Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր թաքցնում իր դժգոհությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից. «Ես ֆրուստրացիա չունեմ, ես անհամբեր եմ»: Բանն այն է, որ կանցլերն արդեն երկու տարի է՝ ջանասիրաբար «արմատախիլ է անում» Ֆրանսիայի նախագահի՝ եվրոպական ինտեգրմանը վերաբերող բոլոր առաջարկները՝ պաշտպանությունից ու բնապահպանությունից մինչև արհեստական ինտելեկտ ու գերատեսչական բարեփոխումներ:
«Ներկայումս, երբ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում աշխարհի մյուս երկրներից, իսկ Չինաստանը ցուցադրում է իր կոպիտ ուժը, ծերացող ու պահպանողական Գերմանիան պնդում է, որ իրեն լիովին բավարարում է ԵՄ-ն՝ ներկայիս տեսքով, այսինքն՝ ինչպես մեծ Շվեյցարիա: Այն հնարավորություն է տալիս Գերմանիային ապահովելու բյուջեի կայուն պրոֆիցիտ՝ շնորհիվ միասնական շուկայի ու եվրոյի, որը, սակայն, չի պատրաստվում կիսել երկրների հետ, որոնք տառապում են այդպիսի համակարգի պատճառով ձևավորված անհավասարակշռությունից: Բացի դրանից՝ եվրոպական տերության մասին ֆրանսիական երազանքը խորթ է նրան, քանի որ պատրաստ է բավարարվել ամերիկյան զինվորական հովանոցով՝ չնայած դրանում առաջացած անցքերին»,- ըստ yerkir.am-ի՝ գրում է ֆրանսիական Libération պարբերականը:
Թերթը նշում է, որ Ելիսեյան պալատում ընդունում են՝ Մերկելի Գերմանիան լիովին զուրկ է աշխարհառազմավարական մտածողությունից, ինչն անհնար է դարձնում «եվրոպական արկածի նոր դինամիկան»: Հարցը դարձյալ կքննակվի հինգշաբթի՝ արտահերթ նիստում 2021-2027 թթ. եվրոպական ֆինանսական ծրագրի քննարկման ժամանակ. փողերի մեջ լող տվող Բեռլինը ոչ միայն չի պատրաստվում ոչ մի եվրոյով ավելացնել «անդամավճարը», որպեսզի փոխհատուցի Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, այլև ցանկանում է հասնել առանց այդ էլ փոքր ընդհանուր բյուջեի (Եվրոպայի ՀՆԱ-ի 1 տոկոսից փոքր-ինչ ավելի) հերթական կրճատմանը (առաջինը՝ 2012-ին):
«Եթե փողը հնարավորություն է տալիս դատելու ծրագրերի մասին, ապա Գերմանիան ԵՄ-ի պահով ընդհանրապես չունի ծրագիր: Այդ փաստը տարիներ շարունակ կոծկում էին բրիտանական եվրաթերահավատությամբ, սակայն «Բրեքզիթ»-ը լույս կսփռի այդ ամենի վրա»,- նշում է ֆրանսիական թերթը:
Մերկելի դիմադրությունը փոփոխություններին, չնայած աշխարհի արագ զարգացմանը, շփոթություն է առաջացրել գերմանացի քրիստոնեա-դեմոկրատների շրջանում: «Ֆրանսիայի նախագահը առաջարկներ է անում, իսկ մենք շատ դանդաղ ենք պատասխանում դրանց»,- Մյունխենում ասել է Արմին Լաշետը, որը հնարավոր է փոխարինի Մերկելին:
Այնուամենայնիվ, ֆրանսիական թերթն ընդունում է, որ Եվրոպայում ծագող հիմնախնդիրների ամբողջ մեղքը Մերկելի վրա գցելն անարդարացի է: Իրականում, բացի Ֆրանսիայից, ԵՄ-ում չկա որևէ քաղաքական ուժ, որը կցանկանար եվրոպական տերություն կառուցել կամ գոնե պահպանել միությունը ներկայիս տեսքով: «Արևելյան և Հարավային Եվրոպաներին հետաքրքրում են միայն եվրոպական փողերը, հյուսիսին՝ մեծ շուկայի հնարավորություններն ու եվրոն: Սակայն հենց նկատեն, որ թերություններն ավելի շատ են, քան առավելությունները, անմիջապես դուրս կգան խաղից: Կարճ ասած՝ մեր առջև հարց է ծառացած՝ Եվրամիությունն ընդամենը 20-րդ դարի երկրորդ կեսի նախագի՞ծ էր: Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը հենց այդպես են կարծում»,- գրում է Libération-ը: