Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրաշարժին հաջորդեց պատերազմը, մութը, ցուրտը, սովը... Նավթե պատրույգով լամպի թանձր լույսը միշտ թևածում է մեր հիշողության մեջ... Պատերազմ էր, մեր հայրերը առավոտ կանուխ արտասովոր համազգեստը հագած համբուրեցին մեր ճակատները ու մեկնեցին ռազմաճակատ։ Մենք քնած էինք ձևանում, բայց մինչև հիմա պարզորոշ հիշում ենք այդ համազգեստի կոշտ հպումը, նրանց ուսից կախված ինքնաձիգի մետաղե հոտը և զինվորական սապոգներից կոշտացած նրանց հեռացող քայլքի ձայնը…
Մեր լուսաբացները չարագույժ թանձրություն ունեին։ Մենք զգում էինք, որ այլևս երբեք չեն կրկնվի մեր հայրերի հետ անհոգ երեկոները վառարանի տաքուկ անկյունում նստած։
Դասերը մենք սովորում էինք նավթե պատրույգով լամպի աղոտ լույսի ներքո, այնուհետ անքուն գիշերներին մեզ ուղեկցում էր մեր հայրերին այլեւս երբեք չտեսնելու աննահանջ վախը։
Մեր երազները գունեղ ու հեքիաթային չէին, դրանք պարզորոշ արտացոլանքն էին մեր մանկության, պատանեկության տարիների։ Մենք սարսափահար փախչում էինք մեզ հետապնդող թշնամուց և հևասպառ վեր թռչում։ Անկողնուն հարող պատը սառն էր, խոնավ՝ ինչպես վախից կլորացած մեր աչքերը։
Մեր սերունդը կարճատես դարձավ՝ նավթե պատրույգով լամպի թանձր լույսի ներքո «Վարդանանք» ու «Սամվել», «Գևորգ Մարզպետունի» ու «Մթնաձորի չարքը» կարդալով։
Հաճախ մեր առջև դրված գրքի միևնույն տողերը մենք կարդում էինք մի քանի անգամ, քանզի մտքերով այն հեռվում էինք, որը կռվի դաշտ էին կոչում։
Մենք տեսնում էինք անծայրածիր դաշտերի հողափոր դարուփոս ճանապարհներով տարվող հրանոթները, որոնք ամրացված էին զինվորական մեծ մեքենաներին: Հաճախ հրանոթների երկար փողերը ծածկված էին կանաչ ճյուղերով, իսկ քարշակների վրա թափված էին խիտ տերևներով կանաչ ճյուղեր։ Մեր սիրտը գուժում էր չարաբաստիկ մի աղետ։
Պատերազմը սկսվել էր։ Մեզ թշնամուց տարանջատող հեկտարներով ձգվող խաղողի անծայրածիր այգիները ամիսների ընթացքում դալկացան ու մերկացան։ Ամենուր տեսնում էինք թշնամու արձակած արկերի պայթյուններից գոյացած մեծ փոսեր, այրված տարածքներ, կիսավեր տներ։
Դեպի հեռուները ձգվող խաղողի երբեմնի բերրի այգիները պատերազմի պատճառով այլեւս չէին մշակվում, երբեմնի պտղաբեր որթերը լերկ էին ու գորշ փայտերի էին նմանվել։
Փողոցով անցնում էին ծանր բեռնատարներ, որոնք գորշ բրեզենտով ծածկված զինամթերք էին տանում։ Նրանցից հետո մնում էր փոշին, որ բարձրանում էր վեր, անէանում օդում։ Սարերից այն կողմ կռիվ էր ու գիշերները մենք պարզորոշ տեսնում էինք հրանոթների արկերի բռնկումները։ Մարդիկ անհամբեր սպասում էին մեր հրետանու կրակին, որ գոնե ժամանակավորապես լռեցվեր թշնամու կրակակետը։ Մենք լսում էինք տարօրինակ մի ֆշշոց ու տարեցներն ասում էին.
-Մեր հրետանին է, ձեր ձեռքերին մատաղ, տղե՜րք։
Իսկ երբ բարձրունքից իջնում էին դիրքապահները, մարդիկ ընդառաջ էին գնում, երեխաները ջուր էին լցնում, որ նրանք լվացվեն, իսկ տարեց կանայք իրենց ունեցածը հյուրասիրում՝ օրհնելով նրանց դիպուկ կրակը։
Մենք ապշահար նայում էինք միագույն գորշ համազգեստով, ինքնաձիգներն ուսերին գցած, գոտիներից կախած կաշվե փամփշտակալներով և այնքան երազկոտ հայացքներով երիտասարդներին։ Ի՞նչ իմանայինք, որ նրանցից շատերին վերջին անգամ էինք տեսնում…
Մեր սերունդը սիրել չհասցրեց, քանզի մեր բաժին տղաները մնացին հեռվում, այնտեղ, որտեղից ետ չդարձան։ Մեր արցունքները ողողեցին ռազմաճակատից բերված նրանց անշնչացած, հաճախ անճանաչելի դարձած աճյունները և ուղեկցեցին դեպի երկնքի արքայություն։ Նրանց սխրանքի պատմությունը ողջ կյանքում ուղեկցեց մեզ ու թույլ չտվեց գտնվել տկարամարմին ու վախկոտ տղուկների կողքին։
Մեր սերնդի իդեալը նրանք էին, ովքեր կեսճամփին թողեցին մեզ արցունքն աչքերին ու էլ ետ չեկան։
Տարիներն անցան սպասելով, մենակության հետ ինչպես ինքներս մեզ հետ հաշտ ու համերաշխ, համակերպված ապրելով։ Մեր հանգստյան օրերը ցոփ ու շվայտ գինարբուքների սեղանի շուրջ չանցան, այլ եռաբլուրի սառը շիրմաքարերի մոտ նստած, երկար մտորելով։
Ազգի սերուցքն այնտեղ էր, նրանց չբացված լուսաբացների մասին մտորելով մեր սերունդը մի ողջ կյանք ապրեց... Ու չհամակերպվեց այն իրականության հետ, որ նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր խաղաղ այգաբացների, իսկ ինչ որ տմարդի տղուկներ կարող էին մթագնել մեր լուսաբացները մեզ պատճառած արցունքներով… Մեր սերնդի շատ կանայք նախընտրեցին մենակ մնալ։
Մեր սերունդը չհասցրեց սիրել, քանզի մեր սիրուն արժանի տղամարդիկ էլ չգտանք։ Մեր սերունդը նախընտրեց սրտի մի մութ անկյունում հավերժ պահել նրանց լուսավոր հիշատակը։
Առավել համարձակները նախընտրեցին սոսկ ամուսնանալ, որ իրենց որդիներին նրանց անուններով անվանակոչեն ու պահ տան սերունդներին նրանց սխրանքի պատմությունը։
Բայց սիրել չհասցրեցինք...
Վարդինե Իսահակյան