կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-05-28 09:25
Հասարակություն

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ մայիսի 28-ին, նշում է Առաջին Հանրապետության օրը: Այն պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Մայիսի 28-ը հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։     

1918թ. մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Հիմնական խմբավորումը գրավել էր Սարդարապատ կայարանը եւ ծրագրում էր հարձակվել ու գրավել Երեւանը։ Սարդարապատում ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից եւ Ղարաքիլիսայում հերոսական պայքարից հետո մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։ Այդպիսով, վերականգնվեց սեփական հայրենիքում 9 դար առաջ կորցրած պետականությունը: 

Հայաստանի Անկախության հռչակագրում այս առնչությամբ, մասնավորապես, ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։

Դժբախտաբար, կարճ ժամանակ անց՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Խորհրդային բանակի ներխուժմամբ Հայաստանը կորցրեց անկախությունը։

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում. այն հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այնուամենայնիվ, այս տարի պայմանավորված երկրում կորոնավիորուսային համավարակի բռնկմամբ Սարդարապատ տրանսպորտային միջոցների և մարդկանց մուտքն արգելված է։