Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սախալին կղզում հայերի հայտնվելը կապված է 1869 թվականից Ռուսական կայսրության Ալեքսանդր Երկրորդ կայսեր կողմից այն տաժանավայր դարձնելու հետ: 1886 թվականին Ալեքսանդր Երրորդը Սախալինը դարձրեց նաև քաղաքական աքսորավայր:
1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ մեծապես տուժել են սախալինյան տաժանավայրի արխիվները: Պահպանված արխիվային նյութերը գտնվում եմ Մոսկվայում և Վլադիվոստոկում: Սախալինցի պատմաբանների վկայությամբ՝ «Հեռավորարևելյան պետական պատմական արխիվի» նյութերն էլ դասավորված վիճակում չեն: Սույն տեղեկանքը շարադրելու ժամանակ մեզ մատչելի էին հետևյալ սկզբնաղբյուրները.
1. Ռուսական կայսրության՝ 1897 թվականի միակ և վերջին մարդահամարի տվյալները,
2. Սախալինի զինվորական նահանգապետության կողմից 1895-99 թթ. հրատարակված «Սախալինյան օրացույց և նյութեր Սախալին կղզու ուսումնասիրության մասին» տարեգրքերը,
3. Ռուս ուղղափառ եկեղեցու Կամչատկայի թեմի՝ Սախալինում գործած եկեղեցիների մի քանի ծխամատյանները:
Համաձայն վերոնշյալ մարդահամարի տվյալների՝ 1897 թվականին Սախալինում ապրել է 167 հայ՝ 155 տղամարդ և 12 կին, որոնք իրենց մայրենի լեզուն համարել են հայերենը: Նրանցից 110 տղամարդ և 7 կին Հայ առաքելական եկեղեցու (հայ Գրիգորյան) հետևորդներ են, 6 տղամարդ հայ կաթոլիկներ են, մնացածները, հավանաբար, ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Ծխամատյաններից մեկում հանդիպեցինք երկու գրանցումների, որոնց համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ Առուշանով-Առուշանյանցը և Արուտյունովը, ամուսնանալով Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ կանանց հետ, գրանցվել են իբրև ուղղափառ քրիստոնյաներ: Հայտնի է, որ այս սկզբունքը Ռուսական կայսրությունում կիրառվել է մշտապես:
167 հայերից 34 տղամարդ և 2 կին գրագետ են ռուսերենից, 14 տղամարդ և 2 կին գրագետ են հայերենից: 6 տղամարդ ունեն տարրականից բարձր կրթություն: Գրագիտության աստիճանով առանձնանում են հայ և լեհ ազգության պատկանողները, որը բացատրվում է Սարգիս Կուկունյանի խմբի և լեհական «Պրոլետար» կազմակերպության անդամների առկայությամբ: 14 տղամարդ և 7 կին ունեցել են գյուղացու կարգավիճակ: 141 տղամարդ և 5 կին եղել են այս կամ այն աստիճանի անազատ վիճակում: Ըստ ընտանեկան վիճակի՝ 80 տղամարդ և 3 կին ամուսնացած չեն, 51 տղամարդ և 4 կին ամուսնացած են, 9 տղամարդ և 3 կին այրի են, 13 տղամարդ և 2 կին ամուսնալուծված են:
«Սախալինյան օրացույց և նյութեր Սախալին կղզու ուսումնասիրության համար» 1895 թվականի տարեգրքի 53-56 էջերում տպագրված է Հայ առաքելական եկեղեցու 1896 թվականի կրոնական օրացույցը, իսկ 1897 թվականի տարեգրքում՝ Հայ առաքելական եկեղեցու տվյալ տարվա կրոնական օրացույցը: Հետագա տարեգրքերի մեջ հրատարակվել են միայն Ռուս ուղղափառ եկեղեցու օրացույցները:
1898 թվականի տարեգրքում հանդիպում ենք ուշագրավ տեղեկության հայազգի գործարար մարդու մասին: Սախալինի տվյալ ժամանակի վարչական կենտրոն Ալեքսանդրովսկի նավահանգստի՝ 1897 թվականի ընթացքում նավերից իջեցված բեռների պաշտոնական հաշվետվության մեջ «մասնավորներ» սյունակում հանդիպում ենք Եսայանց ազգանվանը, որը նավերից ստացել է 4503 տեղ բեռ և որի համար վճարել է 596 ռուբլի 70 կոպեկ: Սա բավական երկար ցուցակում երկրորդ ցուցանիշն է «Տնտեսական ֆոնդից» հետո:
Ռուս դասական գրող Ա.Պ. Չեխովի (Սախալին է այցելել 1890 թվականին) «Սախալին կղզին» հանրահայտ գրքում տաժանակիր հայերի մասին հիշատակություն կա, սակայն առանց կոնկրետ անունների:
Իսկ ահա ռուս հայտնի լրագրող, «Նովոյե վրեմյա» թերթի թղթակից Վլաս Դորոշևիչը, որը Սախալին է այցելել 1897 թվականին, իր մի թղթակցության մեջ անդրադառնում է տաժանակրության դատապարտված Հակոբ Դիլոյանցի ճակատագրին, որը պատիժը կրելուց հետո մի ողջ տարի գումար է կուտակում բաղձալի վերադարձի համար և ուզում է մինչև Օդեսա նավի տոմս գնել: Ի դժբախտություն նրա՝ պարզվում է, որ տոմսը թանկացել է 3 անգամ: Դորոշևիչն անդրադառնում է նաև Հակոբ Դիլոյանցի կատարած հանցագործությանը, որի հետևանքով էլ հայտնվել է Սախալինում: Երիտասարդ Հակոբը մասնակցել է աղջիկ փախցնելու և պաշտպանվել է այդ առիթով ծագած վեճ ու կռվի ժամանակ:
- Ինչպես երևում է՝ հաջողակ է եղել պաշտպանվելու ժամանակ,- եզրափակում է խոսքը լրագրողը:
Սախալինցի պատմաբանները և ոչ միայն պատմաբանները առիթը բաց չեն թողնում կրկնելու, որ բացառությամբ մոտ երկու տասնյակ հեղափոխական գործիչների, որոնց անունները հայտնի են վաղուց, մնացած բոլոր՝ տաժանակրության դատապարտվածները քրեական հանցագործներ են եղել: Սա միանգամայն անհեթեթ պնդում է: Ինչպե՞ս կարող են քրեական հանցագործներ լինել նրանք, ովքեր դատապարտվել են «պետության հիմքերի դեմ» կատարված հանցագործությունների համար: Պարզապես քաղաքականի կարգավիճակ չի տրվել:
Սախալին աքսորված քաղբանտարկյալների թվում է «Նարոդնայա վոլյա» կազմակերպության հայտնի գործիչներից Իվան Մանուչարովը (Հովհաննես Մանուչարյանց-Արսլանյանց), որը Շլիսելբուրգի ամրոցի մենախցում 10 տարի տառապելուց հետո 1890 թվականին աքսորվել է Սախալին՝ ազատ աքսորյալի կարգավիճակով: Մասնակցել է 1897 թվականի մարդահամարի աշխատանքների կազմակերպմանը, դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել է Սախալինի առաջին գրադարանը, ակտիվորեն մասնակցել է բարեգործական ձեռնարկումների: 1902 թվականին ստացել է գյուղացու կարգավիճակ, տեղափոխվել է Բլագովեշչենսկ և մինչև մահը (1909 թ.) աշխատել «Ամուրսկի կրայ» թերթում՝ իբրև քարտուղար:
Սարգիս Կուկունյանի մասին գիտեն շնորհիվ 1910 թվականին Բաքվում լույս տեսած «Սախալինի վերջին օրերը» հուշագրության, որը որպես սկզբնաղբյուր օգտագործել է 20-րդ դարի վերջի ռուս հայտնի պատմավիպասան Վալենտին Պիկուլն իր «Տաժանակրություն» վեպը շարադրելիս:
Նեղություն չկրելով օգտվել այլ աղբյուրներից, նկատի ունենալով Կուկունյանի հուշերի գեղարվեստական ոճը, ռուս-ճապոնական պատերազմի նախօրեին Սախալինում առևտրականի անվան տակ հայտնված մեծաթիվ ճապոնացի լրտեսների մասին հիշատակումը Կուկունյանի գրքում, որն անհավանական է համարվում, և որևէ ուսումնասիրողի մոտ Կուկունյանի՝ տպարանի վարիչ աշխատելու, բարձր պաշտոնյաների զավակներին ուսուցանելու փաստերի բացակայությունն ընդհանրապես կասկածի տակ են առնում Կուկունյանի և նրա խմբի՝ Սախալինում գտնվելու հանգամանքը:
Սարգիս Կուկունյանի հուշագրությունը վերատպվել է Սախալինի մարզային երկրագիտական թանգարանի՝ 2004 թվականի տարեգրքում՝ պատմաբան Վիսոկովի մեկնաբանություններով և վերջաբանով: Նա, վերապահումներով հանդերձ, համաձայնում է Կուկունյանի հուշերի որոշ հատվածների արժանահավատության հետ:
Գոյություն ունի տեսակետ, որ սախալինյան ողջ տաժանակրության ընթացքում, մինչև ռուս-ճապոնական պատերազմը, որևէ բանտարկյալի չի հաջողվել փախուստի դիմել: Մեր պնդումները, թե Եփրեմ Դավթյանը (Եփրեմ խան) 1893 թվականին, 3 տարի Սախալինում լինելուց հետո, Հովսեփ Մովսիսյանի հետ նավակով փախուստի է դիմել, Սիբիրի վրայով հասել Իրան և մեծ դերակատարություն ունեցել Իրանի Սահմանադրական շարժման տարիներին, լեգենդ են համարում: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք ապացուցել իրողությունը:
Սախալինի մարզային երկրագիտական թանգարանի աշխատակիցների վկայությամբ՝ մինչև ռուս-ճապոնական պատերազմը երկրամասի վերաբերյալ պահպանված լուսանկարների մեծ մասի համար պարտական են նախկին տաժանակիր Բուդաղյանցին:
Հայտնի է, որ տաժանակրությունից ազատվողներից շատերը բնակություն էին հաստատում Ամուր գետի ավազանում: Ռուս-Ճապոնական պատերազմից հետո, երբ ցարական կայսրությունը 4 տասնամյակով կորցրեց հարավային Սախալինը, ընդհանուր համաներման արդյունքում նախկին տաժանակիրներից շատերը ևս բնակություն հաստատեցին Սախալինից ոչ հեռու գտնվող բնակավայրերում: Հայրենի բնակավայրեր հասնողները սակավաթիվ էին, վերադարձի դժվարությունները՝ բազմաթիվ:
Խորհրդային տարիների՝ 1926 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ հյուսիսային Սախալինում ապրել է 11 հայ՝ 7 տղամարդ և 4 կին: Իսկ ահա Հեռավորարևելյան երկրամասի մյուս բնակավայրերում ապրող հայերի թվաքանակը, 1897 թվականի մարդահամարի տվյալների համեմատ, կտրուկ աճել է և կազմում է 256 մարդ՝ 181 տղամարդ և 75 կին: Նրանցից 163-ը իրենց մայրենի լեզուն համարել են հայերենը: 134 տղամարդ և 45 կին գրագետ են եղել: 71 տղամարդ գրագետ են եղել հայերենից: Անկասկած, նրանց որոշակի մասը նախկին տաժանակիրներն ու նրանց սերունդներն են: 1941 թվականին հյուսիսային Սախալինից գործող բանակ է մեկնել 2 հայ: Հարավային Սախալինի՝ խորհրդային զորքերի կողմից վերագրավման համար մղված մարտերում զոհվածների ցուցակում կա մեկ հայի ազգանուն՝ Մանուկյան:
Հետպատերազմյան տարիների Սախալինի նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման աշխատանքների մասնակիցների թվում հանդիպում է 2 հայի անուն:
Անցյալ դարի 60-ական թվականների սկզբին Սախալինում հայտնվեցին հայկական շինարարական բրիգադներ, որոնք հիմնականում Շիրակի դաշտավայրի և Ջավախքի բնակիչներ էին: Այդ ժամանակվանից էլ որոշ սեզոնային շինարարներ դարձան Սախալինի մշտական բնակիչներ, որոնց թվին ավելացան այս կամ ոլորտի գործուղվածները:
Հայերի հոսքը Սախալին սկսեց ուժեղանալ 90-ականների սկզբին բոլորիս հայտնի պատճառներով, որն էլ շարունակվեց մինչև այսօր: Սախալինում ապրող հայերի ծագման աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստանի Հանրապետություն, Ջավախք, Արցախ, Ուտիք: Այսօր մարզում ապրող, քաղաքացիություն, բնակության և ժամանակավոր կացության իրավունք ունեցող հայերի թիվը մոտավորապես 3000 է: Սեզոնային շինարարների թիվը, որոնք ձմռան մի քանի ամիսներին վերադառնում են իրենց ընտանիքների մոտ, դարձյալ մոտավոր հաշվումներով, հասնում է 1000-ի:
Հայերն ընդգրկված են աշխատանքային գործունեության բոլոր ոլորտներում (վարչական շրջանի ղեկավար, բուհի ամբիոնի վարիչ, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավաբաններ և այլք): Սակայն հայերի մեծամասնությունը զբաղված է շինարարության, առևտրի և սպասարկման քաղաքակիրթ ոլորտներում: Որոշակի թվով հայեր զբաղված են ձկնորսության և ձկնարդյունաբերության ոլորտում:
Հայերին պատկանող շինարարական կազմակերպություններից ամենախոշորը «ՀԱՅՍԱԽՇԻՆ» («АРМСАХСТРОЙ») ընկերությունն է, որն այս պահին մարզում իրականացնում է սոցիալական բնակարանաշինության ամենամեծ ծավալները: Ունի 600-ից ավելի աշխատող, որոնց կեսը հայերը են: Գլխավոր տնօրենն է Սարգիս Հակոբյանը՝ ծագումով Ջավախքի Խանդո գյուղից: Սախալինում ապրում է 1982 թվականից, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ է: Մասնագիտական կրթությունն ստացել է Կրասնոյարսկ և Խաբարովսկ քաղաքներում:
2002 թվականի ապրիլին Սարգիս Հակոբյանը իր համախոհների հետ ստեղծել է հայկական համայնքային «Հայք» կազմակերպությունը, որը 2009 թվականի փետրվարին վերանվանվել է «Հայաստան-Հայք»: Նա էլ ստեղծման օրվանից ղեկավարում է համայնքային կազմակերպության խորհուրդը: Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Անիվա, Դոլինսկ և Պորոնայսկ քաղաքներում:
Սարգիս Հակոբյանը նախաձեռնել է «Սախալինի ազգությունների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումը, որը գործել է 2004-2008 թթ.: 2011 թվականին արժանացել է մարզի, իսկ 2011 և 2012 թվականներին՝ մարզկենտրոնի «Տարվա բարերար» մրցույթի հաղթողի կոչմանը: 2011-ին արժանացել է մարզային հեռուստատեսության «Տարվա անհատ» կոչմանը: 2011 թվականին Վանաձորի ՍԱՆԱՆՈՐ կառավարման և քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտը Սարգիս Հակոբյանին շնորհել է պատվավոր պրոֆեսորի կոչում տնտեսական կառավարման և քաղաքագիտության բնագավառում: 2009 թ. «Ռուսաստանի լավագույն մարդիկ» միջազգային հանրագիտարանի խմբագրության կողմից «Ճանաչում» անվանակարգում արժանացել է մեդալի:
Ներկայումս համայնքային կազմակերպության ղեկավարը Արմինե Եղյանն է:
2005 թ. ապրիլի 24-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սախալինի և Կամչատկայի թեմի Սուրբ Հարություն եպիսկոպոսանիստ տաճարի բակում տեղադրվել է Հայաստանում պատրաստված խաչքար՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, Պորոնայսկ քաղաքի ռուսական եկեղեցու բակում կանգնեցվել է խաչ:
2007 թվականի հոկտեմբերից գործում է Հայկական կրթամշակութային կենտրոնը, որն ընդգրկում է հայկական կիրակնօրյա դպրոցը և «Արաքս» երգի-պարի մանկական համույթը: Եթե սկզբնական շրջանում կենտրոնն իր գործունեությունն իրականացնում էր մեկ տասնյակի հասնող հայ գործարարների օժանդակության շնորհիվ և շինություն էր վարձակալել քաղաքի կենտրոնում գտնվող հանրակրթական դպրոցներից մեկում, ապա 2011 թվականի սեպտեմբերից այն տեղավորված է «ՀԱՅՍԱԽՇԻՆ» կազմակերպության գրասենյակին կից հատուկ այս նպատակով կառուցված շինության մեջ: Անհրաժեշտ ծախսերն էլ, չնչին բացառությունները չհաշված, հոգում է Սարգիս Հակոբյանը:
Կենտրոնը լավ համարում ունի մարզում, մասնակցում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման նպատակով իշխանությունների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, արժանանում պարգևների և խրախուսանքների:
Կիրակնօրյա դպրոցի և մանկական համույթի պարապմունքների մասնակիցների թիվը լավագույն դեպքում մոտենում է երկու տասնյակի: Միայն մարզկենտրոնում հայ երեխաների թիվը մի քանի տասնյակ անգամ ավելի է: Կոչերն ու հորդորները քիչ արդյունք են տալիս: Շատերն առայժմ վայելում են կուշտ լինելու հաճույքը: Եկեղեցու կառուցման գործը բարի ցանկություններից այն կողմ չի անցել: 2003 թվականին մասնավոր հրավերով պսակադրություն կատարելու նպատակով հայ հոգևորական է այցելել Սախալին: Առիթից օգտվելով՝ տարբեր տարիքի 28 հոգու մկրտություն է կատարվել:
Աղանդները բավականին տարածված են: Հայաստանից եկող աղանդավորները հեշտությամբ գտնում են իրենց «քույրերին» ու «եղբայրներին»: Կան տեղում հավաքագրելու դեպքեր: Հայկական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումները Արևելք չեն հասնում: Խառնամուսնությունները սլավոնների և կորեացիների հետ հազվադեպ չեն:
Ինչպես ողջ Ռուսաստանում, այնպես էլ Սախալինում հայերի ձուլումն ընթանում է ավելի արագ տեմպերով, քան դասական սփյուռքի երկրներում, դիմադրությունն անհամեմատ թույլ է:
Մնացական Պետրոսյան
2000-2017 թթ. Սախալինի բնակիչ