կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 14:07
Քաղաքական

«Մինչև մռութներին չհարվածես, պայմանավորվածություն ձեռք չես բերի». ինչպես է Ռուսաստանը կառուցում հարաբերությունները Թուրքիայի հետ

«Մինչև մռութներին չհարվածես, պայմանավորվածություն ձեռք չես բերի». ինչպես է Ռուսաստանը կառուցում հարաբերությունները Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվածություն ձեռք բերեցին սիրիական Իդլիբում հրադադարի մասին: Իրավիճակը կտրուկ սրվել էր փետրվարի վերջին, ինչը հանգեցրել էր  հարաբերությունների ճգնաժամի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Մոսկվայի ու սիրիական ընդդիմությանը սատարող Անկարայի միջև: «Կոմերսանտ»-ը Մերձավոր Արևելքով զբաղվող մասնագետներին հարցրել է, թե ինչպես է Ռուսաստանը կառուցում հարաբերությունները Թուրքիայի հետ:

Պյոտր Ստեգնի, դիվանագետ և պատմաբան, 2003-2007 թթ. Թուրքիայում ՌԴ դեսպան

- Մենք՝ եվրասիական երկու խոշոր տերություններ, պետք է այս պատմական փուլում գտնենք փոխգործակցության ձևերն ու մեթոդները: Շատ նման պատմություններ ունենք՝ երկու նախկին կայսրություններ: Նրանք անկում ապրած կայսրություն են: Մեզ մոտ տեղի են ունենում հետկայսերական ձևափոխություններ: Եվ մեր շուրջը կատարվող գործընթացների ընկալումը թուրքերին տարբեր է դարձնում մյուսներից:

Սեմյոն Բաղդասարով, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն

- Դեռևս 1987-ին, լինելով սովորական մայոր, «Արտասահմանյան ռազմական տեղեկագրում» թուրքական զինված ուժերի մասին գրել էի՝ մինչև մռութներին չհարվածես, պայմանավորվածություն ձեռք չես բերի: Սակայն հարկավոր է շատ ուժեղ հարվածել, որպեսզի մեր դիվանագետների, պետության ղեկավարների համար հետո ավելի հեշտ լինել խոսել ու ցանկացածին հասնել:

Ալեքսանդր Շումիլին, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի «Եվրոպա-Մերձավոր Արևելք» կենտրոնի ղեկավար

- Փոխզիջումների ճանապարհով: Եթե ոչ մի բան չփոխվի մեր հարաբերություններում, դա ուղղակի բախման կմոտեցնի: Իսկ դա ոչ ոքի հարկավոր չէ, և՛ Մոսկվան, և՛ Անկարան կաշխատեն դրանից խուսափել: Կարևորը հասկանալն է, թե  ինչպիսին պիտի լինի փոխզիջումը՝ նախկի՞ն, թե՞ նոր սահմանափակումներով:

Յաշար Նիյազբաև, «Մոսկովսկի կոմսոմոլեց-Թուրքիա»-ի գլխավոր խմբագիր

-  Երկու առաջնորդներն էլ ուժեղ դեմքեր են, հետևաբար, իրենց ընտրազանգվածի առջև ձգտում են համապատասխան կերպով երևալ: Եվ դա, որոշակի առումով,  նրանց միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ: Վատ հարաբերությունները ոչ ոքի ձեռնտու չեն : Օրինակ՝ անցյալ տարի Ռուսաստանից ռեկորդային թվով՝ 6 մլն զբոսաշրջիկ այցելեց Թուրքիա: Թուրքիան սկսել է հեռանալ Արևմուտքից, ինչպես ցանկանում էր Ռուսաստանը: Մոսկվան չի ցանկանում, որ Անկարան կրկին նրա գիրկը վերադառնա:

Ալեքսեյ Մաշալենկո, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական կենտրոնի գլխավոր գիտաաշխատող

- Խոսք կարող է լինել  ինչ-ինչ փոխադարձ զիջումների մասին, սակայն քանի դեռ կա Բաշար Ասադի հիմնախնդիրը, որին Ռուսաստանն աջակցելու է մինչև վերջ, և որի դեմ է Թուրքիան, լիակատար համաձայնության մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել պայմանավորվածություններ Իդլիբի, ինչ-որ այլ հարցերի վերաբերյալ, գուցե շարունակենք տնտեսական համագործակցությունը, Թուրքիան, համենյան դեպս, Ռուսաստանի հինգերորդ գործընկերն է. կզարգացնենք խողովակաշարերը, ատոմային էներգետիկան, զբոսաշրջությունը և այլն: Բայց Բաշար Ասադն այն մեծ չինական պարիսպն է, որ այսօր բաժանում է Ռուսաստանն ու Թուրքիան:

Կիրիլ Սեմյոնով, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ

- Ներկայումս Ռուսաստանն ավելի քիչ պահանջ ունի Թուրքիայից, քան Թուրքիան՝ Ռուսաստանից: Եթե հիշենք 2015-ի իրադարձությունները, ապա հիմա հակառակն է, թեև տեսնում ենք, որ Էրդողանը շահագրգռված է երկխոսությամբ և ամեն ինչ անում է, որ հարաբերությունները վերադարձնի նվազագույնը դրական դինամիկայի:

Աննա Պոդգորնայա, Pegas Touristik տուրօպերատորի գլխավոր տնօրեն

- Ներկայումս ամեն ինչ արվում է ցանկացած հակամարտություն հարթեցնելու համար: Այդ պատճառով չեմ տեսնում մտահոգության որևէ պատճառ մեր ընկերության ու զբոսաշրջային ոլորտի համար: Զբոսաշրջությունն այն բնագավառն է, որ միավորում է ժողովուրդներին՝ անկախ քաղաքական իրավիճակից ու այլ հիմնախնդիրներից:

Վիտալի Նաումկին, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար

-  Թուրքիայի հետ երկարաժամկետ հարաբերությունները նախևառաջ հիմնված են տնտեսական շահերի վրա: Եթե դրանք չլինեին, չէր լինի ներկայիս նորմալացումը, թեկուզև՝ միջանկյալ: Ռազմավարական քաղաքական շահերում կա դիրքորոշումների և մոտեցումների չհամընկնում: Քանի դեռ կան սիրիական, լիբիական և բազմաթիվ այլ հակամարտությունները, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տարաձայնությունները կպահպանվեն, ի հայտ կգան, կսրվեն: Կարևորը ռազմական բախում չթույլատրելն է: Փրկում են միայն երկու նախագահների անձնական լավ հարաբերությունները: