կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-17 17:24
Հասարակություն

Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան»

Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը առցանց մամուլում հետևել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 345 հոդված, որոնցից 78-ը եղել է բացասական, 14-ը՝ դրական, 253-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գտնվում է քննադատությունների կենտրոնում։ Բացասական հոդվածները տարաբնույթ են։ Կան թեմաներ, որոնք որևէ աղերս չունեն քաղաքականության հետ։ Մասնավորապես, Բորիս Մուրազին հիշել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո լինելը համարել էր փարիսեցիություն։

Իրավաբան Կարեն Զադոյանն իր հերթին ասել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխության նախագծում, ըստ կոալիցիայի, հանձնաժողովի անդամի եւ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները «խիստ իշխանամետ»  են։ Ըստ Կարեն Զադոյանի, լավ կլիներ, որ Արարատ Միրզոյանը լայնախոհություն ցուցաբերեր եւ հետ կանչեր նախագիծը։ Արարատ Միրզոյանն իր հերթին պատասխանել է, որ չեն կարող ամբողջ նախագիծը հետ կանչել մեկ ՀԿ-ի պահանջով։

Լրատվականները փոխանցում են, որ Արարատ Միրզոյանը վերջերս օդանավակայաններից մեկում սովորական ստուգում է անցել մինչ ինքնաթիռին մոտենալը։ Լրատվականները հիշել են, որ ժամանակին Արա Բաբլոյանը նույն իրավիճակում էր հայտնվել ու այն ժամանակվա ընդդիմադիրները մեծ աղմուկ էին բարձրացրել և հավելել են. «Այսօր թավշիստներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չի լսվում վերարկուն այլոց օգնությամբ հագնող, շորերն ինքնուրույն հանող Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին»:

Ընդդիմադիրները ակցիա էին իրականացնում Բաղրամյան 26-ում, ակտիվիստները պայթեցրել են փուչիկներ, որոնց վրա եղել են այն քաղաքական գործիչների նկարներն, ում գործողություններից նրանք դժգոհ են եղել։ Այդ փուչիկներից մեկի վրա եղել է նաև Արարատ Միրզոյանի նկարը։

Այսպիսով, Արարատ Միրզոյանն ավելի շատ քննադատվում է, ոչ թե քաղաքական ակտիվության, այլ իր նախկին հայտարարությունների պատճառով։ Արարատ Միրզոյանի նշած ՀԿ-ն անցած ճանապարհ ունի, հետևաբար, այս առճակատումը կարող է դեռ երկար տևել։