կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 17:03
Հասարակություն

Հայոց ցեղասպանություն. պատճառները, նախորդող իրադարձությունները եւ հետեւանքների վերացման ուղղությամբ անելիքները

Հայոց  ցեղասպանություն.  պատճառները, նախորդող իրադարձությունները եւ հետեւանքների վերացման ուղղությամբ անելիքները

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և թվում է, որ մեր պատմության ամենացավոտ ու ամենաողբերգական էջի մասին թե՛ հայ և թե՛ օտար շատ հեղինակների կողմից ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակված ապրիլի 24-ը, որովհետև 1915թ. հենց այդ օրը Կ. Պոլսում ձերբակալվեցին ավելի քան 800 հայ մտավորականներ։ Բայց 1915 թ. ապրիլին նախորդել են մի շարք կարևոր իրադարձություններ և երիտթուրքական կառավարության կողմից այդ ոճրագործության կազմակերպման առնվազն հինգ տարվա ժամանակահատված, եթե համարենք, որ Հայոց ցեղասպանության ծրագիրը ներկայացվել է Թալեաթի կողմից 1910 թ. Սալոնիկի կոմիտեի նիստում։ Հայոց ցեղասպանության պատճառները թե՛ ազգային էին, թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ պատմական ու մշակութային։ Ուստի պատահական չէ, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն էականորեն տարբերվում էր Աբդուլ Համիդ II-ի կողմից կազմակերպված ջարդերից թե՛ իր ծավալներով, թե՛ նպատակներով, թե՛ իրականացման եղանակով և թե՛  համակարգված բնույթով, և պատահական չէին 1915 թ. օգոստոսի 31-ին Հենրի Մորգենթաուին  Թալեաթի ասած հեգնական խոսքերը «Հայկական հարցը լուծելու առումով ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ երեսուն տարում»:

 1908 թ. հուլիսի 10 (23)-ի պետական հեղաշրջման արդյունքում «ազատություն, հավասարություն, եղբայրություն» լոզունգներով իշխանության եկան երիտթուրքերը և «Իթթիհատ վե Թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը:

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը երկրի բոլոր ժողովուրդների շրջանում մեծ խանդավառություն առաջացրեց, մանավանդ երբ երիտթուրքական հեղաշր­ջումից հետո հայերը ևս հռչակվեցին Օսմանյան կայսրության «իրավա­հավասար» քաղաքացիներ։ Երիտթուրք պարագլուխները սկզբում հմտո­րեն թաքցնում էին իրենց ազգայնամոլությունը՝  ներկայանալով որպես Օս­ման­յան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան, սակայն կարճ ժամանակ անց ցույց տվեցին իրենց իրական դեմքը և աստիճանաբար  սաստկացրին ազգային հալածանքները, ազգայնամոլությունը բարձրացրին պետական քաղաքականության աստիճանի՝ այդ հարցում հետ չմնալով Աբդուլ Համիդ II-ից: Հայկական նահանգներում կամայականություններն ու բռնությունները հիշեցնում էին Աբդուլ Համիդի օրերը: «Հետզհետէ անտանելի կը դառնային մանաւանդ համաթուրանական գաղափարախօսութեամբ «թիւրքճի» շարժման ճնշումները՝ օսմանեան պետութեան ոչ թուրք փոքրամասնութիւններուն նկատմամբ» Երիտթուրքերի պանթուրքիստական ծրագրերը պաշտպանում և խրախուսում էր նրանց դաշնակից Գերմանիան, որը ևս իր շահերն էր հետապնդում տարածաշրջանում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական. վերջինները սերտորեն առնչվում էին Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցման Գերմանիայի նպատակների հետ: 1910 թ. Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջանակներում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. մի կողմից՝ երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից՝ կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Այսպես՝ հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «…պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և այնտեղ վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների։ Այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կանջատվի Ռուսաստանից» Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:

 Նույն՝ 1910 թ. «Իթթիհատ»-ի Սալոնիկի կոմիտեի գաղտնի նիստում Թալեաթը ներկայացնում է հայերի և կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության  ծրագիրը. «Դուք գիտեք, որ սահմանադրությամբ մահմեդականների և քրիստոնյաների հավասարություն է հաստատվել, բայց դուք բոլորդ միասին և ամեն մեկդ առանձին գիտեք և զգում եք նաև, որ դա անիրականանալի գաղափար է: Շարիաթը, մեր անցյալի ամբողջ պատմությունը, հարյուրավոր մահմեդականների զգացմունքները և նույնիսկ իրենց՝ քիստոնյաների զգացումը, որոնք համառորեն դիմադրում են օսմանականացման ամեն մի փորձի դեմ, անհաղթահարելի պատնեշ են իսկական հավասարության համար: Ուստի հավասարության մասին խոսք անգամ չի կարող լինել մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք հաջողությամբ չենք պսակել կայսրության օսմանականացման մեր ծրագիրը»:

Թալեաթի այս միտքն ամբողջացնում է երիտթուրք պարագլուխներից մեկը՝ դոկտոր Նազըմը՝ հայտարարելով. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքը ապրի ու լիիշխան տեր լինի: Թող չքվեն բոլոր ոչ թուրք տարրերը, ինչ ազգության ու կրոնի էլ պատկանելիս լինեն»:
Նույն թվականի սեպտեմբերի 29-ին Կ. Պոլսում ռուսական դեսպանատան խորհրդական Սվեչինին՝ Էրզրումում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը, հանդես է գալիս «սահմանադրական» Թուրքիայում տիրող իրավիճակի մասին զեկույցով։ Զեկույցում կարդում ենք. «Չնայած սահմանադրությանը, որ մտցված է արդեն երկու տարի սրանից առաջ, և թուրքերի ու հայերի միջև քաղաքացիության թվացյալ հավասարեցմանը, վերջիններս թուրքերի հետ ընդհարվելիս միշտ մեղավոր են դուրս գալիս և պատժվում ամենայն խստությամբ ըստ հնացած սկզբունքի. հայ է, ուրեմն մեղավոր է… Հին վարչակարգի օրոք հայկական շատ հողային կալվածքներ ժամանակավոր օգտագործման տրվեցին մուսուլմաններին: Իսկ այժմ, երբ պետական կյանքի փոփոխված կարգի պայմաններում հայ հողատերերը ջանում են հետ վերցնել իրենց կալվածքները, միշտ բախումներ են տեղի ունենում, որոնք մեծ մասամբ ավարտվում են ի վնաս հայերի»:
1911 թ. սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 9-ը Սալոնիկում տեղի ունեցավ «Իթթիհատի» IV համագումարը, որտեղ հստակեցվեց հայերի բնաջնջման ծրագիրը.  «Այս համագումարի ժամանակ պատվիրակների մեծ մասն ընդունել է, որ կայսրության օսմանականացման համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, այն է՝ ոչ թուրք ժողովուրդների բռնի ուծացումը: Նույն համագումարի փակ նիստում արդեն նախագծվել էին Օսմանյան Կայսրության ժողովուրդների, առաջին հերթին՝ հայերի և հույների բռնի թուրքացման ծրագրի իրականացման կոնկրետ միջոցառումները, որոնց շարքում նախատեսվում էին նաև բնակչության բռնի տարագրումը և բնաջնջումը՝ աքսորի ճանապարհների կամ վերաբնակեցման վայրերում»:

1914 թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIX դ. վերջին և XX դ. սկզբին ձևավորված միմյանց թշնամի երկու ռազմաքաղաքական խմբավորումներն էին՝ Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Եռյակ դաշինքը՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որոնց այնուհետև միացավ Թուրքիան: 1914 թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը  ներքին գործերի նախարար Թալեաթի, զինվորական նախարար Էնվերի և ռազմածովային նախարար Ջեմալի գլխավորությամբ մտավ պատերազմի մեջ: Համոզված լինելով, որ Գերմանիան է հաղթելու պատերազմում, երիտթուրքերը Գերմանիայի հետ դաշնակցելը համարում էին ընձեռված հնարավորություն, իսկ պատերազմը՝ պատեհ առիթ իրենց պանթուրքիստական երազանքի իրականացման համար:
««Իթթիհատ վե Թերագգը» ոճրագործ կուսակցությունը խանդավառված էր պատերազմի ստեղծած պատեհ առիթով: Երիտթուրքերի պարագլուխների համար պատերազմն ասես մի մանանա էր՝ իջած երկնքից: Եկել էր «մեկ տարրից կազմված ու բաղկացած ազգ» ստեղծելու ժամանակը»:
 1914 թ. հոկտեմբերի վերջին Թուրքիան մտավ պատերազմի մեջ և զորահավաք հայտարարեց։ Արևմտահայերը ևս զորակոչվեցին բանակ և 1915 թ. զինաթափվելով սպանվեցին: Պատերազմի մեջ մտնելով՝ երիտթուրքերն ունեին իրենց հստակ նպատակները. «Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր պատճառը Հայկական հարցի «լուծումն» էր»: Երիտթուրքերը պատերազմի մեջ մտան իրենց զավթողական ծրագրերն իրագործելու նպատակով և իրենց նպատակին հասնելու ճանապարհին կանգ չառան անգամ ամենաստոր և վայրենի մեթոդների առաջ.«Մտնելով պատերազմի մեջ՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու՝ հեռուն գնացող ծրագրեր ուներ: Մասնավորապես նախատեսվում էր կայսրությանը միացնել Անդրկովկասը, Հս. Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը, Պովոլժիեն: Եվ այդ նպատակի իրականացման ճանապարհին նվաճողները պետք է ոչնչացնեին նախ և առաջ հայ ժողովրդին, որն ուներ ռուսական կողմնորոշում և հակադրվում էր պանթուրքիստների զավթողական ծրագրերին»:
 Հենց այդ նպատակով էլ. «1914 թ. հոկտեմբերին ներքին գործերի նախարար Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե»-ն, որին հանձնարարվել էր կազմակերպել հայ բնակչության կոտորածը»:
 Այդ կոմիտեի կազմում ընդգրկվեցին երիտթուրք պարագլուխներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը և Շուքրին: Հանձնախմբին տրվեցին լայն լիազորություններ, զենք և դրամական միջոցներ: Աննախընթաց արագությամբ և ի վնաս հայ ժողովրդի զարգացող իրավիճակից ելնելով՝ Արևելյան բյուրոն Ռուսաստանի պետական շրջանակներում ջանքեր էր թափում արևմտահայության փրկության համար:
Պատերազմին ընդառաջ ստեղծվում է Թիֆլիսի Ազգային բյուրոն, որի անդամների հիմնական մասը դաշնակցականներ էին։ Ազգային բյուրոն իր վրա է վերցնում կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքները: 1914 թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ: Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հետագայում կազմավորվում է նաև հինգերորդ կամավորական ջոկատը՝ Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) հրամանատարությամբ: Ավելի ուշ կազմավորվում են ևս երեք ջոկատներ:

Արևմտահայերը՝ որպես օրինապահ քաղաքացիներ,  փորձում էին հնարավորինս ենթարկվել կառավարության հրահանգներին. «Հայերի օրինապահությունը, սակայն, նրանց չփրկեց սպասվելիք աղետներից: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ հայերը ինչպես էլ իրենց պահեին, միևնույն է, իթթիհադականներն արդեն վերջնական որոշում էին կայացրել նրանց  իսպառ բնաջնջելու մասին»:

Իթթիհատականները, ինչպես արդեն ասացինք, հայերի բնաջնջման որոշումը կայացրել էին դեռևս Սալոնիկի 1910-1911 թթ.  ժողովների ժամանակ. «Այսպիսով Պանթյուրքիզմը դառնում է Թուրքիայի քաղաքականություն: Սալոնիկի 1910 եւ 1911 թվականների համաժողովների որոշումները՝ կայսրությունը օսմանցիականացնելու եւ մահմեդականացնելու մասին, նշանակում էր հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի ընդունում»:
 Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին «սեպի պես խրված» էր Հայաստանը, և հայ ժողովուրդը պետք է դառնար այդ ծրագրի առաջին զոհը: Սա էր գլխավոր պատճառը, որ «Իթթիհատը»  առանձնահատուկ թշնամությամբ էր լցված հայ ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ, որը համարում էր առավել վտանգավոր Օսմանյան կայսրության համար, իսկ հայ ժողովուրդը երիտթուրքերի ընկալմամբ խոչընդոտելու էր «թուրք ազգի և էթնիկ թուրքական պետության» ձևավորումը. «Կայսրության նկարագիրը պետք է լինի մահմեդական: Պետք է ապահովվի մահմեդական հաստատությունների և ավանդությունների հանդեպ հարգանքը: Պետք է մերժել այլացեղ ազգությունների իրենց մեջ կազմակերպվելու իրավունքը…»:

Երիտթուրքական համագումարի որոշման այսպիսի ձևակերպումը նշանակում էր, որ արևմտահայության մահվան վճիռն արդեն կայացված էր: Եվ ինչպես Թուրքիայի ներքին գործերի նախարարության (Թալեաթի ստորագրությամբ) հետագայում արձակված հրամանագրերից մեկում ենք կարդում. «Հայերու համար Թուրքիոյ հողին մէջ ապրելու, աշխատելու պէս իրաւունքներ ամբողջովին ջնջուած են եւ այս մասին կառաւարութիւնը, բովանդակ      պատասխանատուութիւնը ստանձնելով, հրամայած է նոյն իսկ օրօրոցի մանուկները չթողուլ…»:
 Թալեաթի ասած «Թուրքիոյ հողը» Արևմտյան Հայաստանն էր, որը թուրքացնելու համար նրա բնիկ՝ հայ ժողովրդին բնաջնջելու որոշում էր կայացվել պանթուրքիզմը որդեգրած երիտթուրքերի կողմից, քանի որ «Ամբողջ թուրք պատմութեան ժառանգներն էին անոնք: Իթթիհատէն առաջ՝ երկրին մէջ գոյութիւն առած իշխանութեան բոլոր ձեւերուն, ամենէն ազատականներուն, ինչպէս ամենէն բարբարոսներուն օրով միշտ տեղի ունեցեր էին անոնք»:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին արդեն ձևավորվել և ավարտուն տեսք էր ստացել երիտթուրքերի պանթուրքիստական գաղափարախոսությունը. «1908-1914 թթ. երիտթուրքական պետական ու քաղաքական կառավարման մոտավորապես վեց տարիների ընթացքում որոշակի դարձավ նրանց թուրքիստական ու պանթուրքիստական գաղափարախոսությունը…

Բեռլինում դաստիարակված երիտասարդ թուրքերը Ալթայ գնալու կումիս խմելու երազներ էին հյուսում: Ըստ նրանց՝ Թուրքիայի տիրապետությունը պետք է տարածվեր մինչև թուրքերի նախահայր Էրթողրլուի ծննդավայրը, մինչև գորշ գայլի հայրենիքը՝ Սինցզյանի անապատները»: 1908-1914 թթ. հայ ազգի  պատմության բարդ ու հակասական մի ժամանակաշրջան էր, երբ անգամ ազգային քաղաքական կուսակցությունները մի քանի անգամ փոփոխեցին իրենց մարտավարությունն ու օրակարգային խնդիրները՝ փորձելով մե՛րթ խորհրդարանական լեգալ պայքարով, մե՛րթ Անտանտի դաշնակիցների օգնությամբ փրկել  հայ ժողովրդին սպասվող արհավիրքից։ Սակայն պետք է ասել, որ հայ քաղաքական կուսակցությունների ջանքերը, փաստորեն, ապարդյուն անցան, քանի որ նրանք թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով անհավասար պայքարի մեջ էին մտել իրենց ժողովրդի համար խիստ աննպաստ պայմաններում, բայց այլ ելք էլ չկար. պայքարի մեջ չմտնելը կնշանակեր հաշտվել հայ ժողովրդի մահվան դատավճռի հետ,  և Կովկասյան ճակատում հայ կամավորների  ներկայությունը  պայմանավորված էր հենց արևմտահայությանը փրկելու ձգտումներով։ Իսկ ինչո՞ւ պայքարը ծավալվեց Կովկասյան ճակատում և ոչ թե Օսմանյան կայսրության ներսում։ Պատճառն այն էր, որ տղամարդկանց զորակոչել էին օսմանյան բանակ, զինաթափել և սպանել, իսկ Կովկասյան ճակատի փոքրաթիվ հայ կամավորներն առաջ էին շարժվում դաշնակից Ռուսաստանի զորքերի հետ։

 Հարկ է նշել նաև, որ Ռուսաստանը, փաստորեն,  կարողացավ հայերին ներքաշել պատերազմի մեջ, օգտվել հայկական ռազմական ուժից, սակայն վճռորոշ պահերին ռուսական զորքերը նահանջում էին՝ ռազմաճակատը թողնելով փոքրաթիվ հայ կամավորների պաշտպանությանը։ Կովկասյան ճակատում հայ կամավորների  ներկայությունն ավելի գրգռեց արդեն վաղուց Հայոց ցեղասպանության ծրագիրը մշակած երիտթուրքերին, որոնք  հմտորեն օգտագործեցին այդ հանգամանքը և իրենց ցեղասպանական քաղաքականությունն արդարացնելու համար ստեղծեցին հայության իբրեւ թե խաղացած  հինգերորդ շարասյան դերի մասին թեզը: Օգտագործելով Կովկասյան ճակատում հայ կամավորների  ներկայությունը՝ թուրք ազգայնամոլները. «…ամենուրեք մեղադրանքներ էին տեղում հայ քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ դաշնակցության վրա...»։ Երիտթուրքերի նմանատիպ հայտարարություններն ու պնդումներն ընդամենը պատրվակ էին բացատրելու համար իրենց կառավարության հայահալած քաղաքականությունն ու մոտ ապագայում իրենց կողմից իրականացվելիք հայկական կոտորածների «դրդապատճառները»: «Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Օսմանյան կայսրության կառավարողներն իրենց տրամադրության տակ ունեին մարդատյաց գաղափարների մի հզոր զինանոց: Այդ զինանոցի բոլոր զենքերը, առավել ևս իսլամիզմն ու պանիսլամիզմը, թուրքիզմն ու պանթուրքիզմը դժբախտ ճակատագրի բերումով ամենից առաջ ուղղվել էին հայ ժողովրդի դեմ»։

Առաջին համաշխարհային պատերազմը ոչ միայն երիտթուրքերի համար  իրենց պանթուրքիստական ծրագրերն իրագործելու հնարավորություն ստեղծեց, այլև շեղեց գերտերությունների ուշադրությունը հայկական բարենորոգումների ծրագրից. «Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի ջանքերով ընդունված հունվարի 26-ի համաձայնագիրը՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու մասին, օրակարգից հանեց Առաջին համաշխարհային պատերազմը»:
Արդեն 1914 թ. վերջերից սկսած՝ իրադարձություններն ընթացան ի վնաս հայության. ՀՅ Դաշնակցության Արևելյան  բյուրոն զրկվեց Կ. Պոլսի և «Երկրի» ղեկավարության հետ շփումներից,  ցիրուցան եղավ Հայաստանի բյուրոն, որի անդամներից ոմանք՝ Ակնունի, Վռամյան, Սարգիս Բարսեղյան, Ռուբեն Զարդարյան, ղեկավար մի շարք գործիչների՝ Վանա Իշխանի, Հարություն Շահրիկյանի, Գարեգին Խաժակի, Հրաչի, Վարդգեսի, դոկտոր Կ. Փաշայանի հետ  1915 թ.  Հայոց ցեղասպանության առաջին զոհերից էին:

1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրանց հետևած հարյուրավոր հայ մտավորականների սպանություններով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը:

1915 թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն սպանվեց առանձնակի դաժանությամբ:

Արևմտահայությանը զրկելով կազմակերպող ու պաշտպանող ուժերից, և մեկուսացնելով արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին` անպաշտպան ու անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին ու բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որի նպատակը  հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումն ու հայրենազրկումն էր:

Ցեղասպաններին, սակայն, Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում անակնկալ էր սպասվում. արևմտահայության մի հատվածը վճռել էր` եթե մեռնել, ապա զենքը ձեռքին, մարտիկի պես կռվելով։   ՀՅԴ-ն ձերբակալությունից մի կերպ խույս տված իր մի խումբ գործիչների  ջանքերով  Հայոց ցեղասպանության այդ օրերին մի շարք հայաբնակ վայրերում` Վանում, Շապին-Գարահիսարում, Ուրֆայում (Եդեսիա), Տարոն-Սասունում և Մուսա լեռան վրա, կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանական ուժեր և դիմադրություն ցույց տալ ոճրագործներին, իսկ հայոց հինավուրց մայրաքաղաքներից Վանում` Արամ  Մանուկյանի գլխավորությամբ ստեղծել ազգային իշխանություն։ Վանի անկախությունը, ցավոք սրտի, տևեց ընդամենը 70 օր. 1915թ. հուլիսին ռուսական զորքերը նահանջեցին Վանից՝ իրենց հետ տանելով նաև զենք-զինամթերքը, և վանեցիները ստիպված էին հետևել նրանց։ Սակայն Վանի կարճատև անկախության ու  իր նահանգապետության 70 օրերի ընթացքում Արամ Մանուկյանը մեծ փորձ ձեռք բերեց, որը նա կիրառեց արդեն Երևանի նահանգում իր պետականաստեղծ գործունեության ընթացքում: Եվ չնայած ինքնապաշտպանության դիմած բնակավայրերն ի վերջո հայաթափվեցին, իսկ փրկված բնակիչներն ապաստան գտան Արևելյան Հայաստանում, այնուամենայնիվ չենք կարող չարձանագրել այն փաստը, որ այդ ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ հարյուր հազարավոր հայեր փրկվեցին անխուսափելի թվացող բնաջնջումից, և արդեն 105 տարի անց ինքնապաշտպանական այդ մարտերը մեզ համար ոչ միայն պատմական իրողություն են ու ակնածանքի արժանի  հերոսականություն, այլև մեծ դաս, որովհետև Վանում, Շապին-Գարահիսարում, Ուրֆայում (Եդեսիա), Տարոն-Սասունում և Մուսա լեռան վրա կռվող մեր նախնիներն իրենց օրինակով մեզ ցույց տվեցին, որ փրկության հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա  և ճակատագրական պահերին ապավինել միայն զինված դիմադրությանը...

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Հայոց ցեղասպանությունը թուրքական պետության կողմից ծրագրվել ու կազմակերպվել է ամենաուշը 1910 թ. Սալոնիկի ժողովում, որի նպատակը թուրքական նկարագիր ունեցող Թուրքիա պետության կազմավորումն ու պանթյուրքիզմի գաղափարախոսության իրականացումն էր։ Այդ ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ Թուրքիան տեսնում էր Հայաստանն ու հայ ժողովրդին, ընդ որում, պանթուրքիզմի ծրագրերում նաև Արևելյան Հայաստանի և արևելահայության բնաջնջումն էր, որին, սակայն Թուրքիան չհասավ. Մայիսյան հերոսամարտերը կտրեցին պանթուրքիզմի ճանապարհը:

Ճանաչում, դատապարտում և հատուցում

Թուրքիան փորձեց Հայկական հարցը լուծել արևմտահայության բնաջնջմամբ, սակայն փաստացի իր վերջնական նպատակին նա չհասավ, որովհետև աշխարհասփյուռ հայությունը Հայկական հարցը վերածեց Հայ դատի և  պայքար սկսեց իր խախտված իրավունքների վերականգնման համար։ Երկարատև ու անզիջում այդ պայքարի շնորհիվ այսօր երկու տասնյակից ավելի պետություններ և մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայ դատի հանձնախմբերը լծվել են պայքարի հաջորդ փուլին` հատուցման պահանջատիրությանը, ինչը շատ ավելի դժվար և աշխատատար գործընթաց է, և դա՝ նաև այն պատճառով, որ ներկայիս Թուրքիան հրաժարվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց։ Սակայն հայության և նրա շահերը ներկայացնող Հայ դատի հանձնախմբերի կողմից փոխհատուցման հասնելու պահանջի բավարարումն անհնար չէ, եթե իհարկե Հայաստանի Հանրապետությունը ևս հանդես գա պահանջատիրական դիրքերից և հստակ մշակված պետական քաղաքականությամբ  հատուցման պահանջ դնի Թուրքիայի Հանրապետության առջև, նամանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը մեկ անգամ արդեն դրել է նման պահանջ և հասել Սևրի պայմանագրի ու Վիլսոնյան իրավարար վճռի փաստին, ինչը նշանակում է, որ միջազգային կառույցները դեռևս 100 տարի առաջ են ճանաչել հայ ժողովրդի իրավունքներն Արևմտյան Հայաստանում։ Եվ  քանի որ Հայաստանի ներկայիս հանրապետությունը Առաջին հանրապետության իրավահաջորդն է, հետևաբար իրավունք ունի պահանջելու Թուրքիայի Հանրապետության կողմից օկուպացված իր տարածքների վերադարձը: Նման պահանջ  ներկայացնելու համար, սակայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է մտածի թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով, գերտերությունների հետ  փոխհարաբերությունների մեջ, առավել մեծ կշիռ ներկայացնող գործոն դառնալու մասին, քանի որ քաղաքական տեսանկյունից մի բան է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, մեկ այլ բան է դրա  իրավական լուծման հեռանկարով  շահագրգռված լինելը, քանի որ այդ իրավական լուծումը կարող է ուղղակիորեն իր անդրադարձն ունենալ  մի շարք պետությունների քաղաքական շահերի վրա:

 

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.