Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լենինգրադյան փողոցի ամեն մի հատված առանձին նշանակություն ունի, օրինավոր քաղաքացիների բնակության վայրից մինչև անհասկանալի կարգավիճակով միգրանտների կացարաններով, միջին կարգի զվարճատեղերից մինչև սուպերմարկետների հետ ոտք ձգելու հայտ ներկայացնող խանութներով, հետխորհրդային տարիներին սնկի պես աճած ռեստորաններից մինչև դրանց դիմացի մայթերին հերթապահող հատուկ վարքի կանանցով ու նրանց սպասարկմանը հատուկ ծառայող տաքսիների շարքով: Անտեղյակների համար ասեմ, որ Լենինգրադյանը առավել ևս հիմա նախկին Լենինգրադ, այժմ Պետերբուրգ անվանյալ բնակավայրի հետ ոչ մի կապ չունի: Այն Երևանի փողոցներից մեկն է, որ ձգվում է Հրազդան գետի աջ ափից սկսյալ և ավարտվում դեպի Աշտարակ տանող ճանփաբաժանը: Նախորդ դարի կեսերին այն քաղաքի ծայրամասն էր՝ մի հատվածում կենտրոնացված անասնագոմերով, որոնք վերափոխվել ու մի կերպ հարմարեցվել էին բնակության համար: Իսկ բնակեցրել էին այնտեղ բոշաներին՝ միաժամանակ տեղ հատկացնելով նաև հայ հայրենադարձներին, որոնք աշխարհի ծայրերից, իրենց ստեղծած քիչ թե շատ հարմարավետ պայմանները թողնելով, եկել էին՝ Հայրենիք կառուցելու: Նրանց մեջ քիչ չէին Ֆրանսայից գաղթյալները, որ թուրքի յաթաղանից փրկվածների զավակներ էին և Ֆրանսայում էին հայտնվել՝ իրենց հայրերի երկար ու տանջալից դեգերումներից հետո:
Երբ նոր թաղամասում սկսեցին բնակելի շենքեր կառուցել, առաջինը նրանցում հենց այդ նախկին գոմերի չարչարյալներին բնակարան հատկացրին: Մնացյալ բնակիչների մեծ մասը հանրապետության հեռու ու մոտ շրջաններից քաղաք տեղափոխվածներ էին, որոնց երբ հարցնում էիր՝ որտեղացի՞ ես, առանց աչքը թարթելու պատասխանում էին ՝ երևանցի՛: Պետք է մի լավ քրքրեիր, որ խոսքի մեջ պատմեին իրենց գորիսեցի, ապարանցի, մի այլ տեղացի լինելը: Քաղաքացի լինելը մոդա էր, ինչպես որ մոդա էր ռուսերեն մի քանի բառի իմացությամբ իրենց ռուսախոս ներկայացնելը:
Բոշաների համար բնակարաններում հայտնվելը նորություն էր, ու երկար ժամանակ դեռ շրջում էին շենքից շենք՝ իրենց չուստերը մերկ ոտքերին, երկար փեշերով, իրենց ծծկեր-մանկահասակ երեխաներին շալերով ուսերից կախ: Ասում էին՝ Հունաստանից են եկել, հաստատվել այստեղ, հայերեն էին խոսում, իրարու մեջ՝ անծանոթ լեզվով կամ անհասկանալի բարբառով: Խորհրդային երկիրը, մեղմ ասած, քոչվորություն չէր հանդուրժում, և այս ընտանիքներին գոմ-բարաքներից մի օր տեղափոխեց բնակարաններ: Գողությունը շատ էր, ուսման հանդեպ ձգտումը՝ նվազագույն: Քայլում էին (մինչ հիմա էլ քայլում են) գլուխները՝ բարձր, ուղիղ, իբր աշխարհն իրենցն է: Իրենցից հավաքարարն էլ իրեն իրավասու է համարում քաղաքականության մասին լուրջ դատողություններ անելու, զրո կրթական ցենզով, կես գիրք չընթերցած:
Կենցաղվարության ա՛յլ կանոններ ունեին հայրենադարձները: Առաքինի մարդու կերպար էր Հակոբը, որին բոլորը Հակոբ Եղբայր-ով էին դիմում՝ որպես հարգանքի նշան: Բրիգադավար էր Դալմայի ագիներում կազմավորված սովխոզում( խորհրդային գյուղատնտեսական միավորում): Ասում էին՝ ձեռքը մաքուր, բարեհամբույր մարդ է, երեկոյան հոգնած կվերադառնար գործից, հարգալից կբարևեր հարևաններին, կմտներ տուն: Շատախոս չէր, բամբասանքի հետ գլուխ չուներ: Երկրորդ համաշխարհայինին եղել էր ֆրանսական ազատագրական բանակի զինվոր, երդվել էր Դը Գոլին, և դրա մասին, կարծեմ թե, չէր բարձրաձայնում, մինչև մի օր լուր եկավ արտասահմանից, թե իրեն Ֆրանսայի կառավարությունը փնտրում է: Ֆրանսան չէր մոռանում իր երկրի համար ծառայածներին, ու տասնամյակներ շարունակ հատուկ հաշվեհամարով կուտակել էր իր հին զինվորին հասանելիք՝ պետականորեն սահմանված թոշակ-պարգևավճարները: Հերիք չէ, դեռ՝ հետամուտ էր եղել գտնելու Հակոբին ու իր նմաններին կամ նրանց զավակներին՝ երախտագիտության իրենց բաժինը տեղ հասցնելու համար: Հակոբը դրանից չգոռոզացավ, իսկ իր կինը, որ միշտ էր աչքի ընկնում մաքրակենցաղությամբ և խիստ բարքով, ավելի խիստ ու լուրջ կեցվածք ընդունեց: Վերջինս թերևս միակն էր ինը մուտքանի շենքում, որ ամեն կիրակի եկեղեցի էր գնում՝ պատարագներին ներկա լինելու: Ապրում էին համեստ, չափավոր, միայն մի ավտոմեքենա ավելացավ բազմանդամ ընտանիքի ունեցվածքում, որ այն ժամանակ մեծ ճոխություն էր համարվում: Հետո այն ավտոմեքենան տասնամյակներ ծառայեց գերդաստանին՝ իբրև ապրուստի միակ միջոց, երբ Հակոբն այլևս չկար, սովխոզ էլ չկար, աշխատանք էլ, ցուրտումութ էր. կարծեմ՝ մինչև հիմա էլ ծառայում է՝ իբրև տաքսի:
Ցուրտումութ տարիները բաժին չհասան կոշկակար Ավոյին, որ շենքի առաջնամասին դեմ- դիմաց մի փոքր կրպակ ուներ և ողջ օրն այնտեղ էր: Մի թաղամաս, մի կոշկակար Ավո, կրպակի ներսը միշտ մարդաշատ էր, տղամարդկանց խոսքուզրույցի տեղ էր: Ավոն շրջակա շենքերի բնակիչներից երևի առաջիններից էր՝ գնաց Ամերիկա, որ էլ հետ չդառնա: Հպարտանալու բան էր, մի քանի տարի հետո եկել էր, իրեն ցույց տվել, ուրիշներին նայել: Իր եղբայրը, որ նույն շենքում էր ապրում՝ Ավոյի հարևանությամբ, սկզբում դեմ էր Ամերիկա գնալուն: Բարեկամների հորդորներին ընդդիմանում էր, մի հաց էր՝ այստեղ էլ էր վաստակում: Երեք դուստր ուներ, կինն էլ՝ անկողնին գամված: Հենց այդ վիճակում էլ չորրորդ դստերը ծննդաբերեց: Ասել էին՝ ծնի, գուցե ոտքի կանգնի: Չկանգնեց: Ազնիվ մարդ էրԱվոյի եղբայրը. մասնագիտությամբ վարորդ էր, երկար տարիներ տաքսի վարելով էր տուն պահում: Իր նեղ պահին էլ՝ մի կոպեկ ավելի չէր վերցնի ուղևորից: Պատմում էին՝ իր ճամպրուկը տաքսիում թողած ուղևորին հարցուփորձով, հասցեն ճշտելով, ուղեբեռը վերադարձրել էր՝ առանց անգամ կողպեքը բացելու: Կնոջ մա՞հն էր պատճառը, եղբոր օրինա՞կը, հասունացած ավագ դուստրերի պահա՞նջը, ինքն էլ թողեց գնաց՝ տարրալուծվելու ամերիկաների ժխորում:
Մեր անմիջապես հարևանությամբ ապրում էր մի այլ՝ նախկին ֆրանսահպատակ ընտանիք՝ Փիթի Մարին ու իր մայրը: Վերջինս բարի, տարեց կին էր, հարևանասեր, երիտասարդ հարևանուհիներին ձեռք մեկնող: Կարողություն չունեին, աղջիկը՝ Մարին, ո՛չ մասնագիտություն ուներ, ո՛չ աշխատանք: Ծերունու թոշակի հույսին էին: Բայց հերիք էր մեկը խնդրեր, թե՝ մի քանի ժամով երեխայիս նայիր, սիրով մայրը համաձայնում էր: Մարին հակապատկերն էր՝ դժկամ, դժգոհ: Փիթի՝ փնթի, հենց հայրենակիցներն էին անվանել՝ իր փնթիության համար: Փիթի Մարիի թաքուն երազանքն էր, ինչ գնով էլ լինի, հեռանալ Հայաստանից: Տարիները գլորվում էին, գնալով ծաղկուն և բարեկարգ դարձող Լենինգրադյան փողոցում իր երկսենյականոց բնակարանը ծերացող Մարիին բանտ էր թվում: Ու երբ ֆրանսական կառավարության կողմից հնարավորություն ընձեռնվեց սովետ երկրից հեռանալու, Մարին ոտքի կանգնեց: Մայրը դեմ էր, բայց ո՜վ էր մորը լսողը:
Փիթի Մարիին հարևան կանայք այցի են գնում՝ հրաժեշտ տալու: Սուրճի ու թխվածքի սեղանի շուրջ խոսքի ընթացքին Փիթի Մարիի կատիկը մի պատառ է թռնում: Հարևանուհին ջրով բաժակը մատուցում է, թե՝ Մարի՛, խմիր, չխեղդվես: «Խեղդվեմ էլ, Հայաստանի ջուրը չպիտի խմեմ»,- ասել էր Փիթի Մարին:
Լսել եմ՝ Ֆրանսայում Մարիի մայրը մահացել է, ինքն էլ մի անտերուդուրս մարդ է գտել, ասեկոսեներին ականջ չեմ դնում: Հիմա թե կենդանի էլ է, մի լավ ծերացած կլինի: Հայաստանի վերջին կում ջուրը ծանր եկա՞վ վրադ: Ցավ ի սրտե, գիտեմ այդպես անիծելով էլի հեռացողների: Ֆրանսայի հողերը՝ գլխիդ, Փիթի Մարի:
Հասմիկ Սարգսյան