Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաեւ մարզային հիվանդանոցները, եւ վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաեւ դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն:
Ինչպես հայտնի է, եւ ինչպես նշել էր Փաշինյանը, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված անձ սպասում է իր հոսպիտալացման հերթին, եւ ուրեմն ստացվում է՝ նոր մահճակալների եւ հիվանդանոցների կարիքը պետք է օր առաջ լրացնել: Սակայն, ինչպես արդեն հայտնեց մամուլի խոսնակը, դեռ հստակ ժամկետներ չկան:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, եւ հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, եւ անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ինչեւէ, փորձեցինք ոլորտի մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից պարզել՝ ինչ է պետք հիվանդանոցները վերապրոֆիլացնելու համար, եւ արդյոք ուշացած չէր այն հիմա իրականացնելը: «Այո, կարելի է նախապատրաստել, այնքան էլ բարդ գործընթաց չէ: Հիվանդանոցներում հիմնականում պետք է հոսքերի տարանջատման խնդիր լինի, քանի որ այլ հիվանդներ են ընդունվում:
Պետք է համապատասխան ախտորոշման եւ ախտահանման համար ստորաբաժանումներ ստեղծվեն, արտահագուստներ տրամադրվեն, շնչառական սարքավորումների տրամադրում, նաեւ մոնիտորներ», – նշեց նա: Մկրտչյանն ամեն դեպքում նկատեց, որ սա պետք է վաղուց արվեր, եւ ընդգծեց, որ վերապրոֆիլացումը կախված է նաեւ հիվանդանոցների մեկնարկային վիճակից: Հավելենք, որ այս հարցում պետք է հիվանդանոցներին օգնի Առողջապահության նախարարությունը, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում