կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 12:28
Հասարակություն

ԱՆ մասնագետը կմեկնի Թեհրան՝ Իրանից վերադարձող ուղևորների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով

ԱՆ մասնագետը կմեկնի Թեհրան՝ Իրանից վերադարձող ուղևորների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նախարարության մասնագետը կմեկնի Թեհրան՝ Իրանից վերադարձող ուղևորների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է

«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան:

Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Հայաստանին սահմանակից Իրանում պաշտոնական տվյալներով նոր անհայտ տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների 95 դեպք է հայտնաբերվել, որոնցից 16-ն ավարտվել է մահացությամբ: Երկրում վիրուսի տարածման ֆոնին՝ ՀՀ-ն ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին: