կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 15:57
Քաղաքական

Եթե Արցախի նախագահ դարձավ ՀՀ իշխանություններին հնազանդը, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու. Դ. Շահնազարյան

Հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին դրդի Արցախի դեմ քայլերի. այս մասին այսօր՝ մարտի 12-ին, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահի ելույթներն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ՀՀ-ի և Արցախի դեմ: Իրականությունը սա է», - նշեց նա:

Շահնազարյանը նաև անդրադարձավ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմային: Նա շեշտեց՝ միջազգայնացման գործընթաց է տեղի ունենում. «Ադրբեջանական համայնքի ղեկավարը դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով՝ ԼՂ տարածքից: Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի դեսպանները, բացի ՌԴ-ից, նրա հետ նման կարգավիճակով հանդիպելով և շնորհավորելով՝ ընդունում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Ընդունում են, որ նա այդ տարածքից ընտրված է օրինական կերպով՝ դրանից բխող հետևանքներով»,- ընդգծեց նա:

Խոսելով Արցախում սպասվող նախագահական ընտրություններից՝ Շահնազարյանը մանրամասնեց, որ առաջին անգամ Արցախի ներքաղաքական զարգացումները կրում են աշխարհաքաղաքական բնույթ. «Սպասվելիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի և տարածաշրջանի համար: Փորձ է արվում «հեղափոխությունը» տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ դարձավ ՀՀ իշխանություններին հնազանդը, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու: Այդ դեպքում հեղափոխության արտահանումն Արցախ մեծ թափով սկսվելու է այս ընտրություններից հետո»,- իր խոսքն ամփոփեց նա: