Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը. հայտնում է Yerkir.am-ը:
Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք էին այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման եւ գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։
Ժողովին հաջորդեց քվեարկություն՝ դնելով հետեւյալ հարցը․
«Նպատակահարմար է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։
Քվերկությանը ներկա են եղել եւ մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։
Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ համակարգում գործելը։
Հիշեցնենք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տևական ժամանակ քննարկվում է: Մարտի 5-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը ևս չի բացառել նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում ակադեմիայից։
Նույն օրը գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունացել այս հարցի առնչությամբ։ Գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում և դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։