությունը կյանքի կոչվեցին ժողովրդի քվեներով։ Ժողովրդային շարժման տարերային ալիքն էր, որ ստեղծեց «Իմ Քայլ»-ական այս վարչակարգը։ Անուրանալի է այս մեկը։ Հա՛րց։ Սխալվե՞ց, արդյոք, ժողովուրդն իր դատողության մեջ։ Բոլորովին այլ նպատակի համա՞ր ժողովուրդն ընտրեց այս վարչախումբը և ուրեմն այսօր խաբվա՞ծ է։ Թե՞ ժողովուրդը պարզապես ընտրեց միակ հնարավոր «հակա-Սերժ»-ը, որ կար հրապարակի վրա այդ օրերին` առանց լրջորեն «բարակը փնտրելու»... Հնարավոր չէ այս և նմանօրինակ հարցերին հստակ պատասխան տալ այսօր։ Անցել է 2018-ի ապրիլի ալիքը, և իշխանության դիրքերում տեղ է գրավել ներկայիս իշխանությունը, և սա է իրականությունը։ Եվ այսօր ունենք ա՛յս իշխանությունը` իր այսօրվա վիճակացույցով։ Հետևաբար` հիմա ժամանակն է, որ պարոն վարչապետի ակնարկած վաղվա խորհրդարանը, ի վերջո, ծնունդ առնի նոր արարումով։ Ծնվի այսօ՛ր իսկ` առանց սպասելու ընտրություններին։ Ժամանակն է, որ այն ծնվի հայոց երկրի առեղծվածային ընտրողի մտքերում` որպես պայծառ մտատեսիլ։ Այն իսկ ընտրողի՛, որի հաշվին է, կարծես թե, որոշում կայացնում պարոն վարչապետը` որպես գերմիտք...
Իրականությունն այն է, որ ավելի քան երեսուն տարի ՀՀ հավաքական կյանքին տիրություն արած ուժերի քաղաքական մշակույթը վերստին խոսում է պարոն վարչապետի համարձակ խոսքերով։ Բոլոր իշխանությունները ցարդ համոզել են ժողովրդին, որ ինքն անելիք չունի այս պետության կյանքում։ Իր քվեն քվե չէ, այլ ընդամենը ծախու ապրանք, որն այս երկրի տերերը կարող են գնել դրամով կամ ամբոխահաճությամբ (populism)։ Եվ այս ժողովուրդը հոժար է ապրել այս ողբալի կարգավիճակով և ընդունել իր ճակատագիրը։ Այսպե՞ս եք դուք պատկերացնում մեր ժողովրդին։ Դուք կարծում եք, թե կարող եք անպատիժ արհամարհե՞լ մեր ժողովրդի ազատ կամքը։ Ազատորեն խոսել հանուն նրա` առանց նրա կարծիքը հարցնելո՞ւ։ Ոտնակոխ անել նրա Սահմանադրությո՞ւնը։ Եվ լռեցնե՞լ նրա ձայնը։ Դուք եկել եք նրա հոր «ոսկինե՞րը» հաշվելու։ Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադի՛ն։ Եթե այդպես է, այս ժողովուրդը հիմա ձեզ պիտի պատմի Սասնա Ծռերի մեր Դյուցազնավեպի վերջին պատումը..., որ չեք լսել տակավին։
Բոլոր նրանք, ովքեր ապրում են պարոն վարչապետի և նրա կուսակիցների տխուր պատրանքով, պատկանում են անցյալին։ Նրանք հոռետեսներն են։ Նրանք չեն հավատում, որ մեր ժողովուրդն ունի իր ազատ և անկապտելի կամքը։ Նրանք ծնված են փակ աշխարհի մեջ և չեն կարողացել արթնանալ անցնող երեսուն տարիների ընթացքում։ Դաշնակցությունը մերժում է այս նահանջական մշակույթը։ Դաշնակցությունը մերժում է քաղաքական այս ճահիճը` բոլոր իր ժահրերով։ Դաշնակցությունը հավատում է, որ մեր ժողովուրդը` ներառյա՛լ ներկայիս իշխանության մարդիկ, արժանի է արժանապատիվ կյանքի։ Արժանի է ազատության։ Արժանի է արդարության։ Արժանի է հպարտության։ Արժանի է իր ապագան իր ձեռքերով կառուցելու։ Այն կերտելու իր մաքուր ազգային հեղափոխական գաղափարախոսության պատկերով։ Դուք մեզ մերժում եք, պարոն վարչապետ։ Մենք ձեզ և բոլոր մեր ազգակիցներին կընդգրկենք մեր հեղափոխական տեսլականի մեջ։ Եվ կընդգրկենք բոլոր մեր հավաքական մարտահրավերները միասնական ուժով դիմագրավելու վճռականությամբ։ Մենք հավատում ենք, որ վաղվա խորհրդարանը պիտի լինի հայելին մեր ազգային կենսունակության` բոլոր իր հարազատ տարբերություններով, և պիտի գործի անվախ՝ մեր ազգային գաղափարախոսության միասնական ներշնչումով։
Կարո Արմենյան
Հունիս 25, 2020