կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 13:05
Հասարակություն

Ինչու՞ է զգուշացնում Լավրովը. պատմաբանի անդրադարձը

Ինչու՞ է զգուշացնում Լավրովը. պատմաբանի անդրադարձը

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ նախօրեին արված հայտարարությանը։

Ներկայացնում ենք պատմաբանի անդրադարձն ամբողջությամբ.

«Պարզապես պատմաբանի դիտարկում.
105 տարի տարի առաջ ցեղասպան թուրքին հավուր պատշաճի դիմադրություն չկազմակերպելու ամենատարածված պատճառաբանություն այն է, որ թուրքական ծրագրերի սարսափելի բնույթը չէինք պատկերացնում, տեղյակ չէին, պատրաստ չէինք:
Հիմա չեմ ուզում մտնել այդ դեպքերի վերաբերյալ քննարկումների մեջ:
Չեմ ուզում նաև չափազանցել, բայց ... ԼԻՆԵՆՔ ԻՐԱՏԵՍ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆՔ ԼԱՎՐՈՎԻՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՄԵԶ ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Հ. Գ.Մոսկվայում աշխատած իմ դիվանագետ ընկերներից մեկը պատմում է, որ Լավրովը միշտ է մեզ հուշել, այս այսքան բացահայտ՝ երբեք...
Հ. Գ. 2
Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ էր Լավրովը մեզ զգուշացնում:
Ասեմ, պատասխանը պատմական ակունքներ ունի:
1920 թ. ամռան վերջին Խորհրդային Ռուսաստանն արդեն վերջնական որոշում ուներ Հայաստանը խորհրդայնացնելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն էլ, ի թիվս այլ ծանրակշիռ հիմնավորումների, քաջ գիտակցելով, որ Հայաստանի խորհրդայնացումը նշանակում է անկախության կորուստ, ընդդիմանում էր: Բոլշևիկներն իրենց սև գործը հեշտացնելու համար որոշեցին օգտվել քեմալական Թուրքիայի ծառայություններից: Նրանք զենք, փող տվեցին թուրքերին, որ վերջիններս արևմուտքից հարձակվեն Հայաստանի վրա:
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին հարձակվել Հայաստանի վրա: Ըստ պայմանավորվածության՝ թուրքերը պետք է հասնեին մինչև ՍԱՐԻՂԱՄԻՇ (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 144, ց. 2, գ. 25, թ. 94): Հետո էր, որ թուրքերը, խախտելով նախնական համաձայնությունը, ավելի առաջ խորացան, գրավեցին ԿԱՐՍԸ, հասան մինչև ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ (ԳՅՈՒՄՐԻ) և շատ դժկամությամբ հեռացան այնտեղից մինչը ընդամենը ԱԽՈՒՐՅԱՆԻ աջ ափը: (Տեղանունները հատուկ եմ ամբողջությամբ գլխատառերով գրել):
Ի դեպ, նշեմ, որ քեմալականներն էլ իրենց հերթին կարողացել էին համոզել Մոսկվայի բոլշևիկներին, որ իրենց օգնությամբ հեշտությամբ կարելի է բոլշևիկյան հեղափոխություն իրականացնել Արևելքի երկրներում և «հենվելով Արևելքի բազմամիլիոն մահմեդական զանգվածների վրա, խորտակել Անգլիայի աշխարհակալությյունը՝ Հնդկաստանում եւ այլուր»: Հայ բոլշևիկները կարծում էին, որ քեմալականների միջամտությունը Հայաստանի խորհրդայնացմանը բխում է հայ և թուրք ժողովուրդների «շահերից»: Հայհեղկոմի նախագահ Ս. Կասյանը գրում է, որ Հայաստանի խորհրդայնացումով հաղթեցին «խորհրդային Հայաստանի ու աշխատավորական Տաճկաստանի ազատ ժողովուրդների եղբայրական համերաշխությունն ու համաձայնությունը» (տե՛ս Կասյան Ս., Ընտիր երկեր, Երևան, 1967, էջ 181):
Վերադառնանք մեր նյութին: Ի՞նչ է զգուշացնում Լավրովը:
Լավրովն ասում է, որ մենք սկզբունքորեն որոշել ենք, որ պետք է խաղաղապահ ուժեր տեղակայենք Արցախում: Իսկ թե կոնկրետ որտեղով պետք է անցնի խաղաղապահների տեղակայման գիծը, կորոշովի ըստ ուժերի (հայ և ադրբեջանական) հարաբերակցության: Իսկ ուժերի հարաբերակցությունը որոշելու ձևերից մեկը պատերազմն է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Ասածս չի ենթադրում, որ ի սկզբանե պետք է հալած յուղի տեղ ընդունել խաղաղապահների տեղակայումը: Եթե այն մեզ պետք չէ, պետք է ընդդիմանալ, բայց եթե ընդդիմանալը մեր ուժերից վեր է, պետք է պատրաստ լինել գոնե Արցախի սահմանների հարցում զիջումներ չանել, էլ չեմ ասում, որ հնարավորության դեպքում հետ բերել Շահումյանն ու մնացածները:
Լավրովը հուշում է, որ Ադրբեջանին ոչ ոք չի խանգարելու պատերազմ սկսել:
Կրկնում եմ, սրանք պատմաբանի դիտարկումներ են: Ես բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ»։