կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 21:17
Քաղաքական

Իշխանությունն իր թերացումները լրագրողների վրա է բարդում. Մեդիա պաշտպան

Իշխանությունն իր թերացումները լրագրողների վրա է բարդում. Մեդիա պաշտպան

Մեդիապաշտպանն անդրադարձել է վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերի հեռարձակման միջադեպին, դրա հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգատրիտա Գրիգորյանի, ինչպես նաև ուղերձի ուղիղ հեռարձակման պատասխանատու Վարդան Հակոբյանի աշխատանքից ազատման դիմում գրելուն:

Մեդիապաշտպանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև.

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ ներկայացնելով կատարվածի հետ կապված իր տեսակետը։ «Մեդիա պաշտպանը» հետևում էր իրավիճակի հետ կապված զարգացումներին, պետք է արձանագրենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կատարվածի ողջ պատասխանատվությունը գցեց Հանրային հեռուստաընկերության վրա՝ պահանջելով պարզաբանում, մինչդեռ իր բաժին մեղքը չընդունեց։

Միջադեպի հետ կապված այսօր իր կարծիքն էր հայտնել վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը՝ գրելով․ «Քանի որ ինքս եմ անմիջականորեն շփվել, տվել, լսել և կատարել բոլոր հրահանգները, հարկ եմ համարում պարզաբանել։ Հուսով եմ, տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել` «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է։ Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ես ինքս եմ բարձրացնում այս հարցը․ գտնվելով նույն սենյակում գործընկներների հետ, հայտնելով նրանց եթեր մտնելու մասին, ուրիշ է՞լ ում պետք է հայտնեի այդ սենյակում կամ այդ սենյակից դուրս»։

Ի դեպ, Վարդան Հակոբյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Լիլիթ Մակունցը նշեց, որ պատասխանատուները պետք է պատժվեն, հնչեցվեց նաև ՀՌՀ-ի անունը։ Թեև Նիկոլ Փաշինյանը երեկվա իր լայվում կատարվածին մեծ ուշադրություն չտվեց՝ օրինակ բերելով խորհրդային տարիներին սովորող աշակերտներին, որոնք մտածում էին, թե ուսուցիչը հաց չի ուտում և զուգարան չի գնում, վարչապետը նշեց, որ վատ երևույթ է տեղի ունեցել, սովորական աշխատանքային վիճակ էր։ Ստացվում է, վարչապետը լայվով ապատեղեկատվություն է տարածում, թե կատարվածն իրեն չի հուզել։
«Մեդիա պաշտպան»-ը մտահոգություն է հայտնում, որ ներկա իշխանությունն իր թերացումները լրագրողների վրա է բարդում եւ սրա ապացույցը նաեւ վարչապետի ապրիլի 19-ի լայվն էր։