Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժեւորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:
Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաեւ «Ոստիկանը մերն է» կոչերով: Առաջին հայացքից պարզ այս բառակապակցությունը ժողովրդի անունից ոստիկանին պատվիրակեց նոր առաքելություն՝ մեկընդմիշտ ամրագրելով ոստիկանության պատկանելիությունը:
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ երախտիքս ցանկանում եմ արտահայտել ընդամենը մեկ բառով եւ այն հասցնել ձեզանից յուրաքանչյուրին՝ շնորհակալությու՛ն:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Դուք գտնվում եք առաջնագծում, հանդիսանում հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկը: Լիարժեք չկրելով ձեր անտեսանելի աշխատանքի հաջողության բերկրանքը՝ ոչ բավարար արդյունքների դեպքում հաճախ քննադատվում եք: Մինչդեռ չեք հանձնվում, լուռ տանում եք դժվարությունները, գործում համբերատար, առանց շտապելու՝ քայլ առ քայլ մոտեցնելով հանցագործին արժանի հատուցման պահը:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Ձեր կատարած աշխատանքը հանրության աչքի առջեւ է եւ տեսանելի: Հիմնականում ձեր ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը, անմիջապես արձագանքում լավին կամ վատին: Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք օրնիբուն լուռ եւ անաղմուկ կատարում եք ձեր պարտականությունները, առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ապահովում եք հանրային անվտանգությունն ու անդորրը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին: Այսօր դուք հպարտ կանգնած եք Հայաստանի Հանրապետության սահմանին, միեւնույն ժամանակ ամենօրյա ծառայություն եք իրականացնում արտակարգ դրության պայմաններում: Ձեր կողքին նվիրվածության եւ անձնազոհության դասեր են քաղում նաեւ ապագա ոստիկանները՝ կրթահամալիրի սաները:
Շնորհակալությու՛ն ոստիկանության մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցներին, բոլոր-բոլորին՝ հանցագործի ձեռքը բռնողից մինչեւ ժողովրդին ծառայություն մատուցող:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին, մեր ավագներին. եղեք միշտ առողջ ու մեր շարքերում:
Շնորհակալությու՛ն ոստիկանի ընտանիքի անդամներին: Ձեր ոստիկան ամուսնու եւ զավակների հետ գրեթե հավասար կրում եք դժվարություններ ու զրկանքներ, անքուն գիշերներ անցկացնում նրանց սպասելով, տանն ու դրսում լրացնում նրանց բացակայությունը եւ չեք ընկրկում այս ամենի առջեւ:
Հավերժ փառք իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր գործընկերներին:
Սիրելի՛ ոստիկաններ, մենք միայնակ չենք այս պայքարում: Այս իրողությունն է ապահովել մեր բազում հաջողություններն ու հաղթանակները, լրացրել մեր բացթողումները, օգնել տեսնելու թերություններն ու համակարգում տեղ գտած բացասական երեւույթները: Այս պայքարում մշտապես մեր կողքին են եղել եւ կան երկրի բարձրագույն ղեկավարությունը, օրենսդիրը, ողջ իրավական համակարգը, զինված ուժերը, մյուս գերատեսչությունների մեր գործընկերները, լրագրողները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները եւ ամենից կարեւորը՝ Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին: Թույլ տվեք իմ եւ ձեր անունից բոլորին հայտնել առանձնահատուկ շնորհակալություն:
Մեր մասնագիտական տոնին ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ, ինքներս մեզ խոստում տանք անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, ապահովել Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված գործառույթների անվերապահ կատարումը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջադրած խնդիրների լուծումը դարձնել ուղենիշ եւ իրագործել օրենքի երկիր կառուցելու բոլորիս երազանքը:
Խոստանանք, որ չենք հանդուրժելու ոստիկանի կերպարին անհարիր որեւէ երեւույթ, չենք ներելու այս ուղուց շեղվողներին եւ ուսադիրի պատիվը արատավորողներին, անշեղորեն գնալու ենք մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների կատարելագործման, ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանությունում իրական եւ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով:
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ոստիկան»: