Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
18-ամյա Լիլին առաջին հայացքից կենսուրախ ու անհոգ աղջնակի տպավորություն է թողնում, սիրում է երաժշտություն լսել, պարել, սակայն քչերը գիտեն, որ երբ նա ուրախ երաժշտության տակ պարում է, նշանակում է անտրամադիր է և տխուր:
Լիլին անչափահաս էր, երբ հայտնվեց անազատության մեջ: 10 տղաների հետ ավազակային հարձակում կատարելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված աղջիկը զղջում է կատարածի համար:
«Ճիշտն ասած, ընդհանրապես գաղութ հասկացողությունը չեմ պատկերացրել՝ ինչ տեղ ա, ինչ ձևի ա»,- ասում է նա և խոստովանում` հանցանքը կատարել է պահի ազդեցության տակ:
Լիլին, 8-րդ դասարանից դուրս գալով դպրոցից, սուպերմարկետում փաթեթավորող է աշխատել, հանցակիցները նրա բակի տղաներն են եղել, ասում է՝ հետներն այնքան էլ շփում չի ունեցել: «Ես իմ համար չեմ գնացել այդ քայլին, մեր խմբի տղաներից մեկի համար եմ արել, ինքն արդն բռնված էր, տուգանք էին ուզում, որ ազատեին, ընկա իրանց ազգդեցության տակ… Ուղղակի, որ ես մեկին ընկերական նվիրվում եմ, ամեն ինչ կանեմ իրա համար»,- պատմում է նա:
Ավազակային հարձակում կատարած խմբի անդամներից ոմանք համաներմամբ ազատ են արձակվել, ոմանք ազատվելուց հետո կրկին՝ այլ հանցանքի համար դատապարտվել: Լիլին կալանավայրում իր օրը լցնում է՝ համրիչներ ու ուլունքներով նկարներ պատրաստելով, ասում է` ինչ մտքին գալիս է, այդ պահին ստեղծագործում է:
Ընտանիքից հեռու գտնվելով՝ աղջիկը խստովանում է` շատ բան է կորցրել, ամենակարևորը` հոր վստահությունը: «Պապայիս կանչել էին ոստիկանություն, ասել էին, որ Ձեր աղջկան էս ինչ հոդվածով բռնել ենք, պապաս ասել էր`ես աղջկ չունեմ…»: Լիլին այս հարցում հորը չի մեղադրում, ասում է` դրա իրավունքն ուներ: Քանի որ ծնողներն ամուսնալուծված են, կալանքի տակ գտնվելու ընթացքում աղջիկը տարբեր մարդկանց միջոցով է փորձել հոր համարն իմանալ: «Սայթով մեկը հորս ասել էր, որ աղջիկդ համարդ է ուզում, կարևոր բան ունի հետդ խոսելու, պատասխանել էր, որ համար չունի տալու և չի ճանաչում ոչ մեկին»:
Լիլին ազատ արձակվելուց հետո մեծ ցանկություն ունի հանդիպելու հորը, ասում է` շատ բաներ ունի նրան ասելու, բացատրելու: Խոսելով երբեմնի երազանքների մասին՝ աղջիկը պատմում է, որ ժամանակին շատ էր ուզում զինվորական դառնալ` գնալ ծառայության: Խոստովանում է, եթե գնար բանակ, գոնե ինչ-որ մեկին օգուտ կտար, իսկ այստեղ երկու տարուց ավելի է «ծառայում է», բայց …
Լիլին պատմում է, որ ժամանակին թեթև ատլետիկայով էր զբաղվում, դուրս գալուց հետո կցանկանար շարունակել, բայց մտավախություն ունի` «ոչ մեկ նստած-հելածին չի ընդունի»: Սակայն Լիլին այդ մտքից ամենևին էլ չի կաշկանդվում: «Թող ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ»,- ասում է նա ու ցույց տալիս ձեռքերի վրա ինքնուրույն արած դաջվածքները: «Ճիշտ ասած, ես տատուի հանդեպ թուլություն ունեմ, եթե ինձ մնար` ողջ մարմինս տատու կանեի, բայց մենակ իմ ծնողի մտածելու համար չեմ անում: Ընդհանրապես, էնպիսի բնավորություն ունեմ, որ ուրիշների ասածներին ուշադրություն չեմ դարձնում, ոնց են նայում»: Լիլիի խոսքով՝ եթե տղա լինի, ով իր դաջվածքների համար իրեն չի ընդունի, թող չընդունի: «Ես մտածում եմ՝ եթե սիրի, ոնց աղջիկը կա` իրա թերություններով և վատ կողմերով, կընդունի»: Լիլին կալանավայրում հաճախ է ծանր ապրումներ ունենում: Երբ երաժշտությունն ու պարն այլևս ի զորու չեն սփոփել նրան, աղջիկը դիմում է ածելու «օգնությանը»: Լիլին մի ժամանակ պարբերաբար ինքնավնասման փորձեր էր կատարում, հիմա մի փոքր հանգստացել է, ասում է` մոր խաթր այլևս չի անում:
«Մաման ասում ա, որ դու տենց անում ես, ոչ մեկին վնաս չես տալիս, դու քեզ ես վնասում, մաման ասում ա՝ եթե իմանամ իմ թևերը փրթեմ, քեզ ըտեղից բաց կթողեն, թևերս չէ` կոկորդս էլ կբացեմ, բայց եթե գիտես չի լինելու, խի՞ ես անում: Ես ասեցի, որ դա ընդամենը պահի պոռթկումներ են, ես էդ պահին էնքան լարված եմ լինում, որ չեմ մտածում ինչ եմ անում»: Կալանավայրում շատերի պես Լիլիի միակ ցանկությունն էլ ազատության մեջ հայտնվելն է: «Ազատությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի»,- ասում է նա ու ժպտում` երբ դուրս գա, կյանքը զրոյից է սկսելու, զրոյից, ասել է թե՝ նորից է ծնվելու:
Մանրամասները ` yerkir.am-ի տեսանյութում:
Հ. Գ. Թեև կալանավորն ինքն է պատրաստակամություն հայտնել խոսել տեսախցիկի առջև և հրապարակել անունը, սակայն հասկանալի պատճառներով հոդվածում փոխված է նրա անունը, իսկ տեսանյութում դեմքը ծածկված է:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ