կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 14:05
Արցախ

Արցախ ներմուծվող 15 ապրանքատեսակներից 11-ի գներն աճել են

Արցախ ներմուծվող 15 ապրանքատեսակներից 11-ի գներն աճել են

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 10-ից ապրիլի 10 ընկած ժամանակահատվածում մի շարք ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների գների դինամիկան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:

«Ներմուծվող ապրանքներից ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գնային փոփոխություններ արձանագրած 15 ապրանքատեսակներ, որից 11-ի գները աճել են, 4-ինը՝ նվազել:

Ներմուծվող և գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում հանձնաժողովի վերահսկողության ներքո գտնվում են ադամաթուզի (գնաճ՝ 16 դրամ կամ 2.2%), բենզինի (գնանկում՝ 80 դրամ կամ 19.5%) և դիզվառելիքի (գնանկում՝ 40 դրամ կամ 9.1%) ապրանքային շուկաներում առկա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները, որոնց գնային քաղաքականության հիմնավորման՝ ձեռքբերման և իրացման գների փոփոխության համաչափությունը պարզելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն:

Տեղական արտադրության ուսումնասիրված 13 ապրանքատեսակներից արձանագրվել է 2 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 1 գնաճ (հավի ձու՝ 14 դրամ կամ 34.1%) և 1 գնանկում (խոզի միս՝ 83 դրամ կամ 2.8%): Մնացած տեղական արտադրության ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

Հավի ձվի գնաճին նախորդել է նշված ապրանքատեսակի գնանկում (2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում միջին գները նվազել են 18 դրամ կամ 30%), որը պայմանավորված էր ՀՀ շուկայում հավի ձվի ավելցուկով: Ներկայումս գործող 55 դրամ միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 դրամով կամ 20.3%-ով:

Մանրածախ առևտրի ոլորտում գնաճ արձանագրած ներմուծվող ապրանքատեսակները ներմուծվում են հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից, որպես օրինակ ներկայացվում է հնդկաձավարի գները՝ ըստ առևտրային կետերի:

Գրաֆիկներից պարզ է, որ որոշ սուբյեկտների կողմից իրացվող հնդկաձավարի գինը ուսումնասիրվող ժամանակահատվածում մնացել է նույնը կամ չնչին գնաճ է արձանագրել: Սա վկայում է այն մասին, որ գնաճ արձանագրվում է միայն նոր խմաբաքանակի ներմուծման դեպքում:

Վերոնշյալ վերլուծության գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից հավելվածով»,- նշված է հաղորդագրության մեջ: