կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 17:08
Առանց Կատեգորիա

ՀՅԴ պլատֆորմի շեշտադրումը մնում է Հայ դատը, Արցախի հիմնախնդիրը, ազգային արժեհամակարգի ամրապնդումը, սոցիալական արդարության հաստատումը

ՀՅԴ պլատֆորմի շեշտադրումը մնում է Հայ դատը, Արցախի հիմնախնդիրը, ազգային արժեհամակարգի ամրապնդումը, սոցիալական արդարության հաստատումը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Նա դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններում կրկին առաջադրվել է ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով՝ Տավուշի մարզում:  Yerkir.am-ը զրուցել է Սուրեն Մանուկյանի հետ նախընտրական պայքարի, առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին:

 - Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ԱԺ արտահերթ ընտրություններում որպես թեկնածու ՀՅԴ ցուցակով:

- Նախ  նշեմ, որ 2003 թվականից ՀՅԴ անդամ եմ և միշտ հավատարիմ եմ եղել նրա ծրագրին, որի նպատակը ժողովրդին ծառայելն է:

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Դաշնակցության նպատակը եղել է ու մնալու է իր որդեգրած ուղուն հավատարիմ լինելը, այն է` հավատարմություն հայոց պետականությանը, ժողովրդական կարգերին և հայրենիքի բարգավաճմանը, իսկ իմ նպատակը լինելու է բարձրացնել սահմանամերձ Տավուշի մարզի բնակչության խնդիրները խորհրդարանում, հուզող հարցերը և տալ հնարավոր լուծումներ: Հատկապես, որ միշտ հավատարիմ եմ եղել իմ կարգախոսին` «Ես ձեր ընկերն եմ»:

- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, դժվար կլինի ուժերի համար համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

- Նախորդ խորհրդարանում իմ գործունեությունը, որպես պատգամավոր,  կարող եմ պայմանականորեն բաժանել երկու մասի` նախահեղափոխական և հետհեղափոխական շրջանների: Երկու դեպքում էլ ես հավատարիմ եմ մնացել ժողովրդի ձայնին և արտահայտել եմ նրա կամքը խորհրդարանում, այս առիթով միշտ հասանելի է եղել իմ հեռախոսահամարը: Եվ դժվար է գտնել գոնե մեկին, որը կարող է հերքել այս պարզ ճշմարտությունը: Այս ամենը կարող է հիմք հանդիսանալ իմ ընտրողների համար, որ ես իրենց ձայնն եմ խորհրդարանում:

- Ի՞նչ նոր գաղափարներով եք գնում այս ընտրություններին, ո՞րն է լինելու ՀՅԴ պլատֆորմի գլխավոր շեշտադրումը:

- Դաշնակցության պլատֆորմի շեշտադրումը մնում է Հայ դատը, Արցախի հիմնախնդիրը, ազգային արժեհամակարգի ամրապնդումը, սոցիալական արդարության հաստատումը և այն, ինչ կուժեղացնի և կամրապնդի հայոց պետականությունը:

Ի՞նչ խնդիրներ ունի ձեր համայնքը, ու ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները :

- Փորձելու ենք Տավուշի մարզի ժողովրդին հուզող հարցերը բարձրացնել խորհրդարանում,  գտնել հնարավոր լուծումները, անհրաժեշտության դեպքում հարց բարձրացնել կառավարության առաջ և խորհրդարանի ուշադրությունը հրավիրել ժողովրդին հուզող խնդիրների վրա:

- Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ, ոչ թե շեշտը դնում են իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու վրա, այլ մյուս ուժերին սևացնելու, ասելու, որ` մրցակցիները «լավը» չեն,  մեզ ընտրեք: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

- Իմ քարոզարշավի ժամանակ մշտապես եղել եմ կոռեկտ, հեռու եմ եղել որևէ քաղաքական ուժի  «սևացնելու»  նպատակներից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ մեր հասցեին հնչած ոչ տեղին  խոսք և մեր դեմ ուղղված ցանկացած դրսևորում կստանա իր արժանի պատասխանը:

Մ. Մ.