Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Հունիսի 1-ից Արցախում դադարեցվել էր 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը և «Футбол 1», «MTV Dance» հեռուստաալիքները: Ինչպես պնդում էին «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանը և Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը, հեռուստաալիքների խափանման պատճառը տեխնիկական էր:
Հունիսի 10-ին Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ սարքը վերջապես տեղ է հասել, իսկ ԱՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ԱՀ հարկատուների հաշվին կհեռարձակվեն միայն ցանկով հաստատված հեռուստաալիքները, որտեղ, ի դեպ, ներառված չեն «5-րդ ալիք»-ը և «Շողակաթ»-ը:
Հունիսի 4-ին «Ապառաժ»-ի հետ զրույցում «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրենը նշել էր, որ սարքը ստանալուց հետո խնդիրը կլուծվի: Սակայն, ինչպես պարզվում է, հայկական երկու հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը կապված է այլ խնդրի հետ:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2019թ. բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկման ժամանակ այսօր «5-րդ ալիք»-ի հեռարձակման հարցը բարձրաձայնել էր ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը չի անդրադարձել հարցին՝ պատճառաբանելով օրակարգային հարցի քննարկումից դուրս լինելը:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանը նշել է, որ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը հաստատելու մասին» N 51-Ա որոշման մեջ ընդգրկված էր «Ararat TV», որի լիցենզիայի իրավաբանական անձը «Շարկ» ՍՊԸ-ն է: «Փաստորեն նույն իրավաբանական անձն այսօր հանդես է գալիս «5-րդ ալիք» անվան տակ, անվան փոփոխությունն ընդամենը ռեբրենդինգ էր, ապրանքանշանն է փոխվել, ոչ թե իրավաբանական անձը»,- ասել է Դավիթ Գալստյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ազգային Ժողովում իր հնչեցրած հարցը փշերով է ընդունվել նախարարի կողմից. «Երեկ խոսել էի «Արցախկապ»-ի տնօրենի հետ, ինքը հղում է կատարել կառավարության որոշմանը, չնայած մինչ այդ հանրությանը հայտնի էր որպես տեխնիկական խափանում: Այս ամեն ինչը հանրային հնչեղություն է ստացել, մեծաթիվ մարդիկ հետևում էին հեռուստաալիքի հաղորդումներին, մանավանդ Ապրիլյան պատերազմի զոհերի, առաջնագծի մասին ռեպորտաժներին, ես ուզում էի ասել, որ երկկողմանի պայմանավորվածությամբ կարող էին ռեբրենդինգի արդյունքում անվանափոխված հեռուստաընկերության տնօրինության հետ կապ հաստատել և լուծել խնդիրը»:
«Եթե 2020թ. փետրվարի 10-ին որոշում է կայացվել, ինչո՞ւ է մինչև մայիս ամիսը հեռարձակումը եղել և եթե դա բարի կամքի դրսևորում էր, ապա ինչո՞ւ է հիմա վերացել: Եթե ինչ-որ քաղաքական ենթատեքստ չկա, ինչո՞ւ փշերով ընդունվեց հարցը, խուսափեցին հարցին պատասխանելուց»,- նշել է Դավիթ Գալստյանը՝ տեղեկացնելով, որ մտադիր է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինության տրամադրած լիցենզիաները փոխանցել են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին:
Ի դեպ, «Հրապարակ»-ին տված մեկնաբանության մեջ Վահրամ Պողոսյանը հերքել է քաղաքական գործոնի ազդեցությունը պատճառաբանելով՝ «Միայն հինգերորդ ալիքը չէ, որ քննադատում է, «Երկիր մեդիան» էլ կա, «Արմենիան» է հակաիշխանական հեռուստատեսություն, բայց դրանք սոցփաթեթով հեռարձակվում են»:
Այնուամենայնիվ, անզեն աչքով ակնառու քաղաքական դրդապատճառներով ալիքի հեռարձակման դադարեցումը քողարկելու համար գտնվել են համապատասխան իրավական գունավորումներ:
Հարց է առաջանում, «5-րդ ալիք»-ի հեռարձակումը դադարեցնելու պատճառաբանությունների մեջ արդյո՞ք տեղավորվում է նաև Հայ Առաքելական եկեղեցու «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաալիքի հեռարձակման խափանումը:
«Ապառաժ»