կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 15:59
Աշխարհ

ՌԴ–ն դեմ է Աֆղանստանում թուրքական զորքերի մնալուն

ՌԴ–ն դեմ է Աֆղանստանում թուրքական զորքերի մնալուն

Աֆղանստանում թուրքական ռազմական զորախմբի մնալը, այդ թվում` Քաբուլի օդանավակայանի պաշտպանության համար, կհակասի ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև համաձայնագրերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Թուրքիայի, ինչպես ցանկացած այլ երկրի ռազմական կազմը Աֆղանստանում պահելը իրավական տեսանկյունից հակասում է ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև Դոհայում ստորագրված համաձայնագրին: Այս փաստաթուղթը նախատեսում է օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերում մայիսի 1-ից, վերջնաժամկետն արդեն հետաձգվել է այս տարվա  սեպտեմբերի 11-ի դրությամբ։ «Թալիբան» շարժումը միանշանակ արտահայտել է իր բացասական վերաբերմունքը նման հեռանկարի նկատմամբ»,- հինգշաբթի ճեպազրույցում ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի առաջարկը՝ ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո:

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան ելնում է այն նախադրյալից, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը «պետք է ընդունվի հավասարակշռված ձևով, ներառյալ՝ միջաֆղանական ազգային հաշտեցման գործընթացները խթանելու նպատակների հիման վրա»:

«Կա նաև մի այդպիսի հարց, որը տրամաբանական կլինի տալ: Ինչո՞ւ երկրի հիմնական օդանավակայանի պաշտպանությունը չի կարող վստահվել Աֆղանստանի անվտանգության ուժերին: Հիշեցնեմ, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվել 20 տարուց ավելի նրանց վերապատրաստման և վերազինման, մարտական պատրաստության բարձր մակարդակի բերելու, ինքնուրույն երկրի անվտանգությունն ապահովելու ունակության համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: