ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դարձյալ՝ ուսուցիչներին:
Շատերը գիտեն ինչ եմ ասում և ինչու:
Բոլորից լավ դուք գիտեք, թե ինչը ոնց է եղել, դուք եք, որ ուսուցչանոցներում քննարկումներ եք արել, իրար հայտնել ձեր մտահոգությունները: Գիտեք նաև, թե 2018 թվականին ինչպես է որոշվել գնալ և ընտրել գործող վարչախմբին: Սպասում էիք որ լավ է լինելու, արդարացի սպասում էր ձևավորվել, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ: Դուք հասկանում եք, որ այս ձախողակները տեխնոլոգիաներ կիրառեցին, ձևավորեցին այդ սպասումը և հետո իրենց գործողություններով հիասթափեցրեցին բոլորիդ:
Ձեր շատ նախկին աշակերտներ այսօր անմահացել են, ցասումն ու կսկիծը սրտներումդ գնում եք դպրոց և վերադառնում: Եվ մի օր էլ, որ մի աշակերտ իր աշխարհագրության ուսուցչին հարցնում է, թե քանի քառ/կմ է Հայաստանը, քանի՞ քառ/կմ է մնացել Արցախից, չգիտեք ինչ ասեք, որ այդ երեխան հիասթափություն չապրի: Պատմության ուսուցիչների գործն էլ ավելի դժվար է, նրանք առանձնահատուկ կերպով էին պատմում հայ ազգի հերոսական որդիների մասին, տարբեր շրջաններում սխալների և ձեռքբերումների, պատմությունից դասեր քաղելու մասին: Այսօրվա դեպքերի մասին չգիտեն ինչ ասեն, ինչպես էլ որ փորձում են չեզոք բացատրություն տալ կամ խուսափել պատասխաններից, միևնույն է ստացվում է քաղաքական խոսակցություն:
Բարդ է սիրելի ուսուցիչներ, իսկապես բարդ է: Մի ամբողջ սերունդ ձեզ է նայում, լսում, սովորում և պատասխանում:
Գյուղական համայնքներում պատկերն ավելի քան խոսուն է:
Կարծում եմ՝ հենց դուք անելիք ունեք, դուք պետք է օգնեք, որ հայ ազգը ուղղի իր սխալները և վերադարձնի երբեմնի հպարտությունն ու ոգին: Արեք դա, դուք ձևը գիտեք»: