Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 17:22
Տնտեսական

Վրաստանում սննդամթերքի գներն աճել են. «Սակստատ» վիճակագրության ազգային վարչություն

Վրաստանում սննդամթերքի գներն աճել են. «Սակստատ» վիճակագրության ազգային վարչություն

Վրաստանի «Սակստատ» վիճակագրության ազգային վարչությունը 2020 թվականի ապրիլի սննդի գները համեմատել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ. այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Պարզվել է՝ այս տարի, ի համեմատ նախորդ տարվա, մրգերի գներն աճել են 45%-ով, կաթնամթերքի գները` 23%-ով, մսամթերքինը` 15%-ով, իսկ հացամթերքինը` 8.4%-ով:

«Սակստատ»-ի տվյալներով` տարեկան գնաճը 2020 թվականի ապրիլին 6.9% է կազմել: Տարեկան գնաճի ձեւավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը, որտեղ գներն աճել են 16.1%-ով: 

Մասնավորապես, ի համեմատ նախորդ տարվա, աճել են հետևյալ ապրանքային խմբերի գները.

  • մրգեր եւ խաղող (45.4%), 
  • կաթ, պանիր եւ ձու (23.2%), 
  • շաքար, ջեմ եւ այլ քաղցրավենիքներ (16.9%), 
  • միս եւ մսամթերք (15 տոկոս), ձուկ (14.9%), 
  • բանջարեղեն և բոստանայիններ (14.1%), 
  • կարագ եւ ճարպեր (11.0%), 
  • հանքային եւ աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ եւ բնական հյութեր (10%), 
  • սուրճ, թեյ եւ կակաո (10%), 
  • հաց եւ հացաբուլկեղեն (8.4%):

Ապրիլին, ի համեմատ նախորդ տարվա, 4.9%-ով աճել են նաեւ առողջապահության գները: Մասնավորապես, գների բարձրացում է գրանցվել բժշկական պարագաների, սարքերի եւ սարքավորումների (8.4%) եւ ամբուլատոր բժշկական ծառայությունների (4.4%) ենթախմբերում: