Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 622 հազար 49-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 97 հազարը: Ապաքինվել է ավելի քան 366 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 157 հազար 22: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 15 հազար 843 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ:
Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 907 ընդհանուր, 42 նոր դեպքով։
Չինաստանում մահացել է 3 հազար 336 մարդ։
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 192: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 232 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 26 հազար 667 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 172 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 230 դեպք կա, Ռուսաստանում` 11 հազար 917: ՌԴ-ում մահացել է 94 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 512 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 993:
Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան
Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Խմբում ներառված են 10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով: Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցեն իրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված կատարվել է 2 մլն-ից ավելի թեստավորում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ԱՄՆ-ում կատարվել է 2 միլիոնից ավելի թեստավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսականծառայությունը: «Այլ երկրները նայում են, թե մենք ինչ ենք անում: Թեստավորման ոլորտում մեր գործունեությունն ամենաճշգրիտն է»,- ընդգծել է նախագահն ամենօրյա ճեպազրույցում:
Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրել է, որ ամերիկյան բժիշկները ներկայում փորձարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդի բուժման 19 տեսակի թերապիա, ևս 26 տիպի թերապիայի փորձարկում է սպասվում: Նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն հասել է հիվանդացության պիկին: «Նույնիսկ որոշ դեպքերում շարժվում ենք ներքև»,-հավելել է նա:
ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար
ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, « Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է ապրիլի 10-ին: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակում մի քանի ուղղություններով, մասնավորապես տրամադրում է բժշկական սարքավորումներ այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, աջակցում հումանիտար առաքելություններին տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հարցում:
Անտոնիո Գուտերեշը ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռ մարտի 25-ինՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով: Այն այս կառույցի առաջին խորհրդակցությունն էր համավարակի հարցով: Դիվանագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը շատ մեծ է, քանի այս կառույցը «կարող է նպաստել վարակի հետևանքների թուլացմանը խաղաղության ու անվտանգության համար»:
Անտոնիո Գուտերեշը դրական է համարել այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կրակի դադարեցման իր կոչն աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից: «Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ասիա մենք դիտարկում ենք, տեսնում ենք, թե կոնֆլիկտի կողմերը ինչպես են քայլեր ձեռնարկում համավարակի դեմ պայքարում և բռնության դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ որոշ կոնֆլիկտներ համավարակի պայմաններում նույնիսկ սրվել են և կոչ է արել պահպանել զգուշավորություն:
Տաջիկստանը փակել է սահմանը օտարերկրացիների համար
Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար՝ նպատակ ունենալով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու համար արտակարգ դրության միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների ելքն ու մուտքը երկրի բոլոր սահմանային անցակետերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է կառույցը, այս սահմանափակումները չեն առնչվում Տաջիկստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին:
Թրամփի ճեպազրույցներից առաջ լրագրողները կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ
Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:
«Սպիտակ տունը, ինչպես նաև Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կհանձնի էքսպրես թեստ՝ կապված կորոնավիրուսի հետ»,-նշում է լրատվական ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները ստուգելու են բոլոր նրանց, ովքեր կարող են անմիջական շփման մեջ գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Մայք Փենսի հետ:
Թաիլանդի 15 նահանգում ելքի սահմանափակումները խստացվել են
Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Թաիլանդի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղարը: Նշվում է, որ խիստ վերահսկողություն է սահմանվում քաղաքացիներիտեղաշարժի նկատմամբ նշված 15 նահանգների ամբողջ տարածքներում: Չոնբուրի նահանգում էլ, որտեղ գտնվում է աշխարհիամենահայտնի ծովափնյա քաղաքների մեկը Պատայան, նույնպես փակ է:
Թաիլանդի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ՝ 22:00-ից մինչև 4:00-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվել են ժամանցի վայրերը, առևտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Միշարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկում, մտցվել է ալոկոհոլ վաճառելու արգելք:
Գերմանիայում Զատկի տոնը խորհրդանշող շոկոլադե նապաստակները վաճառքի են հանվել պաշտպանիչ դիմակներով
Զատկին ընդառաջ Գերմանիայի առևտրի կետերում տոնը խորհրդանշող նապաստակները վաճառքի են հանվել բժշկական հագուստով և պաշտպանիչ դիմակներով՝ պատրաստված սև և սպիտակ շոկոլադից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ դա բուռն քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Մի մասը կարծում է, որ նման նապաստակների վաճառքը հաջող կատակ էր, մյուս մասը գտնում է, որ անճաշակություն է:
Այդ շոկոլադե նապաստակներն արտադրած «Wawi» ֆաբրիկայում հնչած կարծիքները զարմանք են առաջացրել: Այնտեղ նշվել է, որ ընդամենը ցանկանում էին մարդկանց մոտ ժպիտ առաջացնել:
Ամեն դեպքում ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել նրանցից, ովքեր այդ արտադրանքը տեսնելով վիարվորված են զգացել, և հույս է հայտնել, որ նույնիսկ այս դժվարին իրավիճակում մարդիկ չեն կորցնի հումորի զգացումը: Ընկերությունը հայտնել է, որ շոկոլադե նապաստակների վաճառքից ստացված գումարը կօգտագործի բարեգործական նպատակով: Ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 10 մլն շոկոլադե նապաստակ: