կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 13:11
Աշխարհ

Գուտերեշը նախազգուշացրել է պարենային աղետի սպառնալիքի մասին

Գուտերեշը նախազգուշացրել է պարենային աղետի սպառնալիքի մասին

Կորոնավիրուսային համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն. այս մասին նշված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա՝ COVID-19 համավարակը սպառնալիք է ներկայացնում աշխարհի առավել խոցերի հանրույթներին սնունդով ապահովելուն. «Գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով»,- նախազգուշացնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու հավելում. «Սա նաև կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ընթացիկ իրավիճակը կարող է վերածվել գլոբալ պարենային աղետի»։

Պաշտոնյայի խոսքով՝ շատ երկրներ արդեն զգում են սննդամթերքի սուր պակասը:

«Դեռևս մինչև համավարակի սկսվելը հարյուր միլիոնավոր մարդիկ քաղցում ու թերսնվում էին»,- նշել է նա:

ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը մի շարք հանձնարարականներ է տվել: Նրա կարծիքով՝ պետությունները, մասնավորապես, պետք է ապահովեն պարենային հատվածի աշխատողների պատշաճ պաշտպանությունը, համոզվեն, որ հումանիտար օգնության շրջանակում սննդամթերքի չափազանց կարեւոր մատակարարումները առանց խոչընդոտների հասնում են բնակչության առավել խոցելի խմբերին:

Գուտերեշն այն կարծիքին է՝ անհրաժեշտ է առևտրային միջանցքները բաց պահել ու ապահովել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի անընդհատությունը:

Բացի այդ, նրա պնդմամբ, անհրաժեշտ է ընդլայնել տեղեկությունների փոխանակման մասշտաբները, որպեսզի առավել օպերատիվորեն ստացվեն տվյալներն «այն մասին, թե ով է տառապում սովից ու թերսնումից, որտեղ են գտնվում և ինչպիսի աջակցություն է նրանց անհրաժեշտ ցույց տալ»:

«Երկրները պետք է ապահովեն երաշխավորված հասանելիություն անվտանգ, սննդարար մթերքներին, հատկապես մանկահասակ երեխաների, հղիների ու կերակրող մայրերի, տարեցների ու ռիսկի այլ խմբերի ներկայացուցիչների համար»,- հստակեցված է Գուտերեշի գրառման մեջ։

Միևնույն ժամանակ Գուտերեշը հորդորել է աջակցություն ցույց տալ երեխաներին, որոնք այլևս հասանելիություն չունեն դպրոցական սնունդից օգտվելու. «Ներկայումս այս խմբի թվաքանակը կազմում է մոտ 352 միլիոն մարդ»,- նշված է պաշտոնական փաստաթղթում: