Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոսանջելեսահայերի շրջանում դժգոհությունների ալիք է հասունանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի գործունեության հետ կապված։
Բանն այն է, որ պատերազմի ընթացքում Լոս Անջելեսի հայ համայնքի ջանքերով զգալի քանակի հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան, սակայն, երբ բեռնափոխադրման հետ կապված խնդիրներ են առաջացել, Սինանյանին չի հաջողվել լուծել դրանք։ Փոխարենը հումանիտար օգնության՝ Հայաստան հասնելուց հետո նա արագ հավաքել է լրատվամիջոցներին և հենց օդանավակայանում ցուցադրել իր «աշխատանքի» արդյունքը։
Խոսքը հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթի մասին է, երբ Թուրքիան խոչընդոտներ էր հարուցել իր օդային տարածքով Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար։ Ի վերջո, Լոս Անջելեսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բանակցություններ էին վարել «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության տնօրինության հետ և կազմակերպել բեռների անարգել տեղափոխումը Հայաստան։ Իսկ դրանից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցներում Սինանյանը դժգոհել էր, որ հումանիտար օգնությունն անկազմակերպ է հավաքվել։
«Մարդիկ բաներ էին հավաքում, որոնք պետք չէր, օրինակ՝ սնունդ, մինիմալ փաթեթավորմամբ ինչ–որ ձևով լցնում էին ինքնաթիռի մեջ և ուղարկում։ Արդյունքում՝ ստիպված էինք լինում օդանավակայանում սորտավորել բեռները»,– նշել էր նա։
Մինչդեռ՝ փաստն այն է, որ միայն հոկտեմբերի 19–ին «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռով տեղափոխված հումանիտար բեռների մեջ, ի թիվս տոննաներով դեղորայքի և պարենային ապրանքների, եղել են 6000–ից ավելի քնապարկ, ամերիկահայ բժիշկների կողմից ուղարկված 150 տեսակի թանկարժեք բժշկական սարքավորումներ, որոնք այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չեն ծառայել իրենց նպատակին։
Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ մարդասիրական օգնությունը փոխանցվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հաշվեկշռին, որն էլ իր հերթին, ըստ նշանակության, պետք է բաշխեր տարբեր գերատեսչությունների։ Սակայն այդ գործընթացն այնքան անկազմակերպ է եղել, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում այդպես էլ ո՛չ քնապարկերն են հասել ռազմաճակատ, ո՛չ էլ բժշկական սարքավորումներն են ուղարկվել հիվանդանոցներ։ Միայն պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի կեսերին է որոշվել բժշկական սարքավորումների ճակատագիրը, իսկ թե ներկայումս որտեղ են ուղարկված քնապարկերը, այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել։
Այս ամենից մնում է միայն ենթադրել, որ Սինանյանի համար առաջնահերթությունը ոչ թե ուղարկված օգնությունը նպատակին հասցնելն էր, այլ Սփյուռքից ուղարկված օգնության հաշվին սեփական PR–ը կազմակերպելը։