կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 09:59
Հասարակություն

Ժողովրդագրական պատերազմներ. «168 ժամ»

Ժողովրդագրական պատերազմներ. «168 ժամ»

168.am-ը հրապարակել է Վահե Հայկունու հոդվածը, որն անդրադառնում է ժողովրդագրությանը, թեմայի վերաբերյալ միջազգային փորձին, դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացների առկայությանը և հարակից այլ հարցերի. հայտնում է Yerkir.am-ը:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ. 

««Ընտանիքի պլանավորում»

Գաղտնիք չէ, որ, թեև պատերազմ վարելու ժամանակակից շատ մեթոդներ մարդկությանը հայտնի են վաղ ժամանակներից, սակայն ներկայումս դրանք որակապես փոխվել և նոր դրսևորումներ են ստացել: Այսօր պարտություն կրած զորավարները կապիտուլյացիաներ չեն ստորագրում, իսկ նվաճված երկրները ռազմատուգանքներ չեն վճարում և չեն զիջում իրենց տարածքները հաղթողներին: Այս մեթոդները հնացել են, քանի որ դրանք պարտված ժողովուրդների մոտ բնական դիմադրություն են առաջ բերում: Եվ դրանից խուսափելու համար արվում է ամեն ինչ, որպեսզի հաղթված կողմը չզգա պարտության դառնությունը, և ավելին՝ պատրանք ունենա, որ ինքը շահել է: Այդ իսկ պատճառով, ժամանակակից պատերազմները հաճախ ուղեկցվում կամ ավարտվում են «թավշյա հեղափոխությամբ»: Նմանօրինակ վերջաբանի դեպքում պարտվածների ցնծացող ամբոխները լցվում են հրապարակները, գրկախառնվում են և դրոշներ ծածանում:

Իսկ թշնամու զինվորների փոխարեն՝ հաջորդ օրը հանդես են գալիս բազմաթիվ ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, որոնք կոչված են «օգնելու» այդ ժողովրդին՝ սկսել նոր և ազատ կյանք: Նմանօրինակ կազմակերպությունների միջոցով հաղթողները լուծում են, թերևս, ամենակարևոր՝ նվաճված երկրի կառավարման խնդիրը: Նրանք պարտվածներին թելադրում են այն աշխարհայացքը և հասարակական կացութաձևը, որն առավելագույնս հարմար է հաղթողին: Զուգահեռ՝ լուծվում են նաև ավելի նրբին խնդիրներ: Օրինակ, եթե հաղթողները, ելնելով իրենց չափանիշերից, գտնում են, որ այդ տարածքում բնակչությունը շատ է, ապա ընդունվում է որոշում այն կրճատելու մասին: Ընդ որում՝ չեն դիմում զանգվածային տեղահանումների և գնդակահարությունների: Ժողովրդագրական պատերազմ վարելու այժմյան մեթոդներն ուրիշ են: Շահավետ է, օրինակ, պայմաններ ստեղծել ծնունդների նվազեցման համար, որը շատ երկրներում հայտնի է «ընտանիքի պլանավորում» անվամբ:

* * *

1921 թվին ամերիկյան ֆեմինիստուհի Մարգարետ Սենգերը Սան Ֆրանցիսկոյում հիմնեց «Ծնունդների վերահսկողության ամերիկյան լիգան»: 1925թ. ֆինանսավորում ստանալով Ռոկֆելլերի հիմնադրամից, նա լիգան վերածում է հզոր, ազդեցիկ կազմակերպության: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ի հայտ եկան վտանգավոր նմանություններ Սենգերի քարոզած գաղափարների և նացիստների մտադրությունների միջև (մասնավորապես՝ եվգենիկայի և ռասայական խտրականության առումով): Ուստի, ֆեմինիստուհին իր լիգան վերանվանեց «Ընտանիքի պլանավորման միջազգային ասոցիացիա»: Պատերազմից հետո հիմնվեց »Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիան», որի նախագահ ընտրվեց Սենգերը: Զուգահեռ՝ հիմնվեցին նմանատիպ այլ կազմակերպություններ, որոնք ևս իրականացնում էին Սենգերի գաղափարները: Այդ կազմակերպություններում մշակվում և տարբեր պետությունների կրթական համակարգերի մեջ էին ներդրվում սեռական դաստիարակության համապատասխան ծրագրեր: Այդ ծրագրերով նախատեսվում էր վարկաբեկել ավանդական բարոյական արժեքները, թուլացնել ծնողների հեղինակությունը և նպաստել անչափահասների սեռական ազատությունների խրախուսմանը: Նրանցով քարոզվում էր «սեռական ամոթխածության նախապաշարումներից և արգելքներից երեխաների ազատումը»:

Մարգարետ Սենգերի գաղափարները համաճարակի պես տարածվեցին աշխարհով մեկ: Դրանք հրապուրեցին նաև ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը:

1974թ.-ին, պետքարտուղար Հենրի Քիսինջերի նախաձեռնությամբ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն ընդունեց NSSM-200 խորագրով գաղտնի որոշումը, որտեղ ներկայացված էր այդ երկրի ժողովրդագրական հայեցակարգը: Իր գաղափարական ուղղվածությամբ՝ հայեցակարգը շատ էր հիշեցնում Սենգերի գաղափարախոսությունը, սակայն կազմված էր մանրակրկիտ կերպով, և նրա հեղինակների աչքից ոչ մի մանրուք չէր վրիպել: Հայեցակարգում մասնավորապես նշվում է, որ «ԱՄՆ-ը գնալով կախվածության մեջ է ընկնում զարգացող երկրներից ներմուծվող օգտակար հանածոներից, և այս միտումը շարունակական է: Հետևաբար, ԱՄՆ-ը շահագրգռված է պահպանել քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությունը մատակարարող երկրներում»:

Առաջին հայացքից՝ ամեն ինչ ընդունելի է, սակայն սրան հետևում են որոշակի եզրահանգումներ. «Կրճատելով ծնունդները՝ հնարավորություն է ստեղծվում պահպանել վերը նշված կայունությունը… Ժողովրդագրության բնագավառում տարվող քաղաքականությունը մեծ դեր ունի ԱՄՆ տնտեսական շահերի պաշտպանման գործում… Բնակչության արագ աճը զարգացող երկրներում՝ մեծ վնաս է հասցնում դրանց ներքին կայունությանը և դրանով իսկ վտանգում ԱՄՆ ազգային անվտանգությունը… Նմանօրինակ ճգնաժամերն ավելի քիչ են հնարավոր բնակչության բացասական աճի դեպքում»:

Ծնունդների նվազումը նախատեսվում էր կատարել ընտանիքի պլանավորման ծառայությունների տարածման ճանապարհով: Դրանք կզբաղվեն հղիության կանխարգելման «էժան, արդյունավետ, անվտանգ և մատչելի մեթոդների քարոզչությամբ… Դա չափազանց կարևոր մոտեցում է ցանկացած ծրագրի համար, որն ուղղված կլինի վերահսկելու աշխարհի բնակչության աճը»,- խոստովանում էին հուշագրի հեղինակները:

Հուշագիրը գաղտնի էր, ուստի և կազմված էր առանց ավելորդ փարիսեցիության ու հնարավորինս անկեղծ: Օրինակ, հուշում են, թե ինչպես կարելի է խաբել և հիմարացնել իրենց որոգայթներում հայտնված ժողովուրդներին: «Տրամադրելով որոշակի տեսակի օգնություն մորն ու մանկանը, կամրապնդվի ընտանիքի պլանավորման գաղափարների նկատմամբ վստահությունը, քանի որ այդպես կցուցաբերվի մոր և մանկան առողջության նկատմամբ մեր հոգատարությունը և աչքի շատ չի խփի կանանց պտղաբերությամբ պայմանավորված մեր անհանգստությունը… Մենք պետք է հոգանք այն մասին, որ մեր գործունեությունը զարգացող երկրների կողմից չընկալվի՝ որպես զարգացած երկրի հատուկ քաղաքականություն, որն ուղղված է նրանց դեմ…»: Դրա համար փաստաթղթի հեղինակները կոչ են անում հենվել տեղի քաղաքական վերնախավի վրա՝ նրանց պետք է հաճախակի հրավիրել գրավիչ սեմինարների և ամեն կերպ սիրաշահել: Հուշագրի որոշ կետերի կնախանձեր անգամ դոկտոր Յոզեֆ Գեբելսը. «Հնարավոր է առավելագույնս նվազեցնել իմպերիալիստական շահախնդրության մեջ մեզ ուղղված մեղադրանքները, եթե անվերջ կրկնենք, որ մեր մշտական հոգածության առարկաներն են. ա) յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ ինքնակամ որոշելու իր երեխաների քանակը, բ) աղքատ երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը…»: Որպես հաջողության երաշխիք՝ խորհուրդ էր տրվում այս կամ այն երկրներին տրվելիք վարկերը կամ մարդասիրական օգնությունը պայմանավորել «ընտանիքի պլանավորման» նկատմամբ այդ երկրի իշխանությունների վերաբերմունքով:

Հուշագրում ներկայացված են ծրագրի հիմնական իրականացնողները: Դրանք են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի հիմնադրամներն ու զանազան գործակալությունները (UNESCO, UNICEF, ևն) ու վերը հիշատակված «Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիան»:

Միջազգային լայն աջակցություն ստանալու նպատակով, 1992 և 1994 թվականներին, Ռիո-դը-ժանեյրոյում և Կահիրեում կայացան ազգաբնակչության հարցերով մեծ խորհրդաժողովներ, որտեղ աշխարհի վզին փաթաթվեց, այսպես կոչված, «հաստատուն զարգացման» ծրագիրը: Իրականում, այդ ծրագրի շատ դրույթներ կրկնում էին Սենգերի գաղափարները և NSSM-200-ի հրահանգները: Կահիրեի խորհրդաժողովում ընդունված որոշումներում կան շատ գեղեցիկ բառեր առողջության և մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Բայց որպես դրանց հասնելու կոնկրետ միջոցներ՝ նախանշվում են նույն սեռական «լուսավորությունը» և հակաբեղմնավորիչների քարոզչությունը: Օրինակ, ծրագրի 11-րդ երաշխավորագրում ասված է. «Այն ժողովրդագրական նպատակները, որ իր առջև է դնում պետությունը, չեն կարող պարտադիր լինել ընտանիքի պլանավորման ծառայությունների աշխատողների համար»: Այլ խոսքերով, պետությանը խորհուրդ չի տրվում հակազդել ծնունդների նվազեցման քաղաքականությանը, այլապես, ինչպես արդեն գիտենք, չեն ստացվի համապատասխան վարկերը և մարդասիրական օգնությունները: Շատ հետաքրքիր է նաև 20-րդ երաշխավորագիրը. «Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությանը, ինչը, մասնավորապես, կհանգեցնի կեղծ ամոթխածության զգացումի վերացմանը»:

Հաստատված է, որ նշված մեթոդները ոչ միայն նվազեցնում են բնակչության թիվը, այլև բացասաբար են անդրադառնում հասարակության բարոյական նկարագրի և մտածելակերպի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն անչափահասները, որոնք դպրոցներում անցել են սեռական դաստիարակության վերոնշյալ դասընթացները, ավելի հակված են հարբեցողության ու թմրամոլության, նրանք ավելի հաճախ են կատարում օրինազանցումներ, նրանց մոտ անհամեմատ բարձր է արհեստական վիժումների և ՍՊԻԴ-ով ու այլ սեռական հիվանդություններով վարակվածների տոկոսը»: