կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 14:55
Հասարակություն

Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է եւ բոլորովին այլ՝ առանց ՀՅԴ-ի

Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է եւ բոլորովին այլ՝ առանց ՀՅԴ-ի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը մեկ ամսից արդեն պատրաստ կլինի, շատ հարցեր բաց կմնան: Վարդանյանն ընդգծեց, որ երբ սկսվեն համակարգային քննարկումները քաղաքական ուժերի հետ, կարևոր է, որ ուղղություններ բացվեն, ու քաղաքական ուժերը պատկերացնեն, թե ինչ են ուզում:

 

«Քառյակի հետ համագործակցությունը սառեցնելու խնդիր չկա, որովհետև բոլորը գիտեն քառյակի ձևաչափի բանաձևը: Որտեղ կտարբերվեն մեր մոտեցումները, ուրեմն կտարբերվեն: Կարող ենք աշխատել եռյակով էլ, վեցյակով էլ, ինչպես եղավ սահման գնալիս»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում չկան ակնարկներ արտահերթ ընտրությունների մասին: Աղվան Վարդանյանը նշեց, որ կա հայտնի խոսք, որ ընտրությունները սկսվում են ընտրությունների հաջորդ օրը, և ուրեմն ամեն մեկը ազատ է իր պատկերացումները շարադրելու հարցում: Աղվան Վարդանյանի խոսքով` վերջին շրջանում շատ է խոսվում քառյակի ուղղվածության կամ դրա ներսում հակասությունների մասին, բայց քառյակի բոլոր գործընկերները ունեն ներքին համոզմունք, որ Դաշնակցության դերակատարությունը բոլոր գործընթացներում էական է ու վճռական:

 

«Որևէ քաղաքական ուժ գիտակցում է, որ որևէ գործընթացներում, առանց Դաշնակցության մասնակցության, ընթացքը տասնապատիկ ավելի դժվար է լինելու, և պետք չէ այլ ուղղություններով շեղել այդ գիտակցությունը: Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է, բոլորովին այլ է առանց Դաշնակցության»,- ասաց Աղվան Վարդանյանը: