կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:22
Տնտեսական

Դժգոհություններ քաղաքացիներից. ի՞նչ կերպ են կիրառվում վարկային արձակուրդները

Դժգոհություններ քաղաքացիներից. ի՞նչ կերպ են կիրառվում վարկային արձակուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց։ 

Yerkir.am-ին զանգահարած քաղաքացին այսօր ասաց, որ ինքը շուրջ 7 տարի պարտաճանաչ վճարել է իր բնակարանի գնման հիփոթեքային վարկը, իսկ կորոնավիրուսի այս փուլում Ինեկոբանկը հայտարարված վարկային արձակուրդը  տրամադրել է ընդամենը մեկ ամիս՝ պարտադրելով հաջորդ ամսում միաժամանակ վճարել նաև նախորդ ամսվա ամբողջ գումարը։ 

«Ես վճարումներս կատարում եմ ամեն ամսվա սկզբին։ Մարտի 2-ին կատարել եմ հերթական վճարումս, ապրիլի 2-ին ինձ տրամադրվել է սահմանված արձակուրդը, իսկ ահա այս օրերին բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 30-ին ավարտվում է իմ վարկային արձակուրդը, և ես պարտավոր եմ արդեն մայիսի 2-ին վճարել և՛ մայիս ամսվա հերթական վճարս, և՛ ապրիլի 2-ին ապրիլ ամսվա չվճարածս գումարն՝ ամբողջովին», - նշեց վարկառու քաղաքացին՝ փաստելով, որ բանկի սահմանած այս պայմանները շատ խիստ են, և այս փուլում աշխատանքի չգնացած և ֆինանսական խնդիրներ ունեցած մարդու համար անհնար է միանգամից ամբողջությամբ վճարել միանգամից երկու ամսվա հիփոթեքային վարկի գումարները։ 

«Բնականաբար՝ բանկը շարժվում է իր բիզնես կանոններով, ես խորքի մեջ չեմ մեղադրում բանկին, ես դիմում եմ կառավարությանը և պահանջում՝ ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորություն ստեղծվի առանց այն էլ չափազանց կարճաժամկետ (ընդամենը 1 ամիս) վարկային արձակուրի այդ մեկ ամսվա գումարը գոնե մաս-մաս վճարել, այլապես՝ վարկային արձակուրդների մասին ամպագոռգոռ հայտարարություններն իրականում շատ չնչին առնչություն ունեն իրականության հետ, գոնե իմ օրինակը դա է ասում», - փաստեց քաղաքացին։