Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին: Ալիեւների այցն ուշագրավ էր ոչ միայն Վատիկանի հետ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ, այլեւ Մեհրիբան Ալիեւայի՝ Հռոմի պապի կողմից Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով պարգեւատրվելու հանգամանքով: Իսկ այդ բարձր պարգեւը շնորհվում է ընտրյալներին՝ եկեղեցու եւ հասարակության կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Եվ այս իրադարձությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայ-վատիկանյան հարաբերություններն անցած երկու տարիներին զարգացման որեւէ միտում չեն գրանցել, ավելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա այցի ընթացքում Հռոմի պապը նրան անգամ ընդունելության չարժանացրեց: Փոխարենը, իր այդ այցի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ «Վատիկանի պադվալների» մասին մի չմտածված հայտարարությամբ, որը Վատիկանին վիրավորող ենթատեքստ ուներ եւ ուղղված էր Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, որին հաջողվել է իր պաշտոնավարման օրոք այնքան ջերմացնել հայ-վատիկանյան հարաբերությունները, որ ամեն տարի Հռոմի պապի գլխավորությամբ մի նշանակալի իրադարձություն էր տեղի ունենում երկու պետությունների միջեւ, եւ Պապն անգամ Հայաստան այցելեց ու Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հանդես եկավ:
Հայկական դիվանագիտության այս ձախողումը, անկասկած, ծանր հարված է մեր երկրին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, ըստ ԱԳՆ կայքում եղած պաշտոնական տեղեկատվության՝ Միքայել Մինասյանն առաջին հայ դիվանագետն է, որին 2016թ. Հռոմի պապը շնորհել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշան՝ հայ-վատիկանյան հարաբերությունների զարգացման հարցում ունեցած ավանդի համար»: