կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 22:55
Հասարակություն

Թուրքը բայց լավ էր խփում, ոնց որ կռիվ կինո նայեինք․ Քառօրյայի մասին՝ օպերային երգիչ-ՀՅԴ ազատամարտիկից

-Պռոշյանում էի։ Հետո որ սկսեցին խոսել, որ թուրքը հարձակվել է, էս Չեչենը զանգեց, ասաց՝ Ստեփականակերտում եմ։ Ասացի՝ հասկացա, ի՞նչ պիտի անեմ։ Ասաց՝ մտի մեր տները, զինվորական համազգեստները վերցրու՝ բատինկա, բան, քոնն էլ հետը վերցրու, արի Ստեփականակերտ։ Դե, ընկերները որ զանգում են, հո մի հատ էլ կյանքդ չես պատմի՝ հմի չեմ կարա։

Տիգրան Դավթյանը Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրենն է։ Զենք բռնելը, սակայն, նորություն չէր նրա համար․ դաշնակցական ստորաբաժանման կազմում ազատամարտն անցել էր ծայրից ծայր։ Հիմա էլ՝ 2016թ-ի ապրիլին, հենց լսեց դիրքեր գնալու առիթ կա, արյունը եռ եկավ։

-Ստեղ էլ ուրիշ ընկեր կար՝ մեր Արթուրը Հովհաննիսյան՝ Պըժը։ Պըժին էլ զանգեցի, բայց մեր մնացած տղերքը՝ մեր զորքը, մեր տղերքին միշտ «զորք» եմ ասում, Սովետաշենում ֆորմա էին ստանում, իսկ մենք՝ շատերս, ֆորմա, բատինկա տներում ունեինք։

Համընդհանուր՝ աշխարհազորայինի նման, հավաքվել էին։ Տիգրան Դավթյանը՝ Բետոնն էլ, գնաց, համազգեստները վերցրեց բոլորի տներից, մյուս ընկերն էլ ավտո տվեց՝ իր վարորդով, ու Պըժի հետ քշեցին, հասան Ստեփանակերտ։ Այնտեղ հավաքվեցին 22 հոգով, Չեչենը՝ Արայիկ Հովհաննիսյանը, դարձավ հրամանատար, Տիգրան Դավթյանը դարձավ տեղակալ, նստեցին ավտոները ու ուղիղ՝ «Եղնիկներ»։ Ղափանի տղերքը ուրիշ ուղղությամբ գնացին, մյուսները՝ ուրիշ, այդպես՝ մի քանի հարյուր հոգի բաժանվեցին դիրքերով։

-Թուրքը բայց լավ էր խփում, ոնց որ կռիվ կինո նայեինք։ Տենց խփին, խփին, մեկ էլ ասին՝ չէ․․․ մենք զորքի հետ էինք։

Շահեն Մեղրյանի հայրենի գյուղը՝ Գյուլիստանը, «Եղնիկների» քթի տակ է։

-Ես էլ մտածում էի՝ հեսա կասեն՝ Գյուլիստանը ազատագրել։ Ինձ ասացին՝ 22 փետ սարքի, ասացի՝ էտա հրաման են տալու՝ հելնենք սարը, որովհետև դրանով են սարը բարձրանում, որ ոտքերդ չսղա։ Ես ասի՝ էլի իմ բախտը ֆռաց, 20 տարի հետո էս ի՞նչ պիտի անեն էս անտառներում, երևի որ ապրիլի 17-ին Շահեն Մեղրյանի զոհվելու օրն է, հաստատ հիշատակի համար տենց բան կանեն։ Տենց քաղցր բան ունի Դաշնակցությունն իր մեջ՝ երբեք չի մոռանում։ Էն էլ հետո հանեցին վերև, իջացրեցին ու տենց էլ մնաց՝ ոնց կա, սահմանները մեր երկրի։

Տարածքում մատուռ կար, հենց հասան տեղ, այդ մատուռը մտան՝ ապրելու։

-էդ մատուռում ասացի՝ տղերք ջան, հայհոյանք չտաք։ Բայց դե, որ հայհոյանք էին տալի, ասում էի՝ տղերք ջան, դե հմի, մատուռի մեջն ենք, բայց որ մենք չլնենք, մատուռն էն ա՝ թուրքը կգա, կավիրի։ Հետո էլ Էջմիածնից եկան՝ «Տեր ողորմյան» ասին։ Ասի՝ ստեղ որ ապրում ենք, ոչի՞նչ։ Ասաց՝ բա որ դուք չլինեք, էսի կավիրվի։ Հետո իհարկե, երբ որ մայիսին երկրորդ անգամ գնացինք հերթապահելու նույն տեղը, տեսանք արդեն մատուռը զորքը մաքրել է։

Այդ մատուռի մեջ սկզբում ոչինչ չկար, ցեխ էր գետինը, նստել էին իրենց համար։ Մի քանի օր հետո մատրասներ բերեցին, գցեցին ցեխի վրա։ Հետո կամաց-կամաց՝ զինվորական մահճակալներ ավելացրին մատուռի մեջ։

-Ես ու Պըժը «Նու պագադին», «Վինի պուխը» թարգմանել էինք ու տենց իրար հետ խոսում էինք․ էս երեխեքի դեմքը որ տեսնեիր՝ հեքիաթ են նայում։ Ես երգում էի, Սմբուլը երգում էր․․․ ով ինչ գիտեր՝ անում էր, էն մեկը սուրճն էր բերում, գիշերը ծառ էինք կտրում։

Ժամկետային զինծառայողներից ոչ մի թույլ զինվոր չի տեսել Տիգրան Դավթյանը, մի ընկճված վիճակ չի տեսել մեր զինվորների մոտ։

-Մի հատ Հովո կար՝ զեյթունցի ընենց լավ տղա էր, ծառայում էր։ էսի պուճուր տղա էր՝ բոյը 1 ու 60 երևի, գիշերը հելնում էր էդ վիդեո կամերայի վրա, ճիշտ է թուրքը նայում էր, վռազ էլեմենտները փոխում, սղալով իջնում էր։ Հիմա էդ Հովոն Երևանում է։  

Ապրիլյան պատերազմի սկզբում որոշ պատասխանատուների՝ միտումնավոր հապաղման մասին խոսակցություններին Տիգրան Դավթյանը չի հավատում։

-Էս իշխանության համար էլ կասեն տենց բան մի քանի տարի հետո։ Հասարակության սրտերը պարզեցնելու համար է արվում, ես չեմ պատկերացնում, որ նման դավաճան հայ ունենք,  մենք չունենք նման հայ, մեր շարքերը սեպ են խրում նման հայտարարություններ անողները։ Երևի մեծամասշտաբ դիվերսիա էր, եսիմ․․․

Ապրիլյան քառօրյայի հանգամանքերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին Տիգրան Դավթյանը ասում է՝ էդ զբաղվողները հլա թող իրենք դառնան հրամանատար, հետո կզգան՝ ինչքան սխալ թույլ կտան տեղում, որովհետև մարդը իր էությամբ արդեն սխալ է։

ԶՈւ սպաներին հանձնաժողով՝ հարցաքննության կանչելու երևույթը նրան նուրբ հարց է թվում։

-Հմի իրեն տվել են պատգամավոր, ինքն էլ իրեն դրել է դատախազի տեղ։ Դատախազն ինչ է՝ մարդու խիղճը։ Հիմա եթե խիղճը կորցրած հարցեր են տալիս՝ նա զինվորական է, զինվորականի մոտ մի քիչ ուրիշ է մտածելակերպը։ Ես զինվորական չեմ, դրա համար եմ այդպես մտածում, զինվորականներն ուրիշ տեսակ են մտածում՝ նրանք ոչ թե չոր, կոպիտ են, այլ շատ պարզ ու շիտակ են։ Ու պարզ ու շիտակ մարդուն ավելի հեշտ է վիրավորելը։

Նոր՝ թավշյա իշխանություններին, քննադատել Տիգրան Դավթյանի սիրտը չի տալիս, ասում է՝ էս նեղ մաջալին խեղճերն ուզում էին մի բան վայելեին, էս վարակն էլ ընկավ մեյդան։

-Իշխանությունը ժողովրդին ծառայելու համար է, բայց մի տարի, երկու տարի առաջ որոշ անձերի մոտ սա վայելքի համար սկսվեց, հետո մեկ էլ տեսան՝ էս իրենց քթի ջրով գնացող խնդիր չէ։ Հիմա էլ, ընդհանրապես, համաշխարհային էս աղետը ընկավ մեյդան, ես ինձ վատ եմ զգում էս իշխանությանը բան ասեմ։

Ու անմիջապես էլ ավելացրեց՝ բայց կարամ ասեմ՝ իրենք էլ ձախորդ օրերի նման կանցնեն ու կգնան։

Աննա Բալյան