կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 16:10
Իրավական

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետև այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց:

Չգիտեմ պատմությունը հարյուր տարի հետո կանիծի այսօրվա սերունդին, թե` ոչ, բայց մի բան կա, որ ոչ այսօրվա սերունդը, ոչ էլ՝ վաղվա, չի կարող չարձանագրել. Գեներալ Մանվելը ոչ միայն պաշտպանել է հայ ազգի անվտանգությունը՝ հերթական անգամ ցեղասպանվելուց, այլ նաև ազատագրել է Մայր Հայաստանի տարածքի մի փոքր մասը և ամենակարևորը, այն կարողացել է նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին: Գաղտնիք չէ, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացան այս վերջին մեկ տարում ու հասան ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում: 

Պարզ է, որ դրսի բուժման բացակայության պայմաններում մեկ օրից, մեկ ամսից, թե Աստված գիտի երբ, Մանվել Գրիգորյանը մահանալու է: Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ:

Այսօր Գրիգորյանի առողջության վերականգնման համար պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս առողջությունը վերականգնելու համար»։