Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ խնդիրներ է ստեղծել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի համար, երբ որոշել է Թուրքիայում հավաքված փախստականների համար բացել դեպի Եվրոպա ճանապարհը: Անկարայի կողմից խրախուսվող միգրանտները գրոհում են թուրք-հունական սահմանը: Եվ այդ ալիքն այսօր արթնացնում է Արևմուտքի հին վախերը, առաջին հերթին՝ եվրոպացիների, և ոչ միայն նրանց՝ հիմնախնդրին տալով նաև կրոնական հնչողություն. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:
Մի շարք արևմտյան պարբերականներ Էրդողանին անվանում են «իսլամիստական սուլթան», որն այսօր տեսել է «մուսուլմանական պատմական վեհությունը» վերականգնելու՝ իր հնարավորությունը: Պատմությանը հղումներ են արվում, հիշվում է 1683-ի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, երբ եվրոպական քրիստոնեական պետությունների կոալիցիան պարտության մատնեց Օսմանյան կայսրության բանակին, որից հետո թուրքերին սկսեցին դուրս մղել Եվրոպայից: Սակայն ներկայումս, ըստ արևմտյան պարբերականների, Էրդողանը «բավականաչափ խելացի է», որ կիրառի միգրացիոն գործոնը և հասնի այն բանին, ինչին «Կարա Մուստաֆա փաշան չկարողացավ հասնել 1683-ին՝ ուղղակի ռազմական ներխուժմամբ»՝ Եվրոպայի հետզհետե, բայց անշեղ իսլամացում:
Ըստ Asia Times-ի՝ Վիեննայի օսմանական պաշարումից հետո, 4 հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ, «մուսուլմանական ներխուժումը» Եվրոպա կանխում է Ռուսաստանը: Հույներն էլ գրում են, թե Էրդողանը դարձել է պարսից Քսերքսես Ա արքան և ղեկավարում է հիբրիդային ռազմական արշավը՝ ուղղված արևմտյան քաղաքակրթության ոչնչացմանը:
Պատմական ավանդույթները Եկեղեցիներին հանձնարարում են կանգնել ի պաշտպանություն քրիստոնեական Եվրոպայի: Առաջին հերթին դա վերաբերում է Սուրբ աթոռին, որը դարեր շարունակ հակաօսմանական կոալիցիաների կազմակերպիչ էր: Սակայն Անկարայի միգրացիոն ճնշումը Վատիկանին, ինչպես նաև Կոստանդնուպոլսի պատրիարքին կանգնեցնում է բավականին բարդ երկընտրանքի առջև: Սկսած 2015-ից, երբ փախստականների մեծ հոսք սկսվեց Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրամիություն, Ֆրանցիսկոս պապն ակտիվորեն կոչ արեց եվրոպացիներին՝ ապաստան ու սնունդ տրամադրել այդ մարդկանց: Եվ ոչ միայն նա: 2016-ի ապրիլին պոնտիֆիկոսն ու Կոստանդնուպոլսի պատրիարքը հանդիպեցին Լեսբոս կղզում գտնվող՝ միգրանտների ու փախստականների գրանցման և տեղավորման կենտրոնում: «Քանի դեռ անհրաժեշտություն կա, հրատապորեն կոչ ենք անում բոլոր երկրներին՝ ժամանակավոր ապաստան տալ, առաջարկել փախստականի կարգավիճակ նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն, ընդլայնել օգնության տրամադրմանն ուղղված ջանքերը և համագործակցել բարի կամքի բոլոր մարդկանց հետ հակամարտությունների անհապաղ դադարեցման համար»,- հայտարարեցին Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը:
Սյդ ժամանակ նրանց միացավ Էլլադայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Իերոնիմ Բ-ն: Այսօր նա այլ դիրքորոշում ունի: Վերջերս Հունաստանի հյուսիս-արևելք այցի ժամանակ սրբազանը շնորհակալություն է հայտնել հունական բանակին՝ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու համար: Նա միաժամանակ կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ պաշտպանել Հունաստանի սահմանը, որովհետև այն նաև Եվրոպայինն է:
Վատիկանին 180 աստիճանով շրջադարձ անելն ավելի դժվար է: Առաջին միգրացիոն ալիքից սկսած՝ Սուրբ աթոռը ոչ միայն հրապարակավ ու մշտապես հանդես է եկել փախստականներին ընդունելու օգտին, այլ նաև ճնշում է գործադրել եվրոպական այն կաթոլիկ եպիսկոպոսությունների վրա, որոնք այդ նախաձեռությամբ ոգևորված չեն եղել: Իսկ այսօր փախստականների նոր ալիքից դժգոհությունը բազմակի ուժեղացել է կորոնավիրուսի տարածման ահից. փախստականների ճամբարներն ավելի խոցելի են սանիտարական անվտանգության տեսանկյունից: Հետևաբար՝ կոչ անել եվրոպացիներին՝ օգնել փախստականներին, Ֆրանցիսկոս պապին հեշտ չի լինի: Հիմնախնդիրը մարտահրավեր է նետում նաև Կոստանդնուպոլսի պատրիարքին, և բանը միայն նրա նախկին հայտարարությունները չեն: Հունաստանում և Իսրայելում ԱՄՆ ռազմական նախկին կցորդ Դեմետրի Գրայմսի խոսքով՝ Թուրքիային կարող են հիշեցնել «Խալկի կղզում ուղղափառ ճեմարանների կրոնական և ակադեմիական ազատությունների խախտումը, հայերի և հույների ցեղասպանությունների ժխտումը, Սուրբ Սոֆիայի տաճարի պղծումը՝ այնտեղ Ղուրան կարդալով»: Դրանից հետո էլ գուցե վեր հանեն ուժի մեջ չմտած՝ 1920 թվականին ստորագրված Սևրի պայմանագիրը՝ ի հակադրություն 1923-ին ստորագրված Լոզանի պայմանագրի: Իսկ այդ ժամանակ Կոստանդնուպոլսի պատրիարքը պետք է կողմնորոշվի, թե ում հետ է՝ մուսուլմանական Թուրքիայի՞, թե՞ քրիստոնեական Եվրոպայի: