կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 19:01
Տնտեսական

Օֆշորային գոտում գրանցված ընկերությունը 251.065.000 դրամ հարկային պարտավորություն ունի

Օֆշորային գոտում գրանցված ընկերությունը 251.065.000 դրամ հարկային պարտավորություն ունի

Խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կենտրոնի հարկային տեսչությունից ստացված փաստաթղթերի հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ մայրաքաղաքի Մոսկովյան 35 հասցեում «Կա ընդ Ակ» ՍՊ ընկերությունը կառուցել է բազմաբնակարան շենք, որի բոլոր միավորներն օտարել է Հայաստանում պետական գրանցում չունեցող օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող 3 ընկերության: Դրանք են «Ակ ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ»-ը, «ԱԻԳ»-ը և «Լասկեդ Լիմիթեդ»-ը: Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները:

«Չհաշվարկած և պետական բյուջե չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության հարկային պարտավորությունները ԱԱՀ-ի և շահութահարկի գծով՝ առանց տույժերի և տուգանքների, կազմել են 251.065.000 դրամ»,-տեղեկացնում է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար: Նշենք, որ 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում ազատազրկմամբ' հինգից տասը տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ, եթե արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Միևնույն ժամանակ 189-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ 205-րդ հոդվածով նախատ եսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: