կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 14:03
Աշխարհ

Համաշխարհային ճանաչում ունեցող վարակաբանը համավարակի ավարտի երեք վարկած է ներկայացնում. Business Insider

Համաշխարհային ճանաչում ունեցող վարակաբանը համավարակի ավարտի երեք վարկած է ներկայացնում. Business Insider

Հավանորեն, հույս դնել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման վրա անիմաստ է. ըստ yerkir.am-ի` ամերիկյան Business Insider պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել խոլերայի, ՁԻԱՀ-ի, շնչառական վարակների դեմ հաղթական պայքար մղած` համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի վարակաբան, պոլիոմիելիտի պատվաստանյութը հայտնագործած Ալբերտ Սեյբինի աշակերտ Ջուլիո Տարոն:

«Եթե վիրուսն իսկապես ունի չինական և պադանյան (իտալական) տարատեսակներ, դժվար կլինի ստեղծել պատվաստանյութ, որն արդյունավետ կլինի երկու դեպքում էլ, ճիշտ այնպես, ինչպես գրիպի պատվաստանյութերը, որոնք համապիտանի չեն»,- ասել է նա:

Արդեն թոշակի անցած մասնագետը շեշտում է` ո՛չ ատիպիկ թոքաբորբի, ո՛չ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի պատվաստանյութ չէր ստեղծվել, սակայն մասնագետները սկսեցին դրանք բուժել արդեն ապաքինված մարդկանց հակամարմինների օգնությամբ: Ըստ նրա` նորմալ կյանքի վերադառնալու իրական տարբերակ է հակավիրուսային թերապիային անցնելը: «Հույս ունեմ, որ գիտությունն ու տաք եղանակը մեր դաշնակիցները կդառնան: Եվ հավատում եմ, որ ամռանը կարող ենք լողալու մեկնել: Չափազանց շատ մարդիկ են խոսում կորոնավիրուսի մասին` չհենվելով գիտական տվյալների վրա և չունենալով համապատասխան գիտելիքներ»,- ընդգծել է վարակաբանը:

Տարոն համոզված է, որ Covid-19-ի հետ կապված իրավիճակը փոքր-ինչ ուռճացված է: «Թեև այն բավականին անսովոր վիրուս է, բարեբախտաբար, մահացության մակարդակով չի համեմատվի ատիպիկ թոքաբորբի և նույնիսկ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի հետ, որը սպանում էր ամեն երրորդ հիվանդին: Այսօր մենք պայքարում ենք ոչ թե Էբոլայի, այլ մի թշնամու դեմ, որը մահաբեր չէ վարակվածների համարյա 96 տոկոսի համար»,- նշել է նա:

Ըստ վարակաբանի` Լոմբարդիայի առողջապահական համակարգի ճգնաժամը պայմանավորված է  մի շարք ուղեկից պատճառներով: «Հիմնախնդիրը մնացած 4 տոկոսն է`  մարդիկ միաժամանակ հիվանդացան: Գործնականում համարյա մեկ ամսում ունեցանք այնքան հիվանդ, որքան լինում է գրիպի ամբողջ սեզոնի ընթացքում: Այդ ալիքն անհնար էր հաղթահարել առողջապահական համակարգում վերջին մի քանի տարիներին կատարված կրճատումների պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 1997-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալների թիվը կրկնակի կրճատվել է: Եվ մենք բավականաչափ արագ չարձագանքեցինք, որպեսզի փոխհատուցենք վնասը»,- նշել է Տարոն:

Վարակաբանի խոսքով` Իտալիան, մասնավորապես Լոմբարդիան, շատ ժամանակ կորցրեց հունվարի 31-ին արտակարգ դրություն հայտարարելու և տեղերում համապատասխան միջոցառումներ իրականացնելու միջև: «Երբ Չինաստանից ստացվեցին առաջին նորությունները, ֆրանսիացիներն անմիջապես քայլեր ձեռնարկեցին և սկսեցին ավելացնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքների տեղերը, իսկ մենք` ոչ: Դրա փոխարեն նախընտրեցինք դադարեցնել Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը. լիովին անօգուտ միջոցառում: Էլ չեմ խոսում բժշկական դիմակների հետ կապված քաոսի մասին: Ճշմարտությունն այն է, որ դրանք սկզբում չունեինք, հետո սկսեցինք արտադրել և հիմա ասում ենք, որ դրանք բոլորին են անհրաժեշտ: Դա անհավանական է, հարկավոր էր հենց սկզբից  բոլորին խորհուրդ տալ կրել դրանք և հեռավորություն պահպանել, մինչդեռ դրա փոխարեն` մի բացթողում մյուսի հետևից: Լոմբարդիան ցանկանում էին փակել, ինչպես Չինաստանը, իսկ հետո հազարավոր մարդկանց թույլատրեցին մեկնել երկրի հարավ… Ազնվորեն ասած`այդպես էլ պարզ չէ, թե ինչ ռազմավարություն է մշակել կառավարությունը, իսկ վարակի զսպման միջոցառումներն ուշացումով կիրառվեցին»,- նշել է վարակաբանը:

Նա սխալ է համարում նաև տեղեկատվական ռազմավարությունը: «Տագնապը սթրեսի աղբյուր է, իսկ սթրեսը պարադոքսալ կերպով իմունային պաշտպանությունը նվազեցնող որոշիչ գործոն է: Դա հայտնի է բոլոր փորձագետներին, և այնուամենայնիվ, ամեն օր մենք հետևում ենք այդ անօգուտ թվերին, որոնք ներկայացնում է քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը: Այդ տվյալները ոչ մի բանի մասին չեն խոսում` մենք չգիտենք վարակվածների իրական թիվը, հետևաբար` բախվում ենք մահացության բարձրագույն մակարդակի: Անգլիական մի շարք հետազոտությունների համաձայն` վարակվածների թիվն ավելի մեծ է: Օքսֆորդի համալսարանի տվյալներով`  բնակչության 60-64 տոկոսը, Թագավորական քոլեջի տվյալներով` ամենաքիչը 6 միլիոն: Ըստ այս գնահատականների` մահացածների տոկոսը զգալիորեն նվազում է: Իմ կարծիքով` մենք կհասնենք 1 տոկոսի, ինչպես Չինաստանում»,- նշել է Տարոն:

Սպասելով իսկապես գործուն հակավիրուսային թերապիային` նա առաջ է քաշում համավարակի ավարտի երեք վարկած: «Այն կարող է ամբողջությամբ վերանալ, ինչպես առաջին ատիպիկ թոքաբորբը: Կարող է  կրկին ի հայտ գալ, ինչպես մերձավորարևելյան շնչառական համախտանիշը: Կարող է  սեզոնային հիվանդություն դառնալ, ինչպես թռչնի գրիպը: Այդ պատճառով ավելի շուտ հարկավոր է բուժում, այլ ոչ թե պատվաստանյութ: Փաստը, որ Աֆրիկայում վիրուսը չի տարածվում, ինձ ամռան հետ հույսեր կապելու հիմքեր է տալիս»,- ամփոփել է հանրահռչակ վարակաբանը: