կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 21:50
Տնտեսական

Կառավարությունը պետք է ճիշտ ազդակներ փոխանցի հանրությանը, որ բոլորը գոտիները ձգեն. Սուրեն Պարսյան

Կառավարությունը պետք է ճիշտ ազդակներ փոխանցի հանրությանը, որ բոլորը գոտիները ձգեն. Սուրեն Պարսյան

NewArmenia.am – ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

-Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկում է մայիս ամսին 100,000 դրամ տալ յուրաքանչյուր ընտանիքի, իսկ թոշակառուներին հավելյալ թոշակ։ Որքանո՞վ է իրատեսական այս առաջարկը և արդյոք կառավարությունն ունի՞ այդ հնարավորությունը, որովհետև այսօր՝ ԱԺ-ում, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նման հնարավորություն իրենք չունեն։

—Այդ գումարների ծախսելու հնարավորությունը կա, բայց այդ գումարները ծախսելը Մարուքյանի տարբերակով, տնտեսապես նպատակահարմար չէ և սոցիալական տեսանկյունից անհասցե է։ Մեր գումարները պետք է պահենք սև օրվա համար, իսկ սև օրերը դեռ առջևում են։

Պիտի ապահովենք մեր տնտեսության, բնակչության անվտանգությունը, սոցիալական հարցերը և այլն, գալու է պահ, որ կառավարությունը խնդիր է ունենալու պետական բյուջեով նախատեսված թոշակները, աշխատավարձերը վճարել և այդ գումարը մեզ համար պետք է՝ որպես անվտանգության բարձիկ։

Ցավում եմ, որ ֆինանսների նախարարը չհամարձակվեց հայտարարել, որ այս գումարը մեզ պետք է հետագա ճգնաժամի խնդիրները հաղթահարելու համար ու երկար-բարակ բացատրեց գանձապետական համակարգի աշխատանքը։

-Ըստ Ձեզ, ինչու՞ Ֆինանսների նախարարը հենց այդպես՝ ուղիղ տեքստով չասաց այդ մասին։

-Կարծում եմ, սխալ է անում, որ ուղիղ տեքստով չի ասում, բայց հիմնականում ակնհայտ է, որ քաղաքական խնդիր են ուզում լուծել, որ, ենթադրենք, մեծ բացասական ալիք չբարձրացնեն, բայց այս իրավիճակում, կարծում եմ, կառավարությունը ճիշտ կանի, որ ճիշտ ազդակներ փոխանցի հանրությանը, բիզնեսին, որ բոլորը գոտիները ձգեն, հասկանան, որ ամեն դրամը պետք է մտածված ծախսեն, շռայլությունների ժամանակ չունենք և մոտակա մեկ տարին իրոք լինելու է լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային տարի, որի հետևանքով տուժելու են բոլորը։

Կառավարության հիմնական գործը պետք է լինի այն, որ այդ վնասը արդարացի բաշխվի հանրության միջև՝ շատ ունեցողը պետք է ավելի շատ կորցնի, չունեցողը՝ ավելի քիչ, հակառակ դեպքում սոցիալական խնդիրներն ավելի կսրվեն։

-Ըստ Ձեզ, կկարողանա՞ կառավարությունն այնպես անել, որ, ինչպես նշեցիք, այդ վնասը արդարացի բաշխվի։

-Կառավարությունը և խորհրդարանական ընդդիմությունը իրար արժեն, երկուսն էլ պոպուլիստական հայտարարություններ են անում։ Կառավարությունը մի կողմից հայտարարում է, թե մի՛ վճարեք կոմունալները, ոչ ոք հոսանքից ու գազից չի զրկվելու, խորհրդարանական ընդդիմությունն էլ ասում է՝ այդ փողերը եկեք մայիսին ծախսենք, բայց դե հունիս-հուլիս ամիսներին ինչ պիտի անենք, ոչ մեկ դրա պատասխանը չի տալիս։

Նշեմ, որ մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը կառավարությանը փաթեթ էր առաջարկել, որով կոչ էր անում, որ գոտիների ձգման քաղաքականություն որդեգրեն, ավելորդ ծախսեր չանեն, բոլոր ծախսերը ուղղեն ինքնամեկուսացման, բուժման, միայն պարենին, մնացած ծախսերը կրճատել, բայց կառավարությունը որոշեց գնալ իր պոպուլիստական մոտեցումներով։

Արդեն 14 հատ փաթեթ է ստեղծել, որոնց ծախսված գումարների մի մասը լրիվ անարդյունավետ է, օրինակ՝ տուրիստական ընկերություններին մինչև 50 միլիոն դրամ վարկ ենք տրամադրում, որ ի՞նչ անի ինքը այս իրավիճակում, երբ որ տուրիզմ չկա։

Քրիստինե Աղաբեկյան